Հայերեն   English   Русский  

​ՏԻԳՐԱՆ Դ ԵՎ ԷՐԱՏՈ


  
դիտումներ: 6668

Արտաշեսյան հարստության արքաները հայոց պատմության ամենափառահեղ էջերը գրեցին, սակայն Տիգրան Մեծի աշխարհակալության ժամանակներից ընդամենը կես դար անց Մեծ Հայքի թագավորությունը հայտնվեց քաղաքական խոր ճգնաժամի մեջ:

Արտաշես Բ արքայից արքայի (մ.թ.ա. 34-20) դավադիր սպանությունից հետո, քանի որ հայոց զորեղ տիրակալը զավակ չուներ, Հռոմը որպես հայոց գահի թեկնածու Մեծ Հայք ուղարկեց նրա եղբորը՝ Արտավազդ Բ արքայից արքայի (մ.թ.ա. 55-34) որդուն՝ Տիգրան Գ արքայից արքային (մ.թ.ա. 20-8): Սակայն նա չարդարացրեց Հռոմի սպասելիքներն ու միանգամայն անկախ քաղաքականություն վարեց՝ երբեմն հակադրվելով նաև Հռոմի արևելյան քաղաքականությանը:

Տիգրան Գ արքայից հետո հայոց գահն անցավ նրա որդուն՝ Տիգրան Դ արքային: Նա գահ բարձրացավ մ.թ.ա. 8 թվականին: Տիգրան Դ-ն զավակ չուներ, այդ իսկ պատճառով հայոց գահին տոհմի հաջորդականությունն ապահովելու համար իրեն գահակից հռչակեց քրոջը՝ Էրատոյին:

Ժամանակակից տեսաբաններից ոմանք համարում են, որ Տիգրան Դ-ն և Էրատոն նաև ամուսիններ են եղել: Սա, ինչ խոսք, անհեթեթություն է: Նրանց ժամանակակից գրեթե բոլոր պատմիչները նշում են Տիգրանի և Էրատոյի քույր ու եղբայր լինելու փաստը, բայց չկա գեթ մեկը, որ նշի, թե Էրատոն նաև Տիգրանի կինն է եղել:

Գահ բարձրանալով՝ Տիգրան Դ արքան շարունակեց իր հոր քաղաքական կուրսը և որդեգրեց Հռոմից անկախ քաղաքականություն՝ ընդդիմանալով կայսրության զավթողական քաղաքականությանն Արևելքում:

Սակայն Հռոմեական կայսրությունն այլ հաշիվներ ուներ Արևելքում: Հռոմին անհրաժեշտ էր հպատակեցնել Մեծ Հայքի թագավորությունը, որպեսզի իրեն թիկունքից ամուր զգա՝ ծնկի բերելու նաև Պարթևստանն ու ողջ Արևելքը: Այլ կերպ ասած՝ Հռոմի արևելյան քաղաքականության հաջողությունը մեծապես կախված էր հենց Մեծ Հայքի թագավորության կարգավիճակից:

Տիգրան Դ արքայի հակահռոմեական դիրքորոշումն արտահայտված է նաև նրա հատած դրամներում, Մեծ Հայքի արքայից արքան պատկերված է պարթևական ոճով՝ երկար ու խիտ մորուքով:

Եվ ահա, մ.թ.ա. 5 թվականին Օգոստոս Օկտավիանոս կայսեր հրամանով հռոմեական մեծ բանակը, Ասորիքի կառավարիչ և զորավար Կվինտոիլիոս Վարոսի հրամանատարությամբ, արշավեց Մեծ Հայք: Հռոմեացիները կարողացան գրավել հայոց թագավորության տարածքն ու Արտաշատ մայրաքաղաքը, գահազուրկ հռչակել Տիգրան Դ արքային և Էրատո թագուհուն՝ նրանց փոխարեն գահ բարձրացնելով արքայի հորեղբորը՝ Արտավազդ Բ արքայից արքայի կրտսեր որդուն՝ Արտավազդ Երրորդին (մ.թ.ա. 5-2), որը մ.թ.ա. 34 թվականից գերի էր Հռոմում և այնտեղ էր հասակ առել՝ յուրացնելով հռոմեական բարքերը, սովորույթները, բոլորովին օտարացած էր հայրենի միջավայրից ու հայությունից: Տիգրան Դ-ն և Էրատոն խույս տվեցին Պարթևստան:

Մինչ այդ Հռոմը նույն նպատակով հայոց գահին բազմեցրել էր Արտավազդ Բ արքայի մյուս որդուն՝ Տիգրան Դ-ին և Էրատոյի հորը՝ Տիգրան Գ արքային, սակայն Հայք վերադառնալով և գահին բազմելով՝ Տիգրան Գ-ն կտրուկ փոխել էր Մեծ Հայքի քաղաքական կուրսն ու վարել ինքնուրույն քաղաքականություն:

Սակայն այս անգամ Հռոմեական կայսրության ակնկալիքներն արդարացան: Հռոմում հասակ առած Արտավազդ Գ հիրավի դարձավ հռոմեական դրածո հայոց գահին և ըստ այդմ վարում էր ապազգային քաղաքականություն՝ Մեծ Հայքի թագավորությունը դարձնելով հռոմեական լծի տակ գտնվող պետություն:

Սակայն սա չհանդուրժեց հայոց ավագանին, որ ապստամբեց Արտավազդ Գ արքայի դեմ, նրան գահազուրկ հայտարարեց և կրկին գահ բարձրացրեց Տիգրան Դ-ին և Էրատո թագուհուն: Իսկ Արտավազդ Գ-ն տարագրության մեջ մահացավ:

«Հետո Օգոստոսի հրամանով իշխանությունը հայերի վրա ստացավ Արտավազդը,- այս առթիվ հաղորդում է հռոմեացի պատմիչ Տակիտոսը, - որը կարճ ժամանակ անց նրանց (հայերի) կողմից գահընկեց արվեց ոչ առանց մեր (հռոմեացիների) վնասի»։

Տիգրան Դ-ի և Էրատոյի՝ հայոց գահին վերահաստատվելու խնդրում գործուն աջակցություն ցուցաբերեց նաև պարթևաց արքա Հրահատ Ե-ն:

Հռոմը ստիպված էր հաշտվել իրավիճակի հետ: Օգոստոս Օկտավիանոս կայսրը հայոց արքային հրավիրում է Ասորիք, որպեսզի նա բանակցություններ վարի հռոմեական արևելյան զորքերի հրամանատար Գայոս Կեսարի հետ: Տիգրան Դ-ն իր հերթին, հաշվի նստելով հռոմեական սպառնալիքի հետ, փոխեց իր քաղաքականությունն ու փորձեց Հռոմի հետ հաստատել բարեկամական հարաբերություններ: Իր գահակալման երկրորդ շրջանում Տիգրանը դրամներ հատեց արդեն հռոմեական ոճով. դրամի մի երեսին պատկերված էր հայոց արքան՝ սափրված, Արտաշեսյան թագով, իսկ դրամի հակառակ կողմում Էրատո թագուհին էր՝ առանց թագի: Դրամների վրա արձանագրված են՝ «Արքայից արքա Տիգրան», իսկ մյուս կողմում՝ «Էրատո՝ Տիգրանի քույրը»:

Հայոց արքան պատրաստակամ էր Ասորիք այցելել, սակայն այցը հետաձգեց, քանզի Մեծ Հայքին հյուսիսից սպառնացին կովկասյան լեռնականները, որ ասպատակեցին Քուռ գետի հովիտը:

Տիգրան Դ-ն անձամբ առաջնորդեց հայոց բանակը լեռնականների դեմ: Հաղթական պատերազմում, սակայն, Տիգրան Դ-ն զոհվեց, և Մեծ Հայքի գահն անցավ նրա քրոջը՝ Էրատո թագուհուն, որ միառժամանակ միանձնյա գահակալեց: Սակայն եղբոր զոհվելուց հետո Էրատոն երկար չգահակալեց: Նա հրաժարվեց գահից: Ցավոք, հայոց ավագանին կամք, վճռականություն և միասնություն հանդես չբերեց՝ հայոց թափուր գահին բազմեցնելու որևէ արժանավոր հայ իշխանի:

Հռոմեական բանակը կրկին գրավեց Մեծ Հայքի թագավորությունը, և հռոմեացիները հայոց գահին նստեցրին իրենց դրածոյին՝ Հրեաստանի թագավոր Հերովդես Ա Մեծի թոռանը՝ Տիգրան Ե-ին (1-6), որ մոր կողմից հայ էր և Արտաշեսյան: Սակայն Տիգրան Ե-ն Հռոմի կամակատարն էր ու ամենևին չէր պաշտպանում հայության ազգային շահերը:

Եվ հայությունը մի քանի տարի անց դարձյալ ընդվզեց: Հայոց ավագանին ապստամբեց, գահազուրկ հայտարարեց հռոմեական դրածոյին և արտաքսեց երկրից:

6 թվականին հայոց ավագանին կրկին գահ բարձրացրեց Էրատո թագուհուն: Սակայն հայոց թագուհու վերջին գահակալությունը միայն մի քանի տարի տևեց: 12 թվականին հռոմեական զորքը դարձյալ ներխուժեց Մեծ Հայք և գահազրկեց Էրատոյին: Արտաշեսյան թագավորությունը կործանվեց: Վերջին Արտաշեսյանից՝ Էրատո թագուհուց անմիջապես հետո Հայոց գահին բազմեց Վոնոն Արշակունին: Հայոց երկրում սկսվում էր Արշակունիների դարաշրջանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: