Հայերեն   English   Русский  

Իշխանաձոր համայնքում կառուցվում է ևս 11 առանձնատուն. համայնքի ղեկավար


  
դիտումներ: 1530

ԱՀ կառավարության և «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ Իշխանաձորում կառուցվում է ևս 11 առանձնատուն, որոնք տրվելու են բազմազավակ ընտանիքներին և վերաբնակիչներին:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Իշխանաձոր համայնքի ղեկավար Արսեն Թեյլունցը՝ ընդգծելով, որ գյուղում ապրում է մոտ 400 բնակիչ. ծնելիության թիվն աճում է և համայնքում արդեն ունեն 5 բազմազավակ ընտանիք, որոնք օգտվում են պետական նպաստներից:

Արսեն Թեյլունց

«Համայնքում գործում է դպրոց, որտեղ սովորում է մոտ 100 աշակերտ, որոնցից 60-ը՝ նախադպրոցական խմբերում: Ի դեպ, մոտ օրերս սկսվելու են դպրոցի վերանորոգման աշխատանքները: Հուրախություն բոլորիս՝ տարեցտարի ավելանում է դպրոց հաճախողների թիվը: Համայնքում ակնառու է վերաբնակիչների թվի աճը. նրանք հիմնականում Լիբանանից, Սիրիայից և Հայաստանի տարբեր մարզերից եկածներն են: Նշեմ նաև, որ օրերս «Թուֆենկյան» հիմնադրամի կողմից վերակառուցվել և շահագործման է հանձնվել սիրիահայ բժիշկ Հայկ Խաչատրյանի առանձնատունը,-ասել է Ա. Թեյլունցը և ավելացրել,- գյուղում գործում է բուժկետ և ունենք «ՈՒԱԶ» մակնիշի մեքենա: Գյուղն օգտվում է շուրջօրյա ջրամատակարարումից: Արցախի Հանրային հեռուսատատեսությունը և ինտերնետ կապըհասանելի են գյուղի բնակչությանը: Միջպետական և գյուղի ճանապարհների բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ են»:

Իշխանաձոր համայնքի ղեկավարի տեղեկացմամբ՝ բնակչության հիմնական զբաղմունքն անասնապահությունն ու գյուղատնտեսությունն է:

«Բնակչությունը կատարել է 1000 հա աշնանացան ցորեն, գարի, եգիպտացորեն. ակնկալում ենք ստանալ 30-40 ցենտներ բերք»,-հավելել է համայքի ղեկավարը:

Խոսելով գյուղում առկա խնդիրների մասին՝ Ա. Թեյլունցն նշել է, որ համայնքն ակումբի շենք չունի: Գյուղը գազաֆիկացված չէ: Փոքրիկ իշխանաձորցիները դեռևս մանկապարտեզի կարիք ունեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: