Հայերեն   English   Русский  

Ոչ ոք չէր հավատում menu.am-ը կհաջողվի


  
դիտումներ: 20195

Հայկական ամենահաջողակ ընկերություններից մեկը ամսական մոտ 1 մլն դոլարի ուտելիք է վաճառում և ամեն օր անցնում է մոտ մեկ հասարակած ճանապարհ:

Menu.am-ը ներկայացնելիս՝ վաղուց արդեն բացատրելու կարիք չկա, թե ինչ ընկերություն է, ինչով է զբաղվում և ինչպես է զբաղվում: Այս անունը հայտնի է որպես ռեստորանային սննդի պատվիրման առաջատար համակարգ և ճանաչված է ոչ միայն Հայաստանում, այլև հարևան Վրաստանում ու Բելառուսում՝ menu.ge և www.menu.by անուններով: Երեք համակարգերի սեփականատերը հայկական Menu Group-ն է: Menu.am առցանց նախագիծը ստեղծվել է 2012 թ. հոկտեմբերի 15-ին և այսօր արդեն համախմբում է շուրջ 1000 ռեստորան, սրճարան և մասնագիտացված խանութ, որտեղից հաճախորդները կարող են 24 ժամ առաքվում պատվիրել:

«2010-12 թվականներին, երբ դեռ աշխատում էի «Սթար» սուպերմարկետների ցանցի գործադիր տնօրեն, ուշադիր հետևում էի էլեկտրոնային կոմերցիայի մասին նորություններին, uber-ի, amazon-ի և այլ ընկերությունների առաջընթացին, և դա ինձ շատ հրապուրիչ էր թվում: Երբ որոշեցի դուրս գալ «Սթարից», ապագա աշխատանքի մի քանի ընտրություն ունեի՝ բարձր վարձատրությամբ մի քանի ղեկավար աշխատանք Հայաստանում և Հայաստանից դուրս, ինչպես նաև սեփական գործը սկսել՝ ավանդական կամ նորարարական ոլորտներում: Կարճ ժամանակ մտածելուց հետո որոշեցի ընկերոջս հետ ստեղծել էլեկտրոնային կոմերցիայով զբաղվող ընկերություն: Մենք նպատակ ունեինք մի քանի ոլորտներում նախագծեր իրագործել: Ընկերս հուշեց, որ Ռուսաստանում հայերը ստեղծել են ռեստորաններից ուտելիք պատվիրելու համակարգ, իսկ քանի որ ինքս հաճախակի պատվիրող էի ու գիտեի գործնական բոլոր անհարմարությունները, որ ուներ երևանյան հաճախորդը, միանգամից տարվեցի այդ մտքով»,- «Անկախին» պատմեց ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Քերոբյանը:

Հինգ տարի առաջ, երբ հիմնվեց menu.am ընկերությունը, բոլորը կարծում էին, որ այն, որպես բիզնես մոդել, Հայաստանում չի գործի, քանի որ չկա համապատասխան մշակույթ, բոլոր սննդի կետերն ունեն առաքում և այլն: Ժամանակի ընթացքում menu.am-ը կոտրեց այդ կարծրատիպերն ու դարձավ սննդի առաքման ոլորտի առաջատար: Հիմա Menu Group-ն արդեն միջազգային ընկերություն է և գործում է երեք երկրներում:

«Երբ նոր էի սկսել գործս՝ մարդիկ ինձ որպես խելագարի էին վերաբերվում, թե՝ չես կարողանա, մարդիկ Հայաստանում օնլայն գնումներ չեն կատարում և այլն, և այլն»,- հիշում է Վահան Քերոբյանը: Բայց նա սկսեց menu-ն ու հույս ուներ, որ մի քանի բիզնես-նախագիծ զուգահեռ կտանի: Ապագան, սակայն, ցույց տվեց, որ այնքան են խրվել այս գործի մեջ, որ որևէ այլ բան անել հնարավոր չէ:

«Երկու ամսում ունեինք մոտ 30 ռեստորան: Անձամբ հանդիպել էի բոլորի հետ ու որևէ մեկն այդ ռեստորաններից չէր հավատում մեր հաջողությանը: Բացառապես իմ «խաթրի» համար համաձայնեցին,- ծիծաղելով հիշում է «Մենյու Գրուփ»-ի հիմնադիրը՝ շեշտելով, որ սկսելու համար ամենակարևորը հավատն էր:- Որևէ բան չգիտեինք կայքերից, տեխնիկապես խիստ անպատրաստ էինք, հավատը, համառությունը և վառ ու արտահայտիչ հեռանկար տեսնելն ամենակարևորն է սթարթափում: Առաջին տարում ներդրեցինք մոտ 60 հազար դոլար՝ իմ և իմ գործընկերոջ խնայողությունները»:

Սկզբում աշխատում էին էնտուզիազմով՝ երեք-չորս հոգով, հետո առաջին աշխատակազմը հավաքեցին՝ մոտ 30 մարդկանց թիմ: Այդ առաջին աշխատակազմից Անուշ Ներսիսյանը, որ ընդունվել էր աշխատանքի որպես call-center-ի օպերատոր, այժմ ընկերության բելառուսական ճյուղի տնօրենն է: Ներկայումս ընկերության աշխատակիցների թիվը մոտ 200 է, առաքիչների թիվը՝ 500:

Menu.am

«Առաջին օրը 11 պատվեր արեցինք, և դա ողբերգություն էր: Հիշում եմ, թե ինչքան ծիծաղեց մեզ վրա կինս. «Ի՞նչ է, կարծում էիք, որ պատվերների տեղատարա՞փ պիտի թափվի հենց առաջին օրը»: Հիմա օրական մոտ 3000 պատվեր ենք կատարում, համագործակցում ենք մոտ 1000 ռեստորան-գործընկերների հետ, ամսական մոտ 1մլն դոլարի ուտելիք ենք վաճառում և ամեն օր քշում ենք մոտ մեկ հասարակածի չափ` 40 հազար կիլոմետր»,- ժպտալով ասում է Վահան Քերոբյանը:

Ըստ նրա՝ Հայաստանում հաջող բիզնեսի մի բանաձև կա՝ չնվնվալ ու գործ անել, ընդգծում է՝ փոքր շուկան, հարկայինն ու մաքսայինը՝ որպես անհաջողության արդարացում, վաղուց արդեն հիմնավորում չեն: Հաջողության հասնելու համար բիզնեսմենը պետք է լինի ուշադիր և սիրալիր, հաճախորդի աչքերի մեջ նայի: Հավատ է պետք, համառություն, անբեկանելի լավատեսություն, հնարամտություն: Առհասարակ դժվարությունները բիզնեսի անբաժան ուղեկիցն են, և դրանց մասին խոսելիս Վահան Քերոբյանը հիշեց մի հետաքրքիր պատմություն. «Բիզնեսը սկսելուց մեկ տարի հետո, երբ երրորդ աղջիկս էր ծնվում, հիվանդանոցի գումար չունեի, շատ ծանր էր: Բայց հավատս անխախտ էր, դժվարությունները մնացին հետևում: Բիզնեսմենը պիտի անսպառ էներգիայի աղբյուր հանդիսանա իր բոլոր աշխատակիցների համար, լավատես լինի ու հնարավորություն տա բոլոր ունակ մարդկանց առաջ գնալու այնքան, ինչքան նրանք կարող են»:

Հաջողակ գործարարի կարծիքով՝ սկսնակը կսխալվի, էլի սխալվի, այդպես շարունակ, մինչև հաջողության հասնի: Իր հաջողությունն էլ «Մենյու Գրուփ»-ի հիմնադիրը վերագրում է իր կրթությանը. նա մասնագիտությամբ մաթեմատիկոս է: Բայց և «Սթարի» ու HSBC բանկի փորձն էլ, իր կարծիքով. անգնահատելի են: Այն մարդկանց, ովքեր ասում են, թե գործ անելու համար շատ ռեսուրսներ, ներդրումներ ու հովանավորներ են պետք, թե Հայաստանում բիզնես սկսել ու հաջողության հասնել «առանց մեջքի» հնարավոր չէ, Քերոբյանը կատակով խորհուրդ է տալիս շարունակել բողոքել նույն ոճով և ուժգնությամբ, գուցե դա էլ նրանց «հաջողության» բանաձևն է:

Իսկ մինչ ուրիշները կշարունակեն «բողոքել նույն ոճով», «Մենյու Գրուփ»-ն ու նրա հիմնադիր Վահան Քերոբյանը նոր նպատակ են դրել իրենց առջև. ձգտում են դառնալ ավելի արագ, ավելի հարմար, ընդգրկել շատ ավելի ծառայություններ իրենց առաջարկի մեջ և տարածվել հնարավորինս շատ երկրներում, դառնալ աշխարհի ամենամեծ ընկերություններից մեկը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: