Հայերեն   English   Русский  

Իսպանիայի Վալենսիա քաղաքը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը


  
դիտումներ: 20090

Իսպանիայի Վալենսիա քաղաքի տեղական ինքնակառավարման խորհուրդը հունիսի 9-ին բանաձև է ընդունել, որով ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը։ Ինչպես հայտնում է tert.am-ը՝ հղում անելով Valencia Extra-ին, Վալենսիայի «Արարատ» հայկական միության բանաձևը քվեարկության էր ներկայացրել Բերտո Խարամիլոն:

Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի օգտին քվեարկել են «Կոմպրոմիս», «Վալենսիա էն Կոմուն» և «Սոցիալիստական» կուսակցությունները` դատապարտելով 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը և կոչ անելով Վալենսիայի խորհրդարանին, Իսպանիայի կառավարությանը, ինչպես նաև Թուրքիային՝ հետևել իրենց օրինակին։


Հիշեցնենք, որ օրեր առաջ Ցեղասպանության ճանաչման մասին բանաձև էր ընդունել իսպանական Սուեկա քաղաքը, որը ընդգրկված է Վալենսիա ինքնավար համայնքի կազմում: Ցեղասպանությունը ճանաչել են Իսպանիայի 5 ինքնավար մարզերը` Բասկյան երկիրը, Կատալոնիան, Բալեարյան կղզիները, Նավարան և Արագոնը, ինչպես նաև 24 քաղաքներ` Միսլատան, Բուրխասոտը, Բետերան, Չիրիվելյան, Մանիսեսը, Սիլյան, Ալդայան, Ալսիրան, Կարկախենտը, Էլդան, Ալակուասը, Պայպորտան, Ալիկանտեն, Տոռենտը, Սանտա Կոլոման, Պինտոն, Սանտա Մարգարիտան, Սան Սեբաստիանը, Պուենտե Խենիլը, Լա Ռոդա դե Անդալուսիա, Բենալմադենան, Մերիդա, Մալագան և Սաբադելը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: