Հայերեն   English   Русский  

Արցախից Երևան է տեղափոխվել ևս մեկ վիրավոր զինծառայող. նրա կյանքին վտանգ է սպառնում


  
դիտումներ: 4054

Այսօր, Ստեփանակերտից Երևանի ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել հունիսի 17-ին Արցախում գլխի հրազենային թափանցող վիրավորում ստացած ևս մեկ զինծառայող՝1997 թ-ին ծնված, ժամկետային Յուրի Զաքարյանը:

Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին, զինվորական հոսպիտալում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինհոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գայանե Հովհաննիսյանը:

«Վիճակը ծայրահեղ ծանր է, գիտակցությունը բացակայում է, արհեստական շնչառության ապարատին է միացված: Հեմոդինամիկան կայուն է: Երեւանում հետազոտությունից հետո այս պահին վիրահատության խնդիր չկա»,-ասաց նա՝ հավելելով, որ նրան Ստեփանակերտի հիվանդանոցում վիրահատել են՝ հետատոման են հեռացրել:

Գայանե Հովհաննիսյանը նշել է, որ նա ականապայթյունային վիրավորում է ստացել:

Ճշտող հարցին՝ արդյոք զինծառայողի կյանքին վտանգ է սպառնում, Գայանե Հովհաննիսյանը դրական պատասխան է տվել։

Գայանե Հովհաննիսյանը հիշեցրել է, որ եւս երկու վիրավոր զինծառայողներ Արցախից Երեւան էին տեղափոխվել հունիսի 17-ին: Նա մանրամասնել է, որ 2-ի վիճակը կայուն է, գտնվում են հսկողության ներքո:

«1997թ.-ին ծնված Արմեն Վարդանյանը ականի պայթյունից գլխի շրջանում է վիրավորում ստացել: Գիտակցությունը տեղն է, նա գիտակցություն է ունեցել նաեւ տեղափոխման օրը, ինքնուրույն շնչում է, կոնտակտի մեջ է մտնում: Այս պահին վիրահատության կարիք չկա։ Նույն օրը մեկ այլ զինծառայող՝ աչքի շրջանում վիրավորում ստացած, Մալայան կենտրոնում վիրահատության էր ենթարկվել»,-ընդգծել է նա:

Գայանե Հովհաննիսյանը նշեց, որ վիրավորներից երկուսի Ստեփանակերտում են վիրահատել, Երեւանում վիրահատելու կարիքը չի եղել՝ հավելելով, որ այլ վիրավորներ չկան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: