Հայերեն   English   Русский  

«Ոսկե ծիրանն» այս տարի առանձնապես հարուստ կլինի արտամրցութային ֆիլմերով


  
դիտումներ: 11808

«Ոսկե ծիրանի» արտամրցութային ծրագրերի շրջանակներում այս տարի կներկայացվեն Կաննի, Բեռլինի և Վենետիկի միջազգային կինոփառատոների մրցանակակիր ֆիլմերը:

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը նշեց, որ այս տարի այդ ծրագրերն առանձնապես հարուստ են: Արտամրցութային ծրագրերում ընդհանուր առմամբ կցուցադրվեն ավելի քան 70 ֆիլմ:

Երևանյան պրեմիերաներ բաժնում կներկայացվեն միջազգային փառատոնների դափնեկիրներ, այդ թվում՝ Լավ Դիասի «Հեռացած կինը»(Վենետիկի կինոփառատոնի Ոսկե առյուծ), Իլդիկո Էնյեդի «Մարմնի և հոգու մասին»( ( Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ»)( Ի դեպ, ռեժիսորն անձամբ ներկա է լինելու)), ինչպես նաև «Արծաթ արջի» արժանացած, մեծ աղմուկ հանած Ակի Կաուրիսմյակիի «Հույիս անդին» կինոնկարը: Այս ծրագրում կներկայացվեն նաև Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու» արժանացած Քառակուսին կինոնկարը: Կինոսերները առաջին անգամ հնարավորություն կստանան դիտելու Ֆաթիհ Աքինի «Անէությունից», Դասիու Մալտայի «Հավանացի կատուն» և այլ ֆիլմեր:

«Հայեր՝ հայացք ներսից և դրսից» բաժնում այս տարի ներառված է 36 ֆիլմ. «Այս բաժնի հանդեպ հետաքրքրությունը գնալով աճում է։ Հետաքրքիր է, որ երբեմն օտարազգիների ֆիլմերի միջոցով մենք բացահայտում ենք ինքներս մեզ: Կցուցադրվեն Հայոց ցեղասպանության, Արցախյան հիմնախնդրի, ապրիլյան քառօրյա պատերազմի մասին պատմող ֆիլմեր»,- տեղեկացրեց բաժնի համակարգող Անի Հակոբյան

Հետահայաց ցուցադրությունների ծրագիրը կներկայացնի հայտնի բրիտանացի ռեժիսոր Հյու Հադսոնի ֆիլմերի ընտրանին, ով նաև այս տարվա Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահն է: Կներկայացվեն նրա՝ Հրե անվակառքեր, Հեղափոխություն և Ալտամիրա ֆիլմերը:

Հարգանքի տուրք կմատուցվի ֆրանսիացի ազդեցիկ ռեժիսոր Ժան-Պիեռ Մելվիլի հարյուրամյա հոբելյանի կապակցությամբ: Կցուցադրվի ռեժիսորի ֆիլմերի ընտրանին:

Կցուցադրվի նաև Անջեյ Վայդայի վերջին ֆիլմը:

Միքայել Ստամբոլցյանը պատմեց, որ վաղուց էին ցանկանում հյուրընկալել ռեժիսորին Երևանում փառատոնի շրջանակներում: Նախնական պայմանավորվածություններ արդեն կային, երբ բժշկի ցուցումով Վայդային արգելվեց ինքնաթիռով ճանապարհորդել:

Լեհական կինոյի մեծ վարպետն անցած տարի 90 տարեկանում հեռացավ կյանքից: «Հետպատկերներ» ֆիլմի ցուցադրությունով հարգանքի տուրք կմատուցվի նրա հիշատակին: Հատուկ մրցանակը կհանձնվի Լեհաստանի դեսպանին, որը կհանձնի այն ռեժիսորի ընտանիքին:

Ֆրունզե Դովլաթյանի 90-րդ, Յուրի Երզնկյանի 95-րդ և Սերգեյ Իսրաելյանի 80-րդ հոբելյանների կապակցությամբ կցուցադրվեն ռեժիսորների մասին կենսագրական ֆիլմեր:

Ստամբոլցյանն ընդգծեց, որ փառատոնի նկատմամբ հետաքրքրությունը ոչ միայն չի նվազում, այլև աճում է: Անցյալ տարի 40 հազար մարդ է դիտել ֆիլմ «Ոսկե ծիրանի» շրջանակներում, ինչը բավականին ծանրակշիռ թիվ է հեղինակավոր կինոփառատոնների համար:

Միքայել Ստամբոլցյանը կեսկատակ հավելեց, որ քանի որ 2018-ին «Ոսկե ծիրանը» հոբելյանական է լինելու, իրենց բոլոր նորույթները թողել են հաջորդ տարվան, իսկ այս տարի փառատոնը բավականին ավանդական է լինելու:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: