Հայերեն   English   Русский  

Հրապարակվել է Քրիս Քորնելի վերջին՝ «The Promise» երգի տեսահոլովակը


  
դիտումներ: 19798

Երեկ՝ հունիսի 20-ին Քրիս Քորնելի YouTube-ի պաշտոնական էջում հասանելի է դարձել նրա «The Promise» երգի տեսահոլովակը:

Քորնելը երգը գրել էր Հայոց ցեղասպանության մասին պատմող համանուն «Խոստումը» պատմական դրամայի համար:

Պաշտոնական տեսահոլովակի համար Քորնելը, ռեժիսորներ Ստեֆան Սմիթը և Մելերթ Ավիսը, ինչպես նաև Ֆիլմի պրոդյուսեր ցանկացել էին ընդլայնել գաղափարը՝ և´ աշխարհագրական, և´ ժամանակագրական առումներով՝ ցույց տալով իրական տեսարաններ պատերազմներից մազապուրծ եղած փախստականների կյանքից և արյունախեղդ եղած Լիբիայի, Սիրիայից…

Ֆիլմը ստեղծելիս Ավիսը ուղարկում էր այդ կադրերը Քորնելին և սպասում նրա արձագանքին: Չնայած թեմայի ծանրությանը, երաժիշտը ցանկանում էր ավելի լավատեսական շեշտադրում կատարել:

«Շատ դժվար էր այդ կտորները իրար միացնելը: Հաճախ մարդիկ, որոնք դիտում էին տեսանյութը պարզապես լաց էին լինում կամ լռում երկար ժամանակ»,- պատմել է Ավիսը RollingStone-ին:

Այն ժամանակ նա գաղափար անգամ չուներ, որ սա կլինի Քորնելի վերջին տեսահոլովակը և կհրապարակվի երաժշտի մահից մեկ ամիս անց:

Սակայն ռեժիսորն հիմա ուրախ է, որ մարդիկ կծանոթանան Քորնելի քիչ հայտնի՝ մարդասեր կողմին այս տեսանյութի շնորհիվ, որ նկարահանվել է Բրուքլինում մարտ ամսին:

Քրիս Քորնել

«Նա միշտ ուզում էր իմանալ, թե այլ մարդիկ ինչպես են ապրում , ինչ են զգում: Քրիսը միշտ հարցնում էր, թե ինչով կարող է օգնել ինձ իմ՝ շահույթ չհետապնդող ծրագրերում»,- պատմում է ֆիլմի պրոդյուսեր և Քորնելի մոտ ընկեր Էրիկ Իսրայելյանը:

«Ես միշտ ինքս ինձ հարցնում էի՝ որքանով եմ ես մոտ այս պատմությանը և որքանով եմ հեռու դրանից: Իմ կինը հույն է, նրա ընտանիքը փախչելով է փրկվել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանությունից, որի զոհերը ոչ միայն հայեր էին, այլև հույներ և ասորիներ:

Ֆիլմը հնարավորություն է տալիս պատմելու մի պատմություն, որը լսելու կարիք կա, որը տեղի է ունեցել որոշակի ժամանակում և տարածքում , բայց նաև հիշեցնում է այն մասին, թե այսօր ինչ է կատարվում: Նույն պատմությունը կատարվում է Սիրիայում այսօր: Մենք չպետք է մոռանանք անցյալը և կենտրոնացնենք մեր ուշադրությունը նման վայրերի վրա: Այս հակամարտությունն այսօր էլ կա, քանի որ ժխտումը շարունակվում է: Մի գիշեր, երբ ես հատկապես պարանոիկի նման սարսափած էի այն ապագայից, որ կարող լինել, խոսեցի Էրիկի հետ՝ ինչպես հայրը հոր հետ: Ես մտածեցի՝ իսկ եթե դա ես լինեի, մի օր մեկը կոտրեր իմ տան դուռն առավոտյանը ժամը չորսին և բաժաներ ինձ իմ ընտանիքից, եթե նրանք տանեին իմ երեխաներին հեռու և ընտանիքը զրկվեր հորից: Հայոց ցեղասպանության մասին խոսել, նշանակում է ցույց տալ, որ որքան կարևոր են նման պատմությունները, որքան արժեքավոր են մարդկանց կյանքերը: Մենք ուզում ենք ցույց տալ, որ այն ինչ այսօր կատարվում է Սիրիայում կարևոր է, որ դա նույնպես արյունարբու ցեղասպանություն է: Հուսով եմ՝ ապագայում միջազգային հանրությունը կղեկավարվի ոչ թե նյութական շահի սկզբունքով, այլ մարդասիրական: Պետք է գլոբալ կենտրոնացում լինի այն գաղափարի վրա, որ մարդիկ պետք է հոգ տանեն մարդկանց մասին»,- հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր Քորնելը:

Տեսահոլովակի համար Հայոց ցեղասպանությունը դառնում է խորհրդանիշ, խոշորացույց, որով տեսանելի են դառնում ժամանակակից ողբերգությունները. «Քրիսը ցանկանում էր համադրել սարսափ առաջացնող տեսարանները այն հույսի, լավատեսության և վերապրելու գաղափարների հետ, որոնք առկա են իր երգում»,- ասում է Իսրայելյանը:

Չնայած ծանր թեմային, տեսահոլովակի հեղինակները նշում են, ֆիլմը ստեղծելիս Քորնելի տրամադրությունը բարձր էր և ոչինչ չէր կանխորոշում գալիք կորուստը. «Նա երջանիկ էր, մեծ կրքով նվիրված աշխատանքին և ստեղծարար էր, ինչպես միշտ»,- ասում է Իսրայելյանը:

Քրիս Քորնել

«Մի օր նա ինձ պատմում էր, թե ինչ երջանիկ էր , որ կարողացել է փախչել աշխատանքից և մաքրել տան դիմացի ձյունը: Ես պարզապես գաղափար չունեի ՝ ինչ է նա զգում, ոչ մի նշան չկար, որ նա այդ քայլին կդիմի: Տխրության նշույլ անգամ չկար, այլ ճիշտ հակառակը: Նա երգ էր գրել ցավին դիմանալու, համառ լինելու, վերապրելու և ծաղկելու մասին… նա ուզում էր այդ գաղափարնեը տարածել աշխարհում,-ասում է Ավիսը:

«Հույս ունեմ՝ այս տեսահոլովակը ավելի լայն համատեքստ կտա նրա մահվան ողբերգությանը: Հուսով եմ՝ մենք կարողացել ենք ստեղծել մի բան, որի նպատակը տեսանելի է: Քրիս Քորնելը նպատակ ուներ, իսկ դա կորցնելը սարսափելի բան է»,- նշում է Իսրայելյանը:

Նշենք, որ տեսանյութում օգտագործվել են նաև հայ ֆոտոլրագրող Նազիկ Արմենակյանի նկարները:

Մահվանից մի ամիս առաջ Քրիս Քորնելն ու իր կինը այցելել էին սիրիացի փախստականների ճամբար Հունաստանում: Քորնելը նաև ղեկավարում էր բարեգործական ընկերություն, որի նպատակն էր օգնելու ռիսկային խմբերում ապրող երեխաներին:

Քրիս Քորնելի ցանկությամբ The Promise երգի տեսահոլովակը հրապարակվել է հունիսի 20-ին՝ Փախստականների համաշխարհային օրը:

Ռոքի վերջին շարժումը համարվող գրանժի առաջնորդ Քրիս Քորնելը ինքնասպանություն է գործել մայիսի 18-ին՝ Դեթրոյթում տեղի ունեցած համերգից անմիջապես հետո: Նա 52 տարեկան էր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: