Հայերեն   English   Русский  

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում փոփոխություններ են տեղի ունեցել


  
դիտումներ: 253

Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը նշանակվել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղար,

և լիելու է միջազգային կառույցների հետ կապի առաջին պաշտոնյան: Ֆեդերացիայում նշանակվել է երկու փոխնախագահ` Արսեն Բադալյանը` որպես հունահռոմեական ոճի համակարգող և Ռոբերտ Խաչատրյանը` որպես ազատ ոճի ըմբշամարտի պատասխանատու, փոխնախագահ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը:

Լևոն Ջուլֆալակյանը շարունակելու է գլխավորել Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականը: Հավաքականի մարզչի պաշտոնակատարն այս պահին Հաբեթնակ Կուրղինյանն է, ով եղել է հավաքականի մարզչական շտաբում:

Անդրադառնալով Արմեն Մկրտչյանի հրաժարականին՝ Կարեն Գիլոյանը ներկայացրեց նրա անձնական դիմումը, որում նշված էր, որ աղջկա հիվանդության պատճառով է հրաժարվում հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից:

«Արմեն Մկրտչյանը վատ չաշխատեց, Եվրոպայի առաջնությունից երեկ էլ Հայաստանը երեք բրոնզե մեդալ է բերել: Շնորհակալ ենք նրան աշխատանքի համար»,- ասաց Կարեն Գիլոյանը: Ապա վերջինս փարատեց բոլոր կասկածները, և հայտնեց, որ Միհրան Հարությունյանը որևէ կապ չունի կրակոցների միջադեպի հետ:

«Ռուսական կայքերը գրեցին, թե իբր Օլիմպիական խաղերի մեր արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը ինչ-որ կրակոցների հետ կապված միջադեպի մասնակից է եղել: Եվ ես, և Արսեն Բադալյանը, և Սամվել Գևորգյանը զրուցել ենք Միհրան Հարությունյանի հետ, նա բացարձակ որևէ առնչություն չունի այդ միջադեպի հետ: Միակ առնչությունն այն է, որ նրա ավտոմեքենան այդ ավտոսպասարկման կետում է եղել և, երբ ոստիկանները եկել են միջադեպի մասնակիցներին ձերբակալելու, ստուգել են կայանված մեքենաները, որոնցից մեկը Միհրան Հարությունյանինն է եղել»,- ասաց Կարեն Գիլոյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: