Հայերեն   English   Русский  

​Ճակատագրական հունիսը ընդդեմ արթիկիցների


  
դիտումներ: 528

2017 թվականի հունիսը ևս անցանկալի անակնկալ մատուցեց Արթիկ քաղաքի բնակիչներին: Գիշերը՝ ժամը 24-ի սահմաններում Արթիկի Սասունցի Դավիթ 13 շենքի բնակիչները ուժեղ դղրիդ են լսել, մտածելով թե կայծակ է, մարել են բնակարանների էլեկտրականությունը, հետո պատուհաններից նկատել են բարձրացող փոշին, դուրս եկել ու տեսել՝ շենքի արտաքին մասը փլուզվել է:

Փլուզում

Դեպքի վայր հասած փրկարարները պարզել են շենքի արևմտյան մասի ստորին հատվածում տեղի է ունեցել փլուզում՝ մոտ 10 քմ, և արտաքին հատվածում առկա են մինչև 2 սմ հաստությամբ և մոտ 13 մ երկարությամբ ճաքեր. առկա է շինության փլուզման վտանգ։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը շենքի վտանգավոր հատվածից տարհանվել են 20 բնակիչ, ևս 11 բնակիչ շարունակում են գտնվել շենքի անվտանգ հատվածում: Տուժածներ չկան: Տարհանված բնակիչները շարունակում են ապրել բարեկամների տանը, նրանց բնակարանային խնդրի լուծում դեռևս չի տրվել: Թեև 1986 թվականին կառուցված շենքը որևէ կարգավիճակ չունի, սակայն Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը նշում է՝ եթե առկա է փլուզում, ապա այդ հատվածը համարվում է4-րդ աստիճանի վթարայնության:

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի հանձնարարությամբ ուսումնասիրություններ են կատարվել տեղում, քննարկում է եղել նաև Արթիկի քաղաքապետարանում: Այնուհետ մարզպետի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել են բնակիչներին` ժամանակավոր բնակության խնդիր լուծելու համար որոշակի ֆինանսական աջակցություն հատկացվելու հարցը: Կարճաժամկետ լուծման տարբերակներից զատ, դիտարկվում են նաև խնդրի արմատական կարգավորման մի քանի տարբերակներ:

Հիշեցնենք, նախորդ տարի՝ հունիսի 24-ին առատ անձրևի պատճառով վարարել էր սելավատարը և ողողել հարակից բնակելի տները: Արթիկցիները մեկ տարի անց դեռ չեն կարողանում ուշքի գալ ու վերացնել ջրհեղեցի հետևանքները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: