Հայերեն   English   Русский  

Հատուկ պոլիկլինիկան լուծարելու բոլոր փաստարկները հիմնազուրկ են


  
դիտումներ: 10718

Կառավարության հայտարարած օպտիմալացումը, ինչպես գիտենք, նախատեսում է նաև մի շարք բուժհաստատությունների մասնավորեցման գործընթաց, քանի որ, ըստ կառավարության, անհրաժեշտ են նոր ներդրումներ, բարեփոխումներ, հիմնարկների առողջացման ծրագրեր, որոնք պետական հիմնարկներն ի վիճակի չեն կատարելու: Սակայն շատ բուժհաստատություններ դժգոհ են այս որոշումից, քանի որ կարծում են՝ խնդիրը չի քննարկվել իրենց հետ, երկրորդ՝ համարում են, որ պնդումները, թե տվյալ բուժհաստատությունները վնասով են աշխատում, արդյունավետ չեն գործում և չեն բավարարում հասարակության կարիքները, անհիմն են:

Սակայն սա դեռ օպտիմալացման ծրագրի ամենախնդրահարույց մասը չէ. կան հաստատություններ, որոնք պարզապես լուծարվելու են, և դրանցից ամենախոցելին ՀՀ առողջապահության նախարարության «Հատուկ պոլիկլինիկա» ՓԲԸ-ն է, որը բոլորիս հայտնի է «Ուսանողական պոլիկլինիկա» անվամբ և գործում է արդեն 45 տարի:

Որպեսզի հասկանալի դառնա այս բուժհիմնարկի գործունեության կարևորությունը, ներկայացնենք դրա գործառույթները.

  • ՀՀ բուհերի միջնակարգ մասնագիտական կրթական հաստատությունների ուսանողների, դասախոսական կազմի, Օլիմպիական հերթափոխի քոլեջի, «Հայաստան» մարզային միության, ֆուտբոլի ֆեդերացիայի, մարզական դպրոցների մարզիկների կանխարգելիչ բժշկական զննումների ապահովում, ինչպես նաև մասնագիտացված բարձրորակ ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության կազմակերպում ու իրագործում:
  • Բուհերի ֆիզիկական դաստիարակության խմբերի որոշում:

Հատուկ պոլիկլինիկան միակն է Հայաստանում, որը կենտրոնացված ձևով փաստացի իրականացնում է ոչ միայն պետական, այլև հավատարմագիր ունեցող մի շարք ոչ պետական բուհերի (Հայաստանի Ամերիկյան համալսարան, Լոմոնոսովի անվան համալսարան, Սանկտ Պետերբուրգի համալսարան, Մոսկովյան տնտեսագիտական համալսարան) ուսանողների բուժկանխարգելիչ, վերականգնողական սպասարկում ուսման տարիների ընթացքում:

Բուժհաստատության սպասարկման շրջանակն ընդգրկում է Երևան քաղաքում հաշվառված 25104, մարզերում հաշվառված 23875 և օտարերկրյա 3034 ուսանողների, ինչպես նաև հանրապետական հավաքական թիմերի, մանկական և պատանեկան սպորտային դպրոցների 14890 մարզիկների: Պոլիկլինիկայում անվճար բուժսպասարկում են ստանում նաև Ջավախքի և ԼՂՀ քաղաքացի հանդիսացող ուսանողները:

Հետազոտություններով հայտնաբերվում են բազմաթիվ առաջնակի հիվանդություններ, ինչպիսիք են սրտի արատները, լյարդի, տեսողական, ոսկրամկանային համակարգի հիվանդությունները: Հայտնաբերված հիվանդները վերցվում են ամբուլատոր հսկողության և բուժման: Տուբերկուլյոզ և այլ վարակիչ հիվանդություններ հայտնաբերվելու դեպքում կատարվում են կենտրոնացված միջոցառումներ ուսանողների և դասախոսների առողջության պահպանման համար:

Պոլիկլինիկայի տարածքում գործում է բոլոր բուհերի համար միակ բուժական ֆիզկուլտուրայի բաժինը, որտեղ առողջական խնդիրներ ունեցող շուրջ 350 հիվանդ ոչ միայն լրացնում է բուհական դասաժամը, այլև ստանում է համապատասխան վերականգնողական բուժում:

Հատուկ պոլիկլինիկայի տնօրենի բուժգծով տեղակալ Անահիտ Վանցյանը նշում է, որ մինչ որոշում կայացնելը՝ պատասխանատու կառույցների ներկայացուցիչներն իրենց հետ որևէ հանդիպում և պատշաճ պարզաբանում չեն ներկայացրել և պոլիկլինիկայի 100 հոգուց կազմված երկարամյա աշխատանքային փորձ ունեցող բժշկական կոլեկտիվի համար բուժհաստատության լուծարման որոշումն անակնկալ է եղել: «Մամուլում և հեռուստատեսությամբ շրջանառվող կցկտուր և ոչ լիարժեք տեղեկությունների համաձայն՝ լուծարումը հիմնավորվում է հետևյալ փաստարկներով. ընկերության գործունեությունը կրկնում է այլ բուժհաստատությունների մատուցած ծառայությունները, ընկերության լուծարմամբ պետությունը կատարում է խնայողություն, ընկերությունը շահույթ չունի»:

Այս պնդումները, ըստ Անահիտ Վանցյանի, հիմնազուրկ են: Փոխարենը նա ներկայացնում է իր տեսակետի հիմնավորումները. «Ընկերության մատուցած ծառայություններն իրենց բնույթով բացառիկ են, որևէ այլ բուժհաստատություն ներկայումս չի մատուցում նմանօրինակ ծառայություն: Պոլիկլինիկան ամեն տարի կազմակերպված ձևով բուհի տարածքում իրականացնում է ուսանողության պրոֆզննում: ՀՀ տարածքում գործող որևէ այլ բուժհաստատություն նման գործառույթ չի իրականացնում: Պոլիկլինիկան առանձնացված բուժական կետեր ունի համագործակցող բոլոր բուհերի տարածքում և ՀՀ կառավարության թիվ 1 մասնաշենքում, Շախմատի ակադեմիայում, որտեղ իրականացվում է աշխատակիցների առաջնային բուժօգնություն»:

Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե ընկերության լուծարմամբ պետությունը նաև խնայողություններ կանի, ապա Անահիտ Վանցյանը սրա դեմ էլ հակափաստարկ ունի. «Հաշվի առնելով մատուցվող ծառայության դերն ու նշանակությունը՝ այն բաժանվելու է երեք բուժական հաստատությունների միջև: Ակնհայտ է, որ պետությունը փոխանցելու է հավելյալ վճարներ մատուցվող ծառայությունների դիմաց: Փաստորեն, պետությունը կատարելու է նույն ծախսը, սակայն փոփոխվելու են ֆինանսավորման օբյեկտները: Նման բաժանմամբ վերանալու է մատուցվող ծառայության որակն ու արդյունավետությունն ապահովող կարևորագույն բաղադրիչներից մեկը՝ կենտրոնացվածությունը: Մինչդեռ յուրաքանչյուր առաջադեմ երկրում արդյունավետ գործում են կենտրոնացված ուսանողական պոլիկլինիկաները»:

ՀՀ առողջապահության նախարարության ներկայացրած հիմնավորման համաձայն՝ ընկերության լուծարման շնորհիվ «խնայված» գումարներն ուղղվելու են հեմոդիալիզի զարգացմանը: Նշված պնդումը, ըստ Վանցյանի, առավել քան զարմանալի է. «Առողջապահության մի ոլորտի խթանումը պայմանավորում են մեկ այլ ոլորտի իսպառ վերացմամբ: Փաստորեն, պետությունը երիտասարդ սերնդի առողջությունը մղում է հետին պլան՝ անտեսելով ապագա զինվորների և մայրերի առողջության պահպանման խնդիրը»:

Պետության մյուս նկատառումը, թե ընկերությունը շահույթ ունեցող հաստատություն չէ, նույնպես հիմնավորում չունի: Անահիտ Վանցյանը կրկին թվերի լեզվով է խոսում. «2016 թ. ընկերության շահույթը եկամտի համեմատ կազմել է 6 տոկոս: Գործունեության վերջին տարիների ընթացքում գոյացած միջոցների հաշվին ձեռք է բերվել բուժտեխնիկա՝ ռենտգեն սարքավորում, ուլտրաձայնային, էլեկտրասրտագրության սարքավորումներ և այլն»:

Ընկերությունում կարծում են, որ բուժհիմնարկի լուծարման հիմնական չբարձրաձայնվող պատճառը պոլիկլինիկայի շենքի բացակայությունն է: 2008 թ. ք. Երևան, Տերյան 129 հասցեում գտնվող պոլիկլինիկայի շենքն օտարվել է և մինչ օրս այդ տարածքում որևէ այլ շինություն չկա: «Լուծարման գործընթացի շուտափույթ կազմակերպումը հարցի ոչ բազմակողմանի, ոչ օբյեկտիվ քննության հետևանքով ձեռնարկվող քայլերի տպավորություն է թողնում, այդ պատճառով շուրջ 100 աշխատակից ակնթարթորեն դառնում է գործազուրկ և վերացվում է կազմակերպված ու կենտրոնացված գործառույթների մի ամբողջ համակարգ»,- ասում է բուժհաստատության փոխտնօրենը՝ համոզմունք հայտնելով, որ այս ամենն անկասկած իր վնասակար հետքը կթողնի հասարակական կյանքի հետագա բնականոն զարգացման վրա:

Հատուկ պոլիկլինիկայի լուծարման վերաբերյալ իրենց մտահոգությունն են հայտնում նաև պետական մի շարք բուհերի ղեկավարներ:

Հատուկ պոլիկլինիկայի սպորտային բժշկության բաժանմունքի վարիչ, սպորտային բժիշկ Նատալյա Կարապետյանն իր հերթին շեշտում է պոլիկլինիկայի սպորտային բժշկության գործառույթը: Ամբողջ աշխարհում այն ավելի ու ավելի է կարևորվում: Հատուկ պոլիկլինիկան սպասարկում է 60 սպորտային կազմակերպություն՝ իրականացնելով մարզիկների դիսպանսեր հսկողություն, խորացված բժշկական հետազոտություններ և բուժում: «Հատուկ պոլիկլինիկան լուծարելուց հետո ընդհանուր պրոֆիլի բուժհիմնարկները կկարողանա՞ն կոմպենսացնել մասնագիտացված սպորտային հիմնարկի բացակայությունը»,- հարց է բարձրացնում Նատալյա Կարապետյանը:

Ի դեպ, այս հարցով խիստ մտահոգ են նաև մարզական ընկերությունները. պոլիկլինիկայի հետ համագործակցող Հայաստանի Ազգային պարալիմպիկ կոմիտեի, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի, Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի ղեկավարները նամակ են հղել ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին, որպեսզի Հանրային խորհուրդը կարողանա ազդել Հատուկ պոլիկլինիկայի հետագա ճակատագրի վերաբերյալ օբյեկտիվ և արդար որոշում կայացնելու հարցում:

Նշենք, որ ս.թ. հունիսի 15-ին Հանրային խորհրդում քննարկվել է բուժհաստատությունների մասնավորեցման և Հատուկ պոլիկլինիկայի լուծարման հարցը, որին ներկա են եղել բուժհաստատությունների ներկայացուցիչները և առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը: Փոխնախարարի փաստարկները չեն բավարարել պոլիկլինիկայի ներկայացուցիչներին, հիմնազուրկ են:

Հ.Գ.

Հունիսի 20-ին պոլիկլինիկայի աշխատակիցներն իմացել են, որ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին, որպեսզի վերջինս բուհերի ռեկտորներին հանձնարարի տեղեկացնել ուսանողներին պոլիկլինիկայի լուծարման գործընթացի ու նրանց հետագա քայլերի վերաբերյալ` պոլիկլինիկայից օգտվող Երևանի բնակիչ շուրջ 27 000 ուսանողների արտահիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելով այն պոլիկլինիկաներում, որտեղ նրանք գրանցված են, իսկ մարզերի, Արցախի ու Ջավախքի շուրջ 26 հազար ուսանողներինը՝ բուհի գտնվելու վայրում գործող մոտակա պոլիկլինիկաներում: «Իսկ մեզ այդպես էլ մինչ օրս ոչ մի բանի մասին տեղյակ չեն պահել, փաստորեն մեզ արհամարհում են, ուղղակի բանի տեղ չեն դնում»,- եզրակացնում է Հատուկ պոլիկլինիկայի փոխտնօրենը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: