Հայերեն   English   Русский  

«ՀԺ». Պետոյանը Ծառուկյանից փախած է ման գալիս. Ծառուկյանը հետ է պահանջում իր 2 մլն դոլարը


  
դիտումներ: 2732

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի մարզի Արթիկ քաղաքից ստացված տեղեկության համաձայն՝ նախկին ԲՀԿ-ական եւ ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանը Արթիկից հարկադրված արտագաղթել է կամ փախել:

Ինչպես Արթիկում է շրջանառվում, պատճառը մի քանի տարվա պատմություն ունի: Բանն այն է, որ երբ Պետոյանը ԲՀԿ-ական էր եւ վայելում էր Գագիկ Ծառուկյանի բարձր հովանավորությունը, նրանից 2 միլիոն դոլար է վերցրել՝ Արթիկում ինչ-որ գործեր անելու համար, որպեսզի հաջորդ ընտրությունների ժամանակ արթիկցուց քվե խնդրելիս ցույց տա, որ իրենք արած գործեր ունեն:

Այս օրերին Արթիկում թիվ մեկ քննարկման եւ խոսակցության թեման այժմ սա է:

2015-ի փետրվարյան հայտնի դեպքերից հետո, երբ ՀՀԿ-ի էլիտան «որակազրկեց» ԲՀԿ-ին, Պետոյանը հայտնի ԲՀԿ-ականների հետ լքել էր սիրելի Ծառուկյանին, բայց մոռացել էր վերադարձնել պարտքով վերցրած 2 միլիոն դոլարը:

Այժմ Գագիկ Ծառուկյանը Պետոյանից ետ է պահանջում իր գումարները, սակայն, ինչպես արթիկցիներն են ասում, Պետոյանն ընդհատակ է անցել՝ Ծառուկյանից փախած է ման գալիս:

Արթիկից փոխանցված տեղեկության համաձայն, Պետոյանը փախել է Անապա, որտեղ հյուրանոց ունի եւ այժմ էլ ընթանում է վերջինիս շքեղ առանձնատան շինարարությունը: Սակայն, ինչպես Ծառուկյանի շրջապատի աղբյուրներն են պատմում, Գագիկ Ծառուկյանը խոստացել է Պետոյանին գտնել՝ թեկուզ գետնի տակից, եւ ետ վերցնել իր գումարները:

Կան տեղեկություններ, որ այժմ ծառուկյանականները գումարներ են ետ պահանջում անգամ Մուշեղ Պետոյանի համակիրներից եւ ընկերներից:

Armtimes.com-ը այս տեղեկությունների վերաբերյալ փորձեց պարզաբանում ստանալ Մուշեղ Պետոյանից, սակայն վերջինիս բոլոր հեռախոսահամարները անհասանելի են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: