Հայերեն   English   Русский  

Մինչ կհաշվեն կարկուտի պատճառած վնասը, ներկայացնում ենք հակակարկտային կայանների համար ծախսված գումարները


Հիմա գումարների մասին:


  
դիտումներ: 1373

ԱԻՆ Հիդրոմետ ծառայությանը պատկանող 234 հակակարկտային կայանքները ձեռք են բերվել.

Մինչ գերատեսչությունները կպարզեն՝ հերթական անգամ ինչքան վնաս է պատճառել կարկուտը գյուղացիական տնտեսություններին, Panorama.am-ը հրապարակում է տվյալներ, թե պետական բյուջեից ինչքան գումարներ են ծախսվել հակակարկտային կայանների ձեռք բերման համար:


Դրանք ի դեպ, վարչապետը նաև վերջերս հայտարարեց, որ արդյունավետ չեն, նույնիսկ անհասկանալի համարեց, ցածր արդյունավետությամբ հակակարկտային կայանների վրա գումարներ ծախսելը:

Դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող հայտարարություններ տարիներ շարունակ եղել են, սակայն անտեսվել են ու շարունակել պետական միջոցները ծախսել կայանների ձեռք բերման համար:

Հակակարկտային կայանների վերաբերյալ Panorama.am-ը մի քանի հարց է ուղղել կառավարությանը: Օրինակ հետաքրքրվել էինք, ո՞վ պետք է պատասխան տա բյուջեի միջոցները ոչ արդյունավետ ծախսելու համար կամ հնարավո՞ր է կառավարությունը դիմի իրավապահ մարմիններին հնարավոր մեղավորներին բահայտելու ու բյուջեի միջոցները վերականգնելու նպատակով: Մայիսի 22-ին ուղարկված հարցերին մինչ այս պահը պետական որևէ մարմին պատասխան չի տվել:

Օրինակ, «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը համարում է, որ տրամադրված գումարները ծախսվել են ոչ նպատակային, բայց համոզված է՝ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվի:

Արտակարգ իրավիճակների նախարարության՝ Panorama.am-ին տրամադրած տեղեկատվության համաձայն, Հայաստանում գործող գազագեներատորային հակակարկտային կայանքները առաջին անգամ ներդրվել են 2004 թվականին` ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ:

«Այն կարկուտի դեմ պայքարում աշխարհում կիրառվող մեթոդներից մեկն է և իրականացվում է Արգենտինայում, Բելգիայում, Բրազիլիայում, Ուրուգվայում, Բոլիվիայում ու մի շարք այլ պետություններում: Գազագեներատորային կայանքների արդյունավետությունը կարկտավտանգ թույլ երևույթների դեպքում գնահատվում է 90%, միջինի դեպքում` 55%, ուժեղ պրոցեսների դեպքում` շուրջ 10% , իսկ աղետալի պրոցեսի դեպքում` 0%»,-նշում են ԱԻՆ-ից:

Պետական այս մարմնից էլ խոստովանում են, որ ամենաարդյունավետ մեթոդը համարվում է ցանցային պաշտպանությունը, սակայն Հայաստանում մշակվող շուրջ 450 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածքների մեծ մասը ֆինանսական և տեխնիկական պատճառներով հնարավոր չէ ներառել ցանցային պաշտպանության տիրույթում:

Այժմ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ մշակում է հակակարկտային պաշտպանության փոխլրացնող համակարգ ստեղծելու ծրագիր: Նախատեսվում է ներկայիս գազագեներատորային կայաններից բացի ունենալ նաև հրթիռային և ցանցային պաշտպանության համակարգ: Ժամանակակից տեխնոլոգիաներով հակակարկտային հրթիռներն ունեն բարձր արդյունավետություն և այլևս չեն կրում անվտանգության այն ռիսկերը, որոնց պատճառով նախկինում վերապահումներ են եղել: Նախատեսվում է ընթացիկ տարում հրթիռային հակակարկտային պաշտպանության պիլոտային ծրագիր իրականացնել ՀՀ Արագածոտնի ու Լոռու մարզերում:

Այս տարվա մայիսի 20-ի դրությամբ Հայաստանի տարածքում տեղադրված են 542 հակակարկտային կայանքներ, որոնք տեղաբաշխված են Արմավիրի (207 կայանք), Արարատի (99 կայանք), Արագածոտնի (69 կայանք), Լոռու (40 կայանք), Շիրակի (87 կայանք), Տավուշի (13 կայանք), Կոտայքի (20 կայանք) և Վայոց Ձորի (7 կայանք) մարզերի 190 համայնքներում: Դրանց միջոցով պաշտպանության տակ է վերցված ՀՀ փաստացի մշակվող հողատարածքների մոտ 9.7%-ը` 43360.0 հա տարածք: Յուրաքանչյուր կայանքի պաշտպանող տարածքը կազմում է մոտ 80հա` տեղակայման վայրի շրջակայքում:

Հակակարկտային կայանքներից 49-ը սեփականության իրավունքով պատկանում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, 259-ը` համայնքներին և 234-ը` ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությանը:
Հանրապետության տարածքում առաջին հակակարկտային կայանքները ներկրվել են 2004թ. Արգենտինայից («SAPOI SA» ընկերությունից), իսկ հետագայում կայանքների արտադրությամբ սկսել են զբաղվել տեղական արտադրողները, մասնավորապես` Պոստ Լեքս Քոնսալթինգ ՍՊԸ-ն, Բարվա ՍՊԸ-ն և Լոկատոր ՓԲԸ-ն:

Հայաստանում «SAPOI SA» ընկերության կողմից արտադրված կայանքների թիվը կազմում է 30, Պոստ Լեքս Քոնսալթինգ ՍՊԸ- 124, Բարվա ՍՊԸ- 372 և Լոկատոր ՓԲԸ- 16 հատ:



2004թ. – 15 հատ` Գյուղատնտեսության նախարարությունը SAPOI SA ընկերությունից – մեկ միավորը 19 681 180 ՀՀ դրամ արժեքով, որոնք տեղակայվել են ՀՀ Արագածոտնի մարզում,

2005թ. - 15 հատ` Գյուղատնտեսության նախարարությունը SAPOI SA ընկերությունից – մեկ միավորը 12 449 540 ՀՀ դրամ արժեքով, որոնք տեղակայվել են ՀՀ Արմավիրի մարզում,

2010թ. – 12 հատ` Գյուղատնտեսության նախարարությունը Պոստ Լեքս Քոնսալթինգ ՍՊԸ-ից – մեկ միավորը 9 914 000 ՀՀ դրամ արժեքով, որոնք տեղակայվել են ՀՀ Արարատի մարզում,

2011թ. – 36 հատ` Գյուղատնտեսության նախարարությունը Պոստ Լեքս Քոնսալթինգ ՍՊԸ-ից - մեկ միավորը 8 593 000 ՀՀ դրամ արժեքով, որոնք տեղակայվել են ՀՀ Արարատի մարզում,

- 40 հատ` Գյուղատնտեսության նախարարությունը Պոստ Լեքս Քոնսալթինգ ՍՊԸ-ից – մեկ միավորը 8 586 001 ՀՀ դրամ արժեքով, որոնք տեղակայվել են ՀՀ Արմավիրի մարզում,

- 1 հատ` Պոստ Լեքս Քոնսալթինգ ՍՊԸ-ի կողմից նվիրատվություն - 5 976 000 ՀՀ դրամ արժեքով, որը տեղակայվել է ՀՀ Լոռու մարզում,

2012թ. - 13հատ` ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը Պոստ Լեքս Քոնսալթինգ ՍՊԸ-ից – մեկ միավորը 6 337 255 ՀՀ դրամ արժեքով, որոնք տեղակայվել են ՀՀ Արմավիրի մարզում,

- 16 հատ` ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը Պոստ Լեքս Քոնսալթինգ ՍՊԸ-ից – մեկ միավորը 6 337 255 ՀՀ դրամ արժեքով, որոնք տեղակայվել են ՀՀ Արագածոտնի մարզում,

-6 հատ` ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը Պոստ Լեքս Քոնսալթինգ ՍՊԸ-ից – մեկ միավորը 6 337 255 ՀՀ դրամ արժեքով, որոնք տեղակայվել են ՀՀ Լոռու մարզում,

2014թ. - 50 հատ` ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը Բարվա ՍՊԸ-ից – մեկ միավորը 3 500 000 ՀՀ դրամ արժեքով, որոնք տեղակայվել են ՀՀ Արմավիրի մարզում,

-18 հատ` ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը Բարվա ՍՊԸ-ից – մեկ միավորը 3 500 000 ՀՀ դրամ արժեքով, որոնք տեղակայվել են ՀՀ Արարատի մարզում,

-7 հատ` ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը Բարվա ՍՊԸ-ից – մեկ միավորը 3 500 000 ՀՀ դրամ արժեքով, որոնք տեղակայվել են ՀՀ Արագածոտնի մարզում,

-5 հատ` ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը Բարվա ՍՊԸ-ից – մեկ միավորը 3 500 000 ՀՀ դրամ արժեքով, որոնք տեղակայվել են ՀՀ Լոռու մարզում:

Նախարարությունից նաև հայտնեցին, որ 2014թ.-ից հանրապետության տարածքում տեղադրված համայնքներին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող բոլոր հակակարկտային կայանքների կառավարումն իրականացվում է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կողմից:

Միաժամանակ հայտնում են, որ ՀՀ ԱԻՆ-ը չի տիրապետում համայնքներին, ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող կայանքների ձեռք բերման արժեքների և ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ տեղեկատվությանը:

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: