Հայերեն   English   Русский  

​Հայ հասարակությունը պետք է հստակ իմանա ու հասկանա խաղաղության գինը


  
դիտումներ: 12474

Վերջին շրջանում Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակի, միջադեպերի և առհասարակ քաղաքական ու ոչ միայն քաղաքական լուծումների մասին «Անկախը» զրուցել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանի հետ:

- Պարո՛ն Մինասյան, վերջին օրերին սահմանային լարվածությունը նորից ավելացել է, նորից զոհեր ունեցանք: Ձեր դիտարկմամբ՝ ներկայում ի՞նչ վիճակ է տիրում առաջնագծում ու ի՞նչ վտանգներով է հղի ստեղծված իրավիճակը:

- Մի կողմից՝ ադրբեջանցիք դժգոհ են և չեն կարող համակերպվել ձևավորված ստատուս քվոյի հետ: Այն, ինչ որ նրանք անում էին մինչ ապրիլյան պատերազմը, իրենց առջև դրված խնդիրը՝ անընդհատ կորուստներ պատճառելով՝ հայ հասարակությանը ստիպել գնալ միակողմանի զիջումների, չէր լուծում: Հետևաբար, ապրիլին նրանք փորձեցին ռազմական ճանապարհով իրավիճակ փոխել: Հաջողվեց, թե ոչ՝ տարբեր կերպ կարելի է գնահատել: Կարծում եմ, որ երկարաժամկետ հեռանկարում ավելի բարդ իրավիճակ ստեղծվեց Ադրբեջանի համար: Որովհետև եթե նրանց նպատակը լայնամասշտաբ պատերազմով Արցախի ամբողջ տարածքը գրավելն էր, ապա ապրիլից հետո դա ավելի քիչ հավանական է, քան մինչ ապրիլն էր: Այն, ինչ տեղի է ունենում վերջին օրերին, կարող է պատահականության հետ կապված ինչ-որ բան լինել: Բայց խնդիրը խորքային է և այն է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ մի կողմից և Ադրբեջանի հասարակությունը՝ մյուս կողմից, քանի դեռ հույս ունեն, որ ուժային ճնշմամբ, կորուստներ պատճառելով՝ կարող են ստիպել հայկական կողմին գնալ զիջումների և այդպիսով ինչ-որ բանի հասնել քաղաքական դաշտում, նրանք դա անելու են:

- Այսինքն՝ ադրբեջանական կողմի գործողությունների տրամաբանությունը ո՞րն է, ինչի՞ են ուզում նրանք հասնել առաջնագծում մշտապես լարվածություն ստեղծելով:

- Նրանք հույս ունեն և համոզված են, որ հայկական կողմը թույլ է, իրենք առավելություն ունեն, այդ առավելությունը կարող են օգտագործել, ու որ մի քիչ էլ ճնշեն՝ հնարավոր է, որ ինչ-որ բանի հասնեն՝ հայերը գնան միակողմանի զիջումների: Եվ դրան զուգահեռ կա նաև այն լրացնող կոմպոնենտը, որ այդ լարվածությամբ Ադրբեջանը փորձում է ճնշել միջազգային հանրությանը, որը կարող է իր հերթին, օրինակ, ճնշում գործադրել հայկական կողմի վրա, և մենք ստիպված լինենք գնալու միակողմանի զիջումների:

- Հայկական կողը հիմա չի կարող փոխել Ադրբեջանի գործողությունների տրամաբանությունը կամ տրամադրվածությունը: Ի՞նչ պետք է անենք այդ դեպքում, որպեսզի ադրբեջանական կողմը ձեռնպահ մնա սադրանքներից առաջնագծում:

- Ես չգիտեմ՝ չե՞նք կարող, թե՞ չենք ցանկանում, թե՞ պահանջ չկա, թե՞ համակերպվել ենք իրականության հետ և մտածում ենք, որ չարիքի փոքրագույնը սա է, այսպես պետք է դիմանանք: Ինձ համար պարզ է, որ պատասխան հարվածներով, մարդկային կորուստներ պատճառելով ադրբեջանական կողմին՝ հարցը չի լուծվում, որովհետև ադրբեջանական հասարակությունն ավելի քիչ զգայուն է մարդկային կորուստների նկատմամբ: Դա տարբեր պատճառներ ունի՝ սկսած մշակութայինից և վերջացրած քաղաքական ռեժիմի բնույթից, մամուլի ազատությունից, հասարակական և տեղեկատվական դաշտում գրաքննության առկայությունից և այլն: Հետևաբար, հայկական կողմի պատասխանը պետք է լինի այնպիսին, որ Ադրբեջանը հասկանա՝ իր գործողությունները քաղաքական գին ունեն: Այսինքն՝ քաղաքական իմաստ ունեցող կորուստներ պետք է արժենա Ադրբեջանի համար իր յուրաքանչյուր քայլը, իսկ այդպիսի կորուստները պետք է լինեն տարածքային կորուստներ: Տարածքային ասելով՝ ես նկատի չունեմ, թե եթե նրանք կրակեցին դիպուկահարներից կամ մենք ունեցանք երեք զինվորի կորուստ՝ պիտի գնանք ու հասնենք Կուր: Ո՛չ: Գլխավոր խնդիրը, որ մենք չլուծեցինք ապրիլյան պատերազմից հետո, այն էր, որ ադրբեջանցիք թեկուզ մեկ քառակուսի մետր հող վերցրեցին, և դա դրդելու է, որ նրանք տեսանելի ապագայում շարունակեն և պահպանեն այդ լարվածության վիճակը: Իլհամ Ալիևի և Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար այս պահին միակ տեսանելի և լուրջ քաղաքական կորուստը կարող է լինել տարածքի կորուստը: Այդ կորուստը կարող են լինել ինչպես այն տարածքները, որ մենք կորցրեցինք ապրիլին, այնպես էլ, եթե ինչ-որ էսկալացիա լինի, մեկ-երկու կամ մի քանի զգայուն դիրքերի գրավումը՝ սար, բլուր կամ նմանատիպ այլ տարածք: Դա կարող է կորուստների աստիճանը որակապես փոխել Իլհամ Ալիևի համար: Այսինքն՝ դա կարող է նրանց համար քաղաքական կորստի իմաստ ստեղծել: Հայկական կողմը պետք է պատրաստ լինի նմանատիպ գործողությունների:

- Ի՞նչ է ենթադրում այդ պատրաստ լինելը:

- Որոշ չափով փորձել տակտիկական մակարդակով որոշումներ ընդունել և նաև ռազմավարական առումով աշխատել նրա վրա, որ ադրբեջանական կողմի ինչ-որ նմանատիպ էսկալացիայի դեպքում պատրաստ լինենք բավականին լուրջ հակազդման: Այդ հակազդումը կարող է ներառել ոչ մասշտաբային, բայց գոնե մի քանի կարևոր դիրքերի գրավում:

- Դուք էլ նշեցիք, որ առաջնագծում անգամ մեկ հոգու կորուստը մեզ համար բավականին ցավոտ է, մեր հասարակությունը բավականին ծանր է տանում դա: Ձեր մատնանշած քայլերի դեպքում տեսականորեն բացառված չէ, որ կարող են մարդկային կորուստները շատ լինել: Մյուս կողմից, սակայն, քանի դեռ ցածր մակարդակում ադրբեջանական սադրանքներին հակաքայլ, հակամիջոց չենք գտել, այդպիսի ցավալի կորուստները, որ ունենում ենք, միշտ են լինելու: Այսինքն՝ մարդկային կորուստներից խուսափել հնարավոր չէ: Ի՞նչ պետք է հասկանա մեր հասարակությունը, ի՞նչ իրականություն ընդունի և ինչի՞ հետ չհամակերպվի:

- Առաջին հերթին դա պահանջում է բավականին լուրջ ռազմավարական, գիտական, փորձագիտական քննարկում: Իհարկե, շատ ցինիկ բան եմ ասում, մարդկային կյանքերի մասին ենք խոսում: Բայց պետք է քննարկել, ուսումնասիրել, վերլուծել ու հասկանալ: Հասկանանք, որ եթե գումարում ես ամենօրյա կորուստների թիվը և վերջում ստանում ես մի թիվ, ու եթե հաշվում ես ինչ-որ միջին օպերացիայի իրականացման դեպքում հնարավոր կորուստները, ապա պետք է համեմատես, թե որն է ավելի ընդունելի… Արդյոք իմ ասած տարբերակն իսկապես լուրջ հոգեբանական ազդեցություն կթողնի՞ ադրբեջանական կողմի վրա, թե՞ կհանգեցնի լարվածության նոր աստիճանի: Բայց գոնե փորձագիտական քննարկում թեկուզ նեղ մասնագիտական օղակներում պետք է լինի: Եվ նաև կառույցներում նրանք, ովքեր դրա համար պատասխանատու են, պետք է պատասխանատվություն ստանձնեն ու նման ուղղությամբ փորձեն քննարկել, ներկայացնել ինչ-որ առաջարկներ, որովհետև մենք փակուղում ենք, որը միայն մեծացնում է և՛ պատերազմի, և՛ խաղաղության գինը:

- Ինչի՞ պետք է պատրաստ լինի հայ հասարակությունը նման պայմաններում:

- Հասարակությունն առաջին հերթին ոչ միայն պետք է պատրաստ լինի ռազմական լուծմանը, այլև հասկանա կոնֆլիկտի գինը: Հետևաբար, պետք է քննարկում լինի: Խորհրդարանական վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ ընդհանուր առմամբ հայ հասարակությունը պատրաստ է կրել պատերազմի գինը: Որովհետև մի ուժի առաջարկած մոտեցումն ու խաղաղության գինը, թե քանի ուշ չի, տարածքներ հանձնենք ու ինչ-որ բան պոկենք, տեսանք, որ հասարակության շրջանում աջակցություն չգտավ: Բայց դրա հետ մեկտեղ ստատուս քվոյի, այս լարվածության պահպանումը բարդացնում է իրավիճակը: Նույնիսկ եթե որոշենք, որ շարունակելու ենք այս ռազմավարությունը՝ գոնե պետք է իմանանք դրա գինը, հասարակությունը պետք է գիտակցի այդ գինը: Հասարակությունը պետք է իմանա, որ ստատուս քվոյի գինը սա է: Ես հիմա չեմ կարող ասել, թե դա փորձագիտական և քաղաքական քննարկումների արդյունքում պարզ կդառնա, օրինակ՝ ստատուս քվոյի դեպքում դու ունես այս իրավիճակը, ստատուս քվոյի փոփոխության դեպքում կունենաս սա, կկորցնես սա, բանակցային գործընթացում զիջումների գնալու դեպքում կստանաս սա ու կկորցնես սա, կունենաս այս վտանգները: Այնպես չէ, որ նման բաղադրատոմս կա ու ես կարող եմ հենց հիմա ասել, որ օրինակ՝ վաղը ժամը 5-ին այս, այս քայլերը եթե անենք, այս գյուղը կվերցնենք, կկորցնենք 3 զինվոր, իրենք կկորցնեն 15 զինվոր, դրանից հետո բոլորը երջանիկ կլինեն ու ադրբեջանցիք այլևս չեն կրակի: Ո՛չ: Միայն կարող եմ առաջարկել, որ փորձագիտական ու քաղաքացիական հասարակության մակարդակով քննարկում ու վերլուծություններ սկսվեն՝ հույս ունենալով, որ և՛ քաղաքական ուժերի, և՛ որոշումներ ընդունողների մակարդակով նաև այդպիսի քննարկումներ սկսելու դրական արձագանք կլինի:

- Դուք առաջ եք քաշել որոշակի կոնցեպցիա Ձեր «Զսպումը Ղարաբաղյան հակամարտությունում» աշխատության մեջ: Ի՞նչ է դա ենթադրում:

- Ադրբեջանի՝ թվային և ռեսուրսային առավելություն ունենալու պայմաններում զսպել նրան լայնամասշտաբ պատերազմի կամ նույնիսկ լուրջ էսկալացիայի գնալու ձգտումներից: Այսինքն՝ ստեղծել այնպիսի իրավիճակ, որ Ադրբեջանը հասկանա՝ եթե սկսի ռազմական գործողություններ, ենթադրյալ կորուստներն իր համար և՛ ավելի թանկ և՛ ավելի շատ կլինեն, քան յուրաքանչյուր ենթադրյալ ձեռքբերում, որին նա տեսականորեն կարող է հասնել այդ պատերազմի արդյունքում: Իհարկե դա շատ լուրջ թեմա է՝ զսպումը որպես գիտություն, տեսություն, պրակտիկա և ռազմավարություն բավականին ակտիվ օգտագործվել է միջազգային պրակտիկայում: Խոսքը և՛ միջուկային, և՛ սովորական սպառազինություններով ու այլ եղանակներով զսպման մասին է: Իմ նպատակն էր դա մտցնել մասնագիտական դիսկուրսի, իսկ հետո նաև ավելի լայն քննարկումների տիրույթ:

- Այսինքն՝ ի՞նչ եք առաջարկում այդ կոնցեպցիայով, ի՞նչ քայլեր են ենթադրվում:

- Դա ենթադրում է և՛ ռազմավարության մշակում, օրինակ՝ որոշ արձագանքի ձևեր, և՛ զինատեսակների զարգացում, և՛ նաև մի քանի օպցիաներ, որոնք կարող են կիրառվել տարբեր իրավիճակներում: Օրինակ՝ եթե Ադրբեջանը ուզում է գնալ լայնամասշտաբ պատերազմի, ուրեմն մենք պետք է այլ ձևով արձագանքենք: Եթե սահմանային միջադեպերի է գնում, ուրեմն զսպման այլ միջոցներ պետք է օգտագործվեն: Իսկանդերներով չես կարող ազդել դիպուկահարների վրա, բայց եթե չունենաս իսկանդերներ, ամենայն հավանականությամբ կունենաս ոչ միայն դիպուկահարների խնդիր… Կարող են լինել տարբեր ռազմավարություններ: Բայց առաջին հերթին պահանջվում է հասկանալ, թե ինչ է նշանակում զսպումը: Այսինքն՝ հայկական կողմն է նախաձեռնությունը վերցնում կամ հակառակորդին զրկում նախաձեռնությունից: Ներկա պայմաններում Ադրբեջանն այդ էսկալացիայի դոմինանտության հնարավորությունն ունի: Այսինքն՝ ինքն է որոշում, թե երբ, որտեղ, ինչպես, ինչ աստիճանի, ինչ զինատեսակներով գնա էսկալացիայի, ու մենք միայն պատասխանում ենք: Մենք պետք է ստեղծենք մի իրավիճակ, որ Ադրբեջանն այդ դոմինանտությունից զրկվի: Այսինքն՝ ոչ թե ինքը տեղի, ժամանակի և էսկալացիայի աստիճանն ընտրի, այլ հասկանա, որ հայկական կողմը նույնպես կարող է դա անել, և հերթական անգամ չգնա այդ էսկալացիային: Կամ հստակ պետք է լինի, որ եթե անգամ գնացել է էսկալացիայի, ուրեմն մենք կորոշենք այդ էսկալացիայի մակարդակն ու շարունակվել-չշարունակվելը: Այսինքն՝ մենք ուզում ենք գնալ լայնամասշտաբ պատերազմի՞, թե՞ ուզում ենք ամենացածր մակարդակում զսպել հետագա լարումն ու խաղաղություն պարտադրել: Դա շատ նուրբ հարց է: Կարելի է ասել, որ քաղաքական և անվտանգության մակարդակներում ուսումնասիրությունն ամենաբարդ թեման է համաշխարհային պրակտիկայում, բայց նաև հիմքն է մնացած ամեն ինչի, որովհետև խոսքն այն մասին է, թե մենք ինչքանով կարող ենք օգտվել և օգտագործել քաղաքական գործոնները ռազմական միջոցներով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: