Հայերեն   English   Русский  

​Հղիության արհեստական ընդհատման իրավական կարգավորումները (մաս 2)


  
դիտումներ: 19752

Նախորդ համարում անդրադարձանքհղիության արհեստական ընդհատման իրավունքին և դրա իրացման պայմաններին, մասնավորապես ներկայացրինք հղիության ընդհատման ընդհանուր պայմանները, իսկ այդ պայմանները և կարգը ավելի մանրամասն ներկայացված է ՀՀ կառավարության 2017 թ. փետրվարի 23-ի N 180-Ն որոշման մեջ («Հղիության արհեստական ընդհատման կարգն ու պայմանները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի n 1116-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»):

Պատասխանատվությունը

Աբորտ կատարելիս օրենքով նախատեսված միջոցառումները չիրականացնելն առաջացնում է վարչական պատասխանատվություն:

Այսպես, բժշկի կողմից հղիության արհեստական ընդհատումից (աբորտից) առաջ կնոջը հղիության արհեստական ընդհատման հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ անվճար խորհրդատվություն չտրամադրելը կամ խորհրդատվություն տրամադրելու մասին բժշկական փաստաթղթերում գրառումներ չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից հիսնապատիկի չափով:

Բժշկի կողմից հղիության արհեստական ընդհատումից (աբորտից) անմիջապես հետո կնոջն անցանկալի հղիությունը կանխելու միջոցների և (կամ) մեթոդների ընտրության վերաբերյալ անվճար բժշկասոցիալական խորհրդատվություն չտրամադրելը կամ խորհրդատվություն տրամադրելու մասին բժշկական փաստաթղթերում գրառումներ չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից հիսնապատիկի չափով:

Բժշկի կողմից հղիության արհեստական ընդհատման (աբորտի) բժշկական միջամտությունից անմիջապես առաջ հղի կնոջը հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու՝ օրենքով նախատեսված ժամանակահատված չտրամադրելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից հարյուրապատիկի չափով:

Տվյալ հոդվածով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար հոդվածով նախատեսված տուգանքի կրկնապատիկի չափով:

Իսկ ահա ապօրինի աբորտի համար քրեական օրենսգիրքը նախատեսում է քրեական պատասխանատվություն: Այսպես, համապատասխան բժշկական բարձրագույն կրթություն ունեցող անձն ապօրինի աբորտ կատարելու համար կարող է պատժվել տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը երեք տարի ժամկետով: Համապատասխան բժշկական բարձրագույն կրթություն չունեցող անձի կողմից ապօրինի աբորտ կատարելու համար նշանակվում է պատիժ ազատազրկման ձևով մինչև 2 տարի ժամկետով: Իսկ այն դեպքում, երբ նշված գործողություններն առաջացրել են տուժողի մահ կամ ծանր վնաս, ապա կարող է նախատեսվել մինչև 5 տարի ազատազրկում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: