Հայերեն   English   Русский  

Գյումրին արդեն ձնածածկ է


  
դիտումներ: 1026

Այսօր առավոտյան Գյումրիում տեղած առաջին առատ ձյունը, բայց բարեբախտություն գյումրեցիների, չնայած հաստ շերտին, ձյունն արագ հալվեց: Եղանակն արդեն բավական սառն է Գյումրիում, ուստի հալոցքի հետ մերկասառույց չգոյանալու դիմացն առնելու համար քաղաքապետարանի բնակկոմունալ բաժինը սկսել է աշխատել վաղ առավոտից:

Նույն բաժինը հայտնում է՝ քաղաքապետարանը պատրաստ է ձմռանը դեռ սեպտեմբեր ամսից: Կազմ ու պատրաստ կանգնած են տեխնիկաները՝ 3 ՙԳրեյդեր՚, 5 ջրցան մեքենա, որոնք մաքրելու են փողոցների ձյան շերտը, 4 տրակտոր, 5 ինքնաթափ մեքենաներ՝ աղ ու ավազ շաղ տալու համար: ՙՁեռք ենք բերել նաև մեկ ձյուն մաքրող, հավաքող-բարձող տեխնիկա, իսկ անհրաժեշտության դեպքում կարող ենք ավելացնել տրակտորների, ինքնաթափ մեքենաների քանակը՚, - ասում է բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը: Նրա փոխանցմամբ քաղաքապետարանը Ախուրյանի ճանշինի պահեստում կուտակել է մոտ 40 տոննա աղ և 100 մեքենա պեմզա:

Այսօրվա ձյունը հանկարծակիի չի բերել ոլորտի պատասխանատուներին, նրանք մաքրման աշխատանքները սկսել են գրեթե տեղումների ընթացքից: Քաղաքը ձնից մաքրվել է, սակայն պաշտոնյան ասում է, երբ ձյան տեղումներն սկսեն ավելի հաճախակի բնույթ կրել՝ ամեն ինչ այսքան հեշտ չի ստացվի: Սակայն նախորդ տարվա փորձը ցույց է տվել, որ եղած հնարավորություններով էլ կարելի է պայքարել: Մաքրման առաջին աշխատանքները կծավալվեն առավել բանուկ՝ կենտրոնական փողոցներում, իսկ երկրորդականները կսպասարկվեն հաջորդիվ. սա առատ ձյան պարագայում:

Գյումրիում ձյան մաքրման աշխատանքների ինչպես միշտ ամենամեծ դժվարությունը մաթերն են ստեղծում: ՙՆախորդ և նախանցած տարիներին մեզ չհաջողվեց մայթերը նորմալ մաքրել: Այս տարի պիտի կարողանանք ավելին անել: Այսօր էլ կարող եք տեսնել, որ մայթերի մաքրությունն ապահովում են փողոցները մաքրող մեր բանվորները՚, - ասում է Կնյազ Մանասյանը:

Գյումրին իր ձյուն մաքրող բարձող մեքենան օգտագործելու է հրապարակներում:

Բնակկոմունալ բաժնի պետն ասում է նաև ձնամաքրման աշխատանքները սպասված արդյունք են տալիս, երբ այն կատարվում է գիշերը կամ լուսադեմին. այսինքն, երբ փողոցներում գրեթե մեքենաներ չկան, տեխնիկան կարող է ազատ տեղաշարժվել, և կայանված մեքենաների տակ նույնպես հնարավոր կլինի մաքրել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: