Հայերեն   English   Русский  

Կյանքից հեռացել է կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցը


  
դիտումներ: 14460

Հունիսի 23-ին 72 տարեկանում կյանքից հեռացել է կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցը:

Այդ մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է կինոռեժիսորի որդին՝ նշելով, որ հայրը մահացել է մոտ մեկ ժամ առաջ: Ռուբեն Գևորգյանցի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:


Ռուբեն Գևորգյանցը ծնվել է 1945թ. նոյեմբերի 30-ին, Երևանում: 1968թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը` Վարդան Աճեմյանի արվեստանոցը: 1971թ. աշխատել է Երևանի վավերագրական ֆիլմերի ստուդիայում` որպես ռեժիսոր: 1982-89թթ. եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորման գեղարվեստական ղեկավարը: 1989թ-ից եղել է փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը: 1995-1998թթ. դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում: 1998թ. դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (2003թ-ից` պրոֆեսոր):

Նկարահանել է շուրջ 70 ֆիլմ` «Ներսիսյանցիները» (1968թ.), «Մի լուսանկարի հետքերով» (1970թ.), «Ներշնչանք» (1972թ.), «Ամենալավ մարդը» («Վերադարձի ուղին» նովել, 1979թ.), «Աշխարհումս» (1979-89թթ), «Բարի հետք» (1980թ.), «Հայկական աչքեր» (1980թ.), «Գիշերվա մեջ առկայծող կրակը» (1983թ.), «Քանի դեռ ապրում ենք» (1986թ.), «Կղզիներ» (1987թ.), «Սպիտակ ոսկոր» (1988թ.), «Ռեքվիեմ» (1989թ.), «Քույրիկը Լոս Անջելեսից» (1994թ.), «Գողը» (1995թ.), «Փարաջանով` վերջին կոլաժ» (1995թ.), «Մեր Կոմանդոսը» (2000թ.), «Քարեր ժողովելու ժամանակը» (2002թ.), «Հրաշագործի աշունը» (2008թ.) և այլն:

Մասնակցել է բազմաթիվ հայկական և միջազգային կինոփառատոների և արժանացել 21 դիպլոմի և մրցանակների, որոնցից 6-ը` գլխավոր: Հեղինակել է 3 գիրք` «Անձրևների ժամանակը», «Արդարացման ժամանակը», «Ժամանակ չկա»: Նկարահանվել է «Վրիժառու» (2008թ.) ֆիլմում:

1981թ. արժանացել է Օբերհաուզենի կինոփառատոնի գլխավոր մրցանակին` «Բարի հետք» ֆիլմի համար: 2002թ-ից Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս էր, 2004թ-ից` Կինոյի և հեռուստատեսության ազգային ակադեմիայի նախագահը, 2005թ-ից` Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահը: 1982թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2006թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման:Ռուբեն Գևորգյանցը 2016թվի փետրվարից Հայաստանի Հանրային խորհրդի անդամ է:

«Անկախի» խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Ռուբեն Գևորգյանցի ընտանիքին ու մերձավորներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: