Հայերեն   English   Русский  

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Ալեքսանդր Զուբովը գլխավորում է մրցաշարային աղյուսակը


  
դիտումներ: 383

Ջերմուկում ընթացող շախմատի Կարեն Ասրյանի միջազգային հուշամրցաշարում ինը տուրից հինգն արդեն խաղացվել է:

Առաջատարն ուկրաինացի գրոսմայստեր Ալեքսանդր Զուբովն է, որը վաստակել է 4.5 միավոր:

Եվս ութ շախմատիստ, 4-ական միավորով բաժանում են 2-ից 9-րդ տեղերը: Նրանց շարքերում են հայաստանցի գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը եւ Տիգրան Քոթանջյանը, միջազգային վարպետներ Հայկ Մարտիրոսյանը եւ Տիգրան Հարությունյանը:

Այսօր կխաղացվեն 6-րդ տուրի պարտիաները:

Կարեն Ասրյանի անունը կրող միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում են 13 երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի, Վրաստանի, Իրանի, Իսրայելի, Լատվիայի, Ղազախստանի, Մալայզիայի և Բելառուսի 92 պատվիրակներ:

Որակական առումով մրցաշարը չափազանց ուժեղ կազմ ունի: Մասնակիցների մեջ են 21 գրոսմայստեր, ինչի շնորհիվ մրցաշարի պատանի մասնակիցները հնարավորություն կունենան լրացնելու գրոսմայստերի նորմա:

Կարեն Ասրյանը նորանկախ Հայաստանի ուժեղագույն շախմատիստներից մեկն էր: Նա ոսկյա տառերով է գրել իր անունը հայկական և համաշխարհային շախմատի պատմության էջերում :

Շախմատային կարիերայի ընթացքում նվաճած տիտղոսների ոչ լրիվ ցանկը՝ Հայաստանի եռակի չեմպիոն, Հայաստանի ազգային հավաքականի կազմում Եվրոպայի և Համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: