Հայերեն   English   Русский  

Ստեփանավանը՝ զբոսաշրջության կենտրոն դառնալու ճանապարհին


  
դիտումներ: 10616

Կրոնական և պատմամշակութային տուրերում բավական շատ է ընդգրկված նաև Լոռու մարզը, ինչը հիմնականում պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված Հաղպատի և Սանահինի վանական համալիրներով: Արկածային և հետիոտն զբոսաշրջության տեսակների մեջ նույնպես գերակշռում է Լոռին, դա էլ հավանաբար պայմանավորված է Լոռու մարզի ռելիեֆի բազմազանությամբ:

Հանրապետության այլ մարզերի հետ համեմատած՝ Լոռու մրցունակությունը պայմանավորված է նաև գտնվելու վայրի ընդգծված առավելությամբ՝ ցամաքային անցակետ դեպի Վրաստան և սևծովյան տարածաշրջան: Բացի այդ, Լոռին եզակի զբոսաշրջային արդյունք առաջարկելու զգալի ներուժ ունի շնորհիվ իր կլիմայական պայմանների, առանձնահատուկ խոհանոցի և բնական ռեսուրսների:

Լոռու գողտրիկ բնակավայրերից է Ստեփանավանը, որ առողջարանային կենտրոն լինելուց զատ նաև զբոսաշրջային քաղաք է:

Քաղաքի մեղմ, չափավոր կլիման, զով օդը, սառնորակ ու հանքային աղբյուրները, Ձորագետի կիրճը, կանաչապատ սարալանջերն ու սոճու անտառները հրաշալի պայմաններ են ընձեռում հատկապես էկոտուրիզմի զարգացման համար: Դրան նպաստում է նաև զբոսաշրջիկների կողմից բարձր գնահատվող բնական, թարմ ու առողջ բնամթերքի առկայությունը, ինչպես նաև մի շարք պատմամշակութային կառույցների ու տեսարժան վայրերի առկայությունը, ինչպիսիք են Լոռի միջնադարյան բերդաքաղաքը, դամբարանադաշտը, մի շարք հին ու նոր եկեղեցիներ, մատուռներ, ինչպես նաև Ստեփանավանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող բուսաբանական այգին, որը հայտնի է «Դենդրոպարկ» անունով:

Այսօր հայ և այլազգի շատ զբոսաշրջիկներ են նախընտրում իրենց հանգիստն այստեղ անցկացնել, որտեղ ձմեռը ձնառատ է, ամառը` զով, արևոտ օրերով: 1988 թ. երկրաշարժի հետևանքով իր երբեմնի առողջարանային նշանակությունը կորցրած Ստեփանավանում վերջին տարիներին նշանակալի աշխատանքներ են իրականացվել, մեծացել է զբոսաշրջիկների հոսքը:

Այսօր Ջերմուկից, Դիլիջանից և Ծաղկաձորից հետո առողջարանային և զբոսաշրջային բավական հետաքրքիր արդյունք է ներկայացնում Ստեփանավան քաղաքը: Նորակառույց հանգստյան տները, հյուրանոցներն ու ժամանցի կազմակերպման այլ օջախները ապահովում են Ստեփանավան ժամանած զբոսաշրջիկների լիարժեք հանգիստը: Բացի այդ, տարածաշրջանը հարուստ է հանքային ջրերով, տորֆի և այլ բուժիչ ցեխերով, կլիմայաբուժության համար բարենպաստ պայմաններով և տեղամասերով, ինչպես նաև պատմամշակութային, հնագիտական հուշարձաններով:

2008-ից գործում է Զբոսաշրջության ինֆո կենտրոնը, որը ևս նպաստում է զբոսաշրջության զարգացմանը: Առաջիկայում էլ նախատեսվում է անտառամերձ գոտում 5 հա տարածության վրա կառուցել մարզական համալիր: Բազմաթիվ տուրիստներ իրենց հանգիստը գերադասում են անցկացնել նաև առանձնատներում, ուստի կառուցվում ու շահագործման են հանձնվում նաև մասնավոր հյուրատներ. փաստորեն, զարգանում է նաև տնտեսությունը, ավելանում է զբաղվածությունը:

Ստեփանավան համայնքում տեղական տնտեսական զարգացման գործընթացը սկսվել է 2013-ից, բացահայտվել են համայնքի տեղական տնտեսության հիմնական մրցակցային առավելությունները և ախտորոշվել տնտեսության առաջատար ճյուղերը, որոնց հիման վրա վեր են հանվել տնտեսության զարգացման համար արմատական նշանակություն ունեցող նախաձեռնություններ:

«Մեզ համար առաջնահերթ է նախ և առաջ քաղաքի զբոսաշրջային ավանդույթները և նախկին տեսքը վերադարձնելու խնդիրը: Խորհրդային Միության տարիներին Ստեփանավանը եղել է զբոսաշրջության և առողջապահության կարևոր և առանցքային կենտրոններից մեկը Հայաստանում: Առանց չափազանցելու կարող եմ հավաստիացնել, որ այդ տարիներին տարածաշրջանում ամենից շատ զբոսաշրջային երթուղիներն անցել են հենց Ստեփանավանով: Շեշտադրվում է նաև էկոտուրիզմի զարգացման խթանումը, քանզի Ստեփանավանը հայտնի է իր հրաշք բնությամբ: Էկոտուրիզմի նկատմամբ արտասահմանյան գործարարները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում: Համագործակցություն է ծավալվում Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան մարմինների հետ՝ քաղաքում զբոսաշրջության զարգացման խթանմանն ուղղված ծրագերի իրականացման շրջանակներում»,- մեզ հետ զրույցում նշեց Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը:

Նրա տեղեկացմամբ՝ ֆրանսիացի գործարարների հետ համատեղ քաղաքում իրականացվել են ծրագրեր GPS երթուղայինների ներդրման ուղղությամբ: Այժմ նույն ծրագրով նախատեսված պատրաստվում են համապատասխան մասնագետներ, գիդեր, որոնք կկարողանան բարձր մակարդակով համապատասխան ծառայություններ մատուցել արտասահմանից ժամանած զբոսաշրջիկներին: Սեպտեմբերին ֆրանսիական զբոսաշրջային օպերատորների հետ կկնքվեն անհրաժեշտ պայմանագրերը, իսկ հաջորդ տարվանից արդեն ծրագիրը կսկսի գործել:

Քաղաքապետը նշեց նաև, որ Սպիտակի երկրաշարժի հետևանքով վթարային աստիճան ձեռք բերած շենքերի վերականգնման, բարեկարգման ակտիվ շինարարական ծրագրեր են իրականացվում: «Աշխատանքի արդյունքերը պետք է տեսանելի լինեն, որպեսզի մարդիկ հետաքրքրվածություն և շահագրգռություն ունենան քաղաքում կատարվող բարեփոխումների հանդեպ: Իսկ աշխատանքներ տարվում են մշտապես՝ ըստ նախնական մշակված ծրագրերի: Բոլոր գործողությունները կանոնակարգված են և վերահսկվում են»,- ասաց նա:

Նշենք, որ Ստեփանավան քաղաքում բացվել է «Քարահունջ» սրճարան-գրախանութը: Նախաձեռնության հեղինակը Khorozyan International ընկերությունն է, որը Ստեփանավանն ընտրել է զարգացման գոտի և զբոսաշրջային գրավիչ վայր դարձնելու համար: Երևանից 131 կմ և Վրաստանից 15 կմ հեռավորության վրա գտնվող այս վայրում գործող կենտրոնը դառնալու է Հայաստանի այցեքարտը: Սրճարան-գրախանութում ներկայացվող գրքերը, ուտեստները, ըմպելիքները, միջոցառումները, հանդիպումները ի ցույց են դնում Հայաստանի կենցաղը, մշակույթը, պատմությունն ու ներկան:

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: