Հայերեն   English   Русский  

​Գյումրիում նախակրթարանների քանակը նվազել է, ավարտողների թիվն ավելացել


  
դիտումներ: 17899

Գյումրիում այսօր մանկապարտեզին հրաժեշտ տվեց 719 սան: Ավանդույթի համաձայն նրանց համար կազմակերպվել էր տոնական միջոցառում, որտեղ պարային համարներով մրցեցին Գյումրու քաղաքապետարանի ենթակայութամբ գործող 22 նախակրթարանի ավարտական խմբերի երեխաները:

տոնական միջոցառում

Խաղաղության աղոթքից մինչև մանկական գունեղ հեքիաթները 6-ամյա գյումրեցի փոքրիկների պարային թեմաներն էին: Երեխաները այնուհետ մանկապարտեզներում կստանան դպրոցական պայուսակներ ու գրենական պիտույքներ և կճանապարհվեն դպրոց:

Այս հանդիսությունը Գյումրիում կազմակերպվում է 2003 թվականից: Նախորդ տարի քաղաքում մանկապարտեզին հրաժեշտ է տվել 710 սան:

Հավելենք, որ Գյումրիում նախակրթարանների թիվը նախորդ տարի նվազեց 2-ով՝ փակվեցին Արևիկ և Նանուլիկ նախադպրոցական հաստատությունները: Առաջինը՝ չափորոշիչներին անհամապատասխան պայմանների համար, երկրորդը՝ տնակային էր. շինությունը քանդվեց անցնող աշնանը՝ հոկտեմբերին, որպեսզի գարնանը նրա տեղում երկհարկանի քարաշեն մանկապարտեզ կառուցվի, սակայն մինչ օրս շինարարական որևէ աշխատանք քանդված տարածքում չի կատարվում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: