Հայերեն   English   Русский  

​Բուհ կընդունվեն գոնե 2-րդ փորձից դրական գնահատական ստացած բոլոր դիմորդները


  
դիտումներ: 18145

Այս տարի բարձրագույն ուսումնական հաստատությունների 19 հազարից ավելի (1641 անվճար և մոտ 18 հազար վճարովի) տեղերի համար միասնական քննությունների առաջին փուլում պայքարում է ընդամենը 9737 դիմորդ: Նախորդ տարվա համեմատությամբ դիմորդների թիվը նվազել է 1500-ով:

Ճիշտ է, դեռևս առջևում ընդունելության երկրորդ փուլն է, երբ բուհեր կդիմեն բանակից նոր զորացրվածները, արտերկրի դպրոցների և քոլեջների շրջանավարտները, սակայն ակնհայտ է՝ բուհերում մեծ թվով թափուր տեղեր են մնալու: Բուհ ընդունվողների պակասը մեղմելու համար անգամ քննությունը երկրորդ անգամ հանձնելու հնարավորություն տրվեց անբավարար ստացած դիմորդներին: Այսինքն` նրանք, ովքեր գոնե 2-րդ փորձից 7,5 միավոր կստանան, կկարողանան որևէ բուհ ընդունվել:

Բուհերում դիմորդների պակասի ճգնաժամը, սակայն, առավել զգալի կլինի հաջորդ տարի: 2006-ին դպրոց ընդունվածների սերունդը երկու խմբի բաժանվեց․ մի մասը սովորեց 11-ամյա կրթակարգով, մյուս ավելի փոքր մասը՝ 12-ամյա: Եվ ահա հաջորդ տարի դպրոցը կավարտեն 12-ամյա դպրոցի առաջին շրջանավարտները, որոնց թիվն այս տարվա շրջանավարտներից պակաս կլինի մի քանի անգամ:

Հետևաբար, նույնքան պակաս կլինի և բուհերի դիմորդների թիվը, ու անգամ կրկնակի քննություն հանձնելու հնարավորությունը խնդիրը չի մեղմի գրեթե ամբողջությամբ ուսանողական վարձավճարներից կախված բուհերի համար: Եթե, իհարկե, հայաստանյան բուհերը չկարողանան միջազգային ուսանողների ներգրավել կամ ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներ գտնել:

Անդրադառնալով այս տարվա միասնական քննություններին՝ ասենք, որ ինչպես միշտ, առավելագույն թվով դիմորդներ եղել են «Հայոց լեզու և գրականություն» առարկայից՝ 5191 դիմորդ, ամենաքիչը՝ համաշխարհային պատմություն՝ 88 դիմորդ, չհաշված իտալերեն, պարսկերեն, իսպաներեն առարկաները, որոնց համար սովորաբար դիմում է մեկ կամ երկու հոգի:

Բուհերն ամենից շատ դիմորդներ ունեն Երևանից՝ 3101, ամենից քիչ` Վայոց Ձորից՝ 243:

«Համաշխարհային պատմություն» առարկայի քննությանը գրանցված դիմորդներից մասնակցել են 73-ը: Միջին միավորը կազմել է 14: Առարկայից անբավարար է ստացել 5 դիմորդ՝ 6,8 տոկոսը, 7,5-13 միավոր է ստացել 28 տոկոսը, 13-18 միավոր՝ 33 տոկոսը, 18-20 միավոր՝ 32 տոկոսը: 20 միավոր է ստացել 1 հոգի:

Նախորդ տարի այս առարկայի միջին միավորը 14.25 էր, անբավարար է ստացել դիմորդների 9.38 տոկոսը, 20 էր ստացել 3 դիմորդ:

249 դիմորդ մասնակցել է «Աշխարհագրության» քննությանը: Առարկայի միջին միավորը 12,41 է կազմել, անբավարար է ստացել 42 դիմորդ՝ 16,8 տոկոսը, 7,5-18 միավոր է հավաքել դիմորդների 65 տոկոսը, 18-20 միավոր՝ 16 տոկոսը, 20 միավոր ստացել է 4 դիմորդ:

Նախորդ տարի «Աշխարհագրության» միջին միավորը 13.67 էր, անբավարար էր ստացել դիմորդների 9.49 տոկոսը, իսկ 20 էր ստացել 5 դիմորդ:

«Կենսաբանություն» առարկայի քննությանը մասնակցել է 1054 հոգի, միջին միավորը եղել է 13,8, անբավարար է ստացել 150 դիմորդ՝ 14,23 տոկոսը, 7,5-13 միավոր է ստացել 5 տոկոսը, 13-18 միավոր՝ 30 տոկոսը, 18-ից բարձր՝ 29 տոկոսը, որոնցից 20 ստացածների թիվը 58 է:

Անցած տարի կենսաբանության միջին գնահատականը 13.3 էր, կտրվել է 16.43 տոկոսը: Իսկ 77 դիմորդ ստացել էր 20 միավոր:

«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությանը մասնակցած 5011 դիմորդներից առավելագույն 20 միավոր է ստացել 52 դիմորդ: Առարկայի միջին միավորը կազմել է 13.1: Անբավարար է ստացել 9 տոկոսը, իսկ 80 տոկոսը եղել է միջին միավորների սահմաններում՝ 7.5-16:

2016-ին «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միջին գնահատականը 13.88 էր: Անբավարար էր ստացել քննություն հանձնողների 7.7 տոկոսը, իսկ առավելագույն՝ 20 միավոր՝ 92 դիմորդ:

«Ֆիզիկա» առարկայից միասնական քննությանը մասնակցել է 1452 դիմորդ: Միջին միավորը կազմել է 12,3: Այս առարկայից դրական շեմը չի հաղթահարել դիմորդների 21 տոկոսը, իսկ առավելագույն՝ 20 միավոր հավաքել է 28 դիմորդ:

Անցած տարի Ֆիզիկայի միջին գնահատականը 11,79 էր, անբավարար էր ստացել դիմորդների 20,89 տոկոսը, իսկ առավելագույն բալեր հավաքել էին դիմորդներից 41-ը: Բնագիտական առարկաներից անբավարարների մեծ տոկոսը սովորական երևույթ է, որը չնչին տատանումներով դրսևորվում է վերջին տարիներին:

Սովորության համաձայն՝ շատ են բարձր գնահատականներն օտար լեզվից: Անգլերենի քննությանը մասնակցած 3892 դիմորդներից 20 միավոր ստացել են 229-ը, անբավարար՝ 8 տոկոսը, իսկ միջին միավորը կազմել է 14,6:

Ֆրանսերենի քննությանը մասնակցել է 125 դիմորդ, միջին միավորը կազմել է 15, անբավարար է ստացել դիմորդների 4 տոկոսը:

Գերմաներենի քննությանը մասնակցած 113 դիմորդներից անբավարար է ստացել 3,8 տոկոսը, միջին միավորը եղել է 15,5: Ֆրանսերեն ու գերմաներեն լեզուներից 20 միավոր ստացել են 6-ական դիմորդներ:

2016-ին անգլերենի միջին միավորը 14,8 էր, ֆրանսերենինը՝ 15,99, գերմաներենինը՝ 15,35:

«Մաթեմատիկա» առարկայի քննությանը մասնակցած 4225 դիմորդների 11,8 տոկոսն անբավարար է ստացել: Առարկայի միջին միավորը կազմել է 11,5: Դիմորդների 60 տոկոսը ստացել է 7,5-13 միավոր: 20 միավոր ստացել է ընդամենը 40 դիմորդ:

Նախորդ տարի մաթեմատիկայի միջին գնահատականը 11.76 էր: Կտրվել էր դիմորդների 13.4 տոկոսը: Առավելագույն գնահատական` 20 միավոր էր ստացել ընդամենը 31 դիմորդ:

Դեռևս հրապարակված չեն քիմիայի, հայոց պատմության, ռուսերենի գնահատականները: Սակայն այս և նախորդ տարվա արդյունքների համեմատությունը թույլ է տալիս ենթադրել, որ անակնկալներ չեն սպասվում նաև այս առարկաներից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: