Հայերեն   English   Русский  

​Ցավազրկող մթերքներ


  
դիտումներ: 878

Ցավն օրգանիզմի ազդանշանն է: Ցավը հուշում է, որ ինչ-որ բան, ինչ որ տեղ այնպես չէ: Երբեմն այն սուր է լինում ու արագ էլ անցնում է, սակայն շատ հաճախ մարդիկ տանջվում են տևական, քրոնիկ ռևմատիկ ցավերից կամ, օրինակ, միգրենից:

Առաջին քայլը, որ ցավի դեպքում անում ենք, դրանից դեղամիջոցի օգնությամբ ազատվելու փորձն ու ցանկությունն է: Սակայն քչերը գիտեն, որ դեղամիջոցներից բացի, ցավազրկող ազդեցությամբ օժտված են որոշ մթերքներ:

Բալ կամ կեռաս

Կարևոր է, որ բալը կամ կեռասը մուգ գույնի լինեն: Արժեքավոր է հենց այդ պիգմենտը, որը սպազմոլիտիկ ազդեցություն է թողնում: Խորհուրդ է տրվում այս մրգերն օգտագործել հոդացավերի, մարսողական խանգարումների ու բորբոքումների դեպքում:

Պղպեղային անանուխ

Այս բույսի պարունակած մենթոլը սպազմոլիտիկ ազդեցություն է գործում մկանների վրա: Գլխացավերի դեպքում խորհուրդ է տրվում մերսել գլուխը անանուխի մի քանի կաթիլ յուղով:

Բնական յոգուրտ

Օգնում է մեղմելու մարսողական տրակտում առաջացած ցավերը: Յոգուրտի բաղադրած կաթնաթթվային բակտերիաները բարերար ազդեցություն են թողնում աղիքային տրակտի վրա:

Քրքում

Քրքումի փոշին հակաբորբոքային հզոր ազդեցությամբ համեմունք է և ուտեստները վառ դեղնավուն երանգով է ներկում:

Թահին

Այո, թահինն արդեն մեզ լավ ծանոթ է սիրիահայերի խոհանոցի շնորհիվ: Թահինն աղացած քնջութից պատրաստված մածուկ է, որով համեմում են ուտեստները (ծանոթ ենք հումուսից): Թահինի մեջ մեծ քանակությամբ կալցիում ու մագնեզիում է պարունակվում, դրանք անփոխարինելի են մկանային, հենաշարժողական ապարատի ցավերի ժամանակ:

Հալվե

Արդեն անունը բերում է մի շարք դեպքերի դարմանման հիշողություններ ու ոչ միայն մաշկային խնդիրների: Հալվեն լավ միջոց է համարվում նաև ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների, բորբոքումների ու ցավերի դեպքում:

Կոճապղպեղ

Բուսական աշխարհի ասպիրին են անվանում կոճապղպեղը: Այն հենաշարժողական ապարատի ցավերի դեպքում հակաբորբոքային ազդեցություն է թողնում: Կարելի է կոճապղպեղը տրորել ու ստացված մածուկը դնել ախտահարված տեղին: Օգնում է պայքարելու շնչուղիների վարակների դեմ, իսկ հղիներին՝ ազատվելու առավոտյան սրտխառնուքից:

Ծովաձուկ

Հարուստ են օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք բարելավում են արյան շրջանառությունն ու նպաստում սրտի աշխատանքի կարգավորմանը:

Կծու տաքդեղ

Չիլին կապսաիցին ալկալոիդ է պարունակում. դա այն նյութն է, որը հաճախ կիրառվում է որպես ցավազրկող: Արագ տարածվում է մարմնով մեկ, հասնում ցավի օջախին ու «վնասազերծում» այն: Տաքդեղի թուրմը խորհուրդ է տրվում մեջքի կամ հոդերի ցավերի դեպքում: Պետք է զգույշ լինել, քանի որ տաքդեղը կարող է նաև վնասել լորձաթաղանթները:

Մի մոռացեք բնական միջոցների մասին: Առողջ եղեք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: