Հայերեն   English   Русский  

​Մետրոպոլիտենի կիսատ կայարանների շինարարությունն ավարտին հասցնելու համար 50 միլիոն եվրոն էլ է բավարար. ճարտարապետ


  
դիտումներ: 1536

Մետրոպոլիտենի մեկ կայարանն իր բոլոր օժանդակ հարմարություններով կառուցելու դեպքում 150 միլիոն եվրո կպահանջվի, իսկ մայրաքաղաքի կիսատ կայարանների շինարարությունն ավարտին հասցնելու համար 50 միլիոն եվրոն էլ է բավարար, քանի որ այդ կիսատ կայարաններում շինարարական աշխատանքների մեծ մասը կատարված է: Աջափնյակում, օրինակ, մետրոյի կայարան կառուցելու համար 50 միլիոն եվրոն լիովին կբավականացնի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Երևանի նախկին գլխավոր ճարտարապետը:

Նրա խոսքով՝ խորհրդային տարիներին, երբ որոշվեց Երևանում կառուցել մետրոպոլիտեն, այն 47 կիլոմետր երկարություն և 36 կայարան պետք է ունենար, սակայն շահագործման հանձնվեց ընդամենը 12 կիլոմետր երկարությամբ և 10 կայարան ունեցող մետրոպոլիտեն:

Displaying MHM0114982.jpg

Ասուլիսի մյուս բանախոս, հրապարակախոս, տնտեսագետ Սուրեն Սարգսյանն ասաց, որ մայրաքաղաքում մետրոպոլիտենի վերջին կայարանը՝ «Զորավար Անդրանիկ»-ը, շահագործման է հանձնվել 1989 թվականին, իսկ 1996 թվականին էլ շահագործման է հանձնվել «Չարբախ» դեպոն, հետո շինարարական աշխատանքներ չեն իրականացվել: Սակայն խոսք էր գնում այն մասին, որ մինչև 2000 թվականը մետրոպոլիտենի կայարանների թիվը պետք է հասցվի 32-ի:

«Մետրոպոլիտենի կայարաններ կառուցելու համար ես առաջարկում եմ ստեղծել «Երևանյան մետրոպոլիտեն» հիմնադրամ, որտեղ ներդրումներ կկատարեն ինչպես պետությունը, այնպես էլ սփյուռքից՝ բարերարները: Այս հիմնադրամին գումարներ կգան սփյուռքից, եթե Աջափնյակի չգործարկված երկու կայարանները՝ Շառլ Ազնավուրի և Քըրք Քըրքորյանի անուններով անվանակոչվեն»,- ասաց Սուրեն Սարգսյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: