Հայերեն   English   Русский  

Գիշի գյուղում գործելու է ամառային դպրոց


  
դիտումներ: 19414

Մարտունու շրջանի Գիշի գյուղի դպրոցում օգոստոսի 1-ից գործելու է «Գիտելիքը ուժ է» կրթական նախաձեռնության ամառային դպրոց:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Գիտելիքը ուժ է» կրթական նախաձեռնության հեղինակ Անուշ Եդիգարյանը` նշելով, որ ամառային դպրոց կարող են հաճախել Գիշիի և հարակից գյուղերի 10-16 տարեկան մինչև 125 աշակերտ:

«Այն լինելու է երկշաբաթյա գործող դպրոց: Երեխաների հետ աշխատելու են Հայաստանից և Արցախից ընտրված լավագույն մանկավարժները, ովքեր իրենց փորձով կիսվելու են նաև տեղի ուսուցիչների հետ: Թեև սա ամառային դպրոց է, և կրթական մասն ավելի գերակա է, բայց ծրագիրը մշակելիս մտցվել է նաև ժամանցային ծրագրեր: Այն երեխաներին հնարավորություն է տալու դպրոցում ստացած գիտելիքները, դասագրքերում ներկայացված երևույթներն ավելի լավ պատկերացնելու, տեսնելու կյանքում դրանց դրսևորումները, հասկանալու, որ այդ երևույթներն իրականում կարևոր են իրենց համար: Մեր հիմնական նպատակը նրանց հետազոտական-ստեղծագործական միտքը զարգացնելն է. չէ՞-որ արդեն ակնհայտ է, որ ապագայի բոլոր մասնագիտությունների հիմքում հենց հետազոտական գործոնն է: Մատչելի կերպով ներկայացվելու են միջառարկայական կապերը, որոնք բնորոշ են STEM-ի (Science, Technology, Engineering, Math, կամ՝ գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) գիտություններին: Բացի այդ, ըստ իրենց հետաքրքրությունների, և հնարավորությունների, երեխաները փորձելու են կատարել նաև հետազոտությունները: Հուսով ենք, որ այս ծրագիրը կօգնի աշակերտներին, որ հետագայում նրանք գիտության մեջ մասնագիտական կողմնորոշում ունենան»,-մանրամասնել է Ա. Եդիգարյանը։

«Գիտելիքը ուժ է» կրթական նախաձեռնության հեղինակի հավաստմամբ՝ ամառային դպրոցի շրջանակում երեխաների շփմանը, հաղորդակցմանը, հմտությունների զարգացմանն ուղղված խաղեր և վարժություններ, սպորտային պարապմունքներ, ազգագրական պարեր կկազմակերպվեն, կցուցադրվեն նաև ֆիլմեր:

«Ճամբարականները կհյուրընկալեն անվանի մարդկանց. նրանք կպատմեն իրենց աշխատանքի և գործունեության մասին: Զինվորների ու սպայական կազմի հետ անմիջական շփումներ կազմակերպելու համար երեխաները կայցելեն նաև զորամասեր։ Ճամբարում հատուկ ուշադրություն է դարձվելու նաև հայոց պատմությունն ու ազգագրությունը պատշաճ ներկայացնելուն»,-հավելել է Ա. Եդիգարյանը:

Լուսանկարը՝ Ալբերտ Ոսկանյանի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: