Հայերեն   English   Русский  

​Նշանակվել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպանը


  
դիտումներ: 316

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշանակել է Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության նոր դեսպանին: Այդ պաշտոնը կզբաղեցնի Ալեքսեյ Երխովը: Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը, այս մասին նշված է Ռուսաստանի տեղեկատվության պաշտոնական պորտալում տեղ գտած փաստաթղթում:

«Նշանակել Երխով Վլադիմիրի Ալեքսեյին Թուրքիայի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության լիազոր դեսպան»,- մասնավորապես նշված է փաստաթղթում:

Ալեքսեյ Երխովն ավելի վաղ զբաղեցրել է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսի պաշտոնը, իսկ ներկայումս զբաղեցնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման վարչության պետի պաշտոնը:

Թուրքիայում ՌԴ նախկին դեսպանի վրա զինված հարձակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ի երեկոյան Անկարայում «Ռուսաստանը՝ թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսի բացման ժամանակ: Մարդասպանը մի քանի անգամ կրակել էր Կառլովի մեջքին, ինչի արդյունքում էլ ստացված վնասվածքները մահացու են եղել: Ոստիկանական գործողության արդյունքում մարդասպանը՝ 1994 թվականին Թուրքիայի Այդըն նահանգի Սյոքե շրջանում ծնված Մևլութ Մերթ Ալթընթաշը, սպանվել էր: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պատահարն ահաբեկչություն էր անվանել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: