Հայերեն   English   Русский  

Պետություն… Լինե՞լ, թե՞ չլինել


Անկախը ներկայացնում է Ավետիք Իշխանյանի հոդվածը «Առավոտ օրաթերթում»


  
դիտումներ: 34441

Դեռևս 80-ականներից, երբ սկսվում էր Ղարաբաղյան շարժումը, հարցեր առաջացան, թե հնարավոր զինված հակամարտության դեպքում ի զորո՞ւ ենք մենք դիմակայելու Ադրբեջանին, թե՞ ոչ՝ հաշվի առնելով նաև Թուրքիայի հավանական աջակցությունը Ադրբեջանին։

Սկզբնական շրջանում այդպիսի հարցադրումները մնում էին օդում կախված, քանի որ շարժման նպատակն էր Մոսկվային համոզել, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանից վերցնի և տա Հայաստանին։ Արդյոք եթե շարժման առաջնորդները և մեր այն ժամանակ ոգևորված հասարակությունը իմանային, որ ի վերջո Ղարաբաղյան շարժումը վերածվելու է անժամկետ, լուրջ պատերազմի, պատրաստ կլինեի՞ն դրան։ Եվ ընդհանրապես՝ արդյոք մենք հոգեբանորեն պատրա՞ստ էինք ունենալու անկախ Հայաստան, որը պետք էր ինքնուրույն պաշտպանել՝ առանց հույսը դնելու արևմտյան կամ հյուսիսային փրկիչների վրա։ Այս հարցերը այժմեական են դարձել, երբ հատկապես 2014թ. սաստկացան Հայաստանի և Արցախի սահմաններին հակառակորդի կրակոցները, իսկ 2016թ. բոլորին հանկարծակիի բերեց ապրիլյան քառօրյա պատերազմը։ Ամեն օր տագնապով սպասում ենք սահմանային լուրերի, և հասարակությունը հաճախակի ցնցվում է հերթական զոհերի մասին լսելիս։ Վերջին օրերին չորս զոհ և երկու վիրավոր… Եվ սկսվում են քննարկումները՝ ե՛ւ ընտանեկան, ընկերական շրջապատում,ե՛ւ սոցցանցերում, ե՛ւ լրատվամիջոցներում։ Առաջարկություններն ու պահանջները տարբեր են, պայմանական երեք խմբի կարելի է բաժանել.

1. պետք է ոչ համարժեք պատասխան տալ, գրավել նոր տարածքներ,

2. դիմել միջազգային հանրությանը, ի՞նչ է մտածում Մինսկի խումբը, ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա, պետք է դիմել ՀԱՊԿ-ին, գուցե Մոսկվան է հրահրել և այլն,

3. դե հերիք եղավ, էս ջահելները ինչի՞ պիտի զոհվեն, էրեխես ինչի պիտի Սերժի համար գնա կռվի, թող իրենց տղերքը գնան, էս երկրից գնալ է պետք, մի զոհը Արցախ չարժե, խաղաղության է պետք հասնել։

Վերջին երկու տեսակետներն իրականում առանձնապես չեն տարբերվում, երկուսն էլ ավանդական ազգային բարդույթի երևակումներն են, չեն հավատում և կրակն են ընկել 90-ականների հաջողությունների ձեռքին։ Բայց փորձենք անդրադառնալ «խաղաղասիրական» տեսակետներին, որոնք նորություն չեն։ Արդեն 1992թ. «Ղարաբաղ» կոմիտեի հենքի վրա իշխանության եկած ՀՀՇ-ի մի հատվածը՝ մոռանալով, թե ինչ կարգախոսով է եկել իշխանության, արդեն խաղաղություն էր աղերսում։ Հիշենք ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «Կոմսոմոլսկայա Պրավդային» տված հարցազրույցը՝ «Կուզենայի կարծել, որ Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակը լիովին կբավարարեր բոլոր կողմերին, քանի որ այդ դեպքում Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում, երկրի տարածքային ամբողջականությունը պահպանվում է, իսկ ղարաբաղցիները, իրենց հերթին, ունենում են երաշխավորված կենսագործունեություն: Ահա սա է մեր դիրքորոշումը: Մենք ցանկացած մակարդակով պատրաստ ենք քննարկել ամեն ինչ»: Նույն 1992թ. Աշոտ Բլեյանը գործուղվեց Բաքու խաղաղություն խնդրելու նպատակով, որից ծագեցին արդեն Գեորգի Վանյանը, հետո վահանմարտիրոսյանները։ 1997թ. Լևոն Տեր-Պետրոսյանը գրեց ծրագրային «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածը։ 2007թ. խորհրդարանական ընտրություններին «Այլընտրանք» դաշինքի ծրագրային հենքերից էր նույն «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածը։ Կարծում եմ՝ «խաղաղության» շարժման գագաթնակետը 2008թ.-ին էր, երբ տասնյակ հազարներ պատրաստ էին Ադրբեջանի հետ «քիրվայության» (կարծում եմ՝ պարզ է՝ ինչ գնով) և ունենալ ընդամենը 10 հազարանոց բանակ: Եվ վերջապես, 2017թ. ՀԱԿ-ի նախընտրական խաղաղության պլատֆորմը։ Ընդդիմախոսները կհակադարձեն, որ ՀԱԿ-ի ստացած տոկոսները հանրության պատասխանն էր նրանց կողմից առաջարկված խաղաղությանը։ Չգիտեմ, քանի որ ազատ ընտրությունների դեպքում հայտնի չի, թե ինչքան կլինեին տոկոսները։ Երկրորդ՝ պատկերացրեք, որ վարչական և ֆինանսական ռեսուրսները Հանրապետականի փոխարեն լինեին ՀԱԿ-ի ձեռքին, ինչպես 1995-96թթ.։ ԵՎ վերջապես՝ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն իր Հ1-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ Արցախի հարցում իրենց և Հանրապետականի մոտեցումները համընկնում են, և կոչ արեց ընտրել կամ իրենց, կամ Հանրապետականին… Խաղաղության տարբեր մակարդակների պլատֆորմների հիմնական կռվանները հտևյալներն են. փակ սահմանների դեպքում՝ տնտեսական աճի անհնարինություն, արտագաղթ և, վերջապես, ամենաազդեցիկը՝ բանակում զոհեր։ Ես տնտեսագետ չեմ, բայց համոզված եմ, որ Հայաստանի ներկայիս քաղաքական-տնտեսական, այն է՝ կոռուպցիոն համակարգը պահպանելու դեպքում սահմանների բացումը կբերի հարուստների էլ ավելի հարստացմանը, իսկ աղքատության մակարդակն առանձնապես փոփոխություն չի կրի։ Նայեք Հայաստանից արևելք գտնվող նախկին ԽՍՀՄ հանրապետություններին, որոնք հարևանների հետ կոնֆլիկտներ, փակ սահմաններ չունեն, բայց ունեն միլիոնատերեր և աղքատ, արտագաղթող բնակչություն։ Շատ ավելի լուրջ է զինված ուժերում զոհերի հարցը։ Հայ-ադրբեջանական հակամարտության հետևանքով զոհերի հարցերին և քանակին պարբերաբար անդրադառնում է Անի կենտրոնը (http://www.aniarc.am/2017/02/21/about-2000-victims-since-1994/), ի դեպ՝ շրջանցելով, թե ներկայացված զոհերից որքա՞նն են եղել բուն հակամարտության հետևանքով, որքա՞նը՝ բանակում տիրող բարքերի պատճառով։ Այսպես, 1994թ. հրադադարից հետո մինչև 2014թ. հակառակորդի կողմից կրակից զոհեր գործնականում չեն եղել։ Իսկ 95-98թթ.՝ ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի պաշտպանության նախարար եղած ժամանակ, ունեցել ենք խաղաղ պայմաններում ամենաշատ՝ հարյուրավոր զոհեր. 1995-ին՝ 324, 1996-ին՝ 260, 1997-ին՝ 217, 1998-ին՝ 196: Զոհերից ոչ մեկը հակառակորդի կրակից չէր զոհվել… Եվ, որպես կանոն, սպանություններ կատարող, ինքնասպանությունների դրդած հանցագործները չեն պատժվել։ Նմանատիպ իրավիճակը, իհարկե՝ ավելի քիչ զոհերով, շարունակվեց նաև հետագա տարիներին։ Նույնիսկ երբ ինտենսիվացան հակառակորդի կողմից դիվերսիոն գործողությունները և դիպուկահարների ու հրետանու կրակոցներից զոհվածների թիվը (չհաշված 2016թ.), չի գերազանցում վթարներից, դժբախտ պատահարներից, ոչ կանոնադրական հարաբերություններից, անփութությունից զոհվածների թիվը։ Մինչև հիմա սևազգեստ մայրերը փողոցներն ընկած արդարություն են փնտրում, ուզում են, որ գոնե իրենց որդիներին սպանողները կամ մահվան հասցնողները պատժվեն։ Իսկ ինչքան հարյուրավոր մայրեր, հույսն արդարությունից կտրելով, տառապում են իրենց կսկիծով։ Մի պահ ենթադրենք, որ ինչ-որ ձևով կարգավորվել է Արցախի հարցը, կնքվել է խաղաղության պայմանագիր։ Արդյո՞ք այդ ժամանակ Հայաստանը պետք է լուծարի բանակը կամ պահի ընդամենը կամավոր՝ 10 հազարանոց բանակ (ինչպես ասում էր «դասականը»), քանի որ ի վիճակի չենք բանակում կարգուկանոն հաստատելու, և որ բանակում այլևս զոհեր չլինեն։ Չգիտեմ, համենայնդեպս, մենք համեմատաբար ապահով Եվրոպայում չենք ապրում։ Մեր տարածաշրջանը եռում է, հնարավոր են սահմանների փոփոխություններ, թույլերը հնարավոր է՝ կործանվեն։ Թե՞ կարծում եք Ռուսաստանը կամ ՆԱՏՕ-ն թույլ չեն տա։ Փոխանակ մտածելու զինված ուժերը կատարելագործելու, որ մոտ ապագայում Հայաստանի ողջ սահմանը վերահսկեն Հայաստանի սահմանապահները, որ այնքան զարգացած բանակ ունենանք, որ այլևս օտարերկրյա ռազմական հենակետերի կարիք չունենանք՝ մտածում ենք խաղաղարար միջազգային ուժերի մասին՝ մակաբույծի հոգեբանությամբ։ Ինչպե՞ս կարող է պետությունը բանակ չունենալ, այդպիսի պետությունը կվերանա մեր տարածաշրջանում։ Կարծում եմ՝ դեռ երկար ժամանակ մենք դատապարտված ենք ուժեղ, իսկապես ուժեղ, հստակ կանոնադրությամբ գործող բանակ ունենալու։ Եվ վերջապես, արդյո՞ք նմանատիպ քննարկումներ չեն եղել նաև 1915թ. Ցեղասպանությանը նախորդող տարիներին. ստեղծել ինքնապաշտպանությո՞ւն, թե՞ հույսը դնել Ռուսաստանի օգնության, թուրքերի բարեգթության և Աստծո վրա։ Համոզված եմ, որ եղել են, սակայն հաղթել է այն ժամանակվա «խաղաղության պլատֆորմը»։ Մի պահ պատկերացնենք, որ մինչ 1915թ. ողջ արևմտյան հայությունը պատրաստվում էր ինքնապաշտպանության։ Կունենայի՞նք զոհեր՝ անկասկած, որքա՞ն՝ գուցե տասնյակ հազարավորներ, ընդհուպ՝ հարյուր հազարի հասնող, բայց ոչ՝ 1,5 միլիոն։ Ի վերջո, այդ նույն «խաղաղության պլատֆորմը», այս անգամ բոլշևիկյան հագուստով, 1920թ. կազմալուծեց բանակը, հանձնվեց Կարսը, և կոտորածները շարունակվեցին։ Տարիներ առաջ կարդացի հոշարձանագետ Սամվել Կարապետյանի գրառումները Արևմտյան Հայաստան այցելության մասին։ Այնտեղ նա հանդիպել է քրդերի հետ, որոնք խոսել էին իրենց երկրի (նկատի ունեն Արևմտյան Հայաստանը) ազատագրման մասին։ Կարապետյանի հարցին, թե՝ չէ՞ որ այն հայերի հայրենիքն է, պատասխանել էին մոտավորապես հետևյալը․ «դուք չուզեցիք, որ ձեր որդիները կռվեն ձեր հայրենիքի համար, և այն կորցրիք»։ Երկիրը պաշտպանելիս, ցավոք, նաև զոհեր են լինում։ Ի դեպ, արդյո՞ք հակառակորդի կրակոցներից, այդ թվում՝ ապրիլյան պատերազմի զոհերի հիմնական մասը, նույնպես անփութության հետևանք չէին։ Արդյո՞ք 20 տարին՝ 1994-2014թթ․ բավարար չէր ստեղծելու հուսալի պաշտպանական համակարգ, որ հակառակորդի մտքով չանցներ դիմելու դիվերսիոն գործողությունների կամ հարձակման, իսկ դիրքերը պահող զինվորները հուսալի պաշտպանված լինեին հակառակորդի դիպուկահարներից։ Դրա փոխարեն՝ թիթեղյա բանկաներ, 80-ականների զենքեր, ԵԱՏՄ և նմանատիպ հայտարարություններ՝ Կիպրոսի արտգործնախարարի տեղակալը հայտարարեց՝ Ղարաբաղի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի։ Պատերա՞զմ՝ Մինսկի խումբը, Ռուսաստանը, միջազգային հանրությունը թույլ չեն տա։ Կարծես ապրիլյան պատերազմը ինչ-որ չափով սթափեցրեց իշխանությանը՝ պաշտպանական գծի ուժեղացմամբ, սարքերի լրացմամբ։ Բայց զոհերի թիվը ցույց է տալիս, որ այն բավարար չէ։ Հիմա էլ իշխանությունը նոր հայեցակարգ է դրել շրջանառության մեջ՝ Ազգ-Բանակ։ Չխորանալով եզրաբանության մեջ՝ կարծում եմ՝ այն եթե նույնիսկ ընդունելի է պատերազմող երկրի համար, հռչակելով և պարտադրանք-օրենքով չէ, որ պետք է կայանա։ Առաջին հերթին վերնախավի օրինակով այն պետք է կայանա, այդ թվում՝ զինվորական վերնախավի։ Հաճախ, իմ կարծիքով, տեղին է Հայաստանի և Իսրայելի իրավիճակների համեմատությունը։

90-ականների վերջերին էր՝ ռուսական РТР հեռուստաալիքով հաղորդում էր Իսրայելի մասին։ Լրագրողը զրուցում էր Սանկտ Պետերբուրգից արտագաղթած արվեստաբան կնոջ հետ։ Փորձեմ վերականգնել նրանց զրույցը․

– Ի՞նչը Ձեզ ստիպեց հեռանալ Ռուսաստանից և հաստատվել Իսրայելում։

– Ես բավականին դժվար որոշում կայացրեցի։ Լինելով արվեստաբան՝ իմ ողջ կյանքը կապված է ռուսական մշակույթի հետ, և այտեղ ես ինձ կտրված եմ զգում իմ միջավայրից։ Եկա հանուն աղջկաս, որ նա ապրի իր հայրենիքում։

– Իսկ ինչո՞վ է զբաղվում այստեղ Ձեր աղջիկը։

– Ծառայում է բանակում։

– Բայց չէ՞ որ մեզ մոտ՝ Ռուսաստանում, նա չէր ծառայի, էլ չասենք՝ այստեղ մշտական պատերազմական վիճակ է։

– Նա կարող էր նաև այստեղ չծառայել, սակայն Դուք պետք է իմանաք այստեղի հոգեբանությունը։ Նա իրեն լիարժեք մարդ, քաղաքացի չէր զգա իր շրջապատում։

Արդյո՞ք սա չի Ազգ-Բանակը։ Իսկ Հայաստանո՞ւմ։ Մինչև Ազգ-Բանակ օրենք ընդունելը՝ հրապարակեք 1990թ. մինչև 2017թ. բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների, պատգամավորների, խոշոր գործարարների և նրանց զավակների, փեսաների բանակում ծառայության մասին տեղեկությունները և ծառայության վայրերը։ Այդ ո՞ր պաշտոնյայի որդին է սովորել և ավարտել զինվորական ուսումնարան և որպես սպա ծառայել դիրքերում։

Հիշում եմ 1988թ. Ղարաբաղյան շարժման հանրահավաքներից մեկում Ղարաբաղ կոմիտեի անդամ Դավիթ Շահնազարյանի ելույթը զինվորական մտավորականություն ունենալու անհրաժեշտության մասին։ Իսկ ովքեր են մեր զինվորական վերնախավի հանրության կողմից ճանաչված ներկայացուցիչները. գռեհկաբան, իրենց բնակավայրերը սեփական կալվածքի վերածած, շրջապատում ահ ու սարսափ տարածող պատգամավոր գեներալներ։

Թե՞ Ազգ-Բանակ անվան տակ ստեղծվելու է Հպատակ-Բանակ կառույց, իսկ պաշտոնյաների սիրասուն զավակները սպայական կոչումներով և շքանշաններով ձևական ծառայության կանցնեն։ Ազգ-Բանակ չի նշանակում մի կողմից՝ միլիոնատերերի թաղամասեր, մյուս կողմից՝ Գյումրու անօթևաններ և անապահովների պարտադիր զորակոչ։ Իմ պատկերացմամբ՝ այն նշանակում է օրենքի առաջ հավասարություն, մատչելի և որակյալ կրթություն բոլոր խավերի համար, սոցիալական արդարություն, ընտրությունների չկեղծում, կոռուպցիայի վերացում, քաղբանտարկյալների առկայության բացառում։ Միայն այս դեպքում է հնարավոր տնտեսական աճ, ներգաղթ, ավելի քան 4 միլիոն բնակչություն։ Այս ամենը ինքնաբերաբար կբերի Ազգ-Բանակի կայացման և վերջապես հակառակորդին խաղաղության պարտադրման։

Կարծում եմ՝ Արցախի խնդիրը ընդհանրապես Հայաստանի՝ որպես պետություն լինել-չլինելու հարցն է։ Լեզուս չի պտտվում. Արցախի հարցում անհաջողության դեպքում կկորցնենք ամեն ինչ և օտար ափերում հիշողություններ կգրենք Վրացյանի, Խատիսյանի օրինակներով և նորովի կզբաղվենք «պահանջատիրությամբ» ու «հայրենասիրությամբ»։

Ավետիք Իշխանյան «Առավոտ օրաթերթ» 21.06.2017





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: