Հայերեն   English   Русский  

​Անպտուղ բանակցություններ․ Կատարը դեռևս շրջափակման մեջ է


  
դիտումներ: 13144

Կատարի շուրջ դիվանագիտական ճգնաժամի առաջացումից մեկ ամիս անց խնդիրը դեռևս լուծված չէ։ Չնայած Քուվեյթի միջնորդությամբ Կատարը և այդ երկրի հետ հարաբերությունները խզած 10 արաբական երկրները բանակցելու փորձեր են անում, դեռևս որևէ առաջընթաց չի արձանագրվել։ Կատարի արտաքին գործերի նախարարը Վաշինգոտնում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպման ժամանակ հայտարել է, որ հրաժարվում է կատարել Պարսից ծոցի երկրների կողմից իրեն ներկայացված վերջնագիրը։

Հիշեցնենք, որ հունիսի սկզբին 10 երկրներ, որոնց թվում են Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Եգիպտոսը և այլն, խզեցին դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ՝ այդ երկրի համար փակելով նաև իրենց օդային, ջրային և ցամաքային տարածքները։ Նրանք Կատարին մեղադրում էին ահաբեկչությունը ֆինանսավորելու և այլ երկրների ներքին գործերին խառնվելու մեջ։

Նախորդ շաբաթ այդ երկրները Քուվեյթի միջոցով Կատարին էին փոխանցել իրենց պահանջների ցուցակը, որի 10-օրյա ժամկետում կատարելու դեպքում համաձայնել էին վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ։ Այդ պահանջների թվում էին դիվանագիտական հարաբերությունների սառեցումը Իրանի հետ, Թուրքիայի հետ ռազմական համագործակցության և այդ երկրում թուրքական ռազմաբազայի ընդլայնման դադարեցումը, արբանյակային հեռարձակում ունեցող «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության փակումը իր բոլոր մասնաճյուղերով և այլն։ Կատարն այս պահանջներն անիրագործելի է համարել։

Կատարի ԱԳ նախարար Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին հայտարարել է, որ իրենք պատրաստ են քննարկել արաբական երկրների պահանջները, եթե դրանք լինեն ռացիոնալ և պարունակեն հիմնավորումներ։ «Այն, ինչ ներկայացրել են շրջափակման մասնակից երկրները, միայն մեղադրանքներ են՝ առանց ապացույցների, ոչ թե պահանջներ են։ Բանակցությունների համար հարկավոր են մյուս կողմի անկեղծ ցանկությունը և պահանջը հիմնավորող ապացույցներ»,- ասել է նա։

Այս իրավիճակում երկիմաստ կամ դեռևս անհասկանալի է ԱՄՆ-ի դիրքորոշումը։ Շրջափակման առաջին օրերին ԱՄՆ նախագահը հանրայնորեն ողջունում էր Կատարի մեկուսացումը՝ հույս հայտնելով, որ այդպիսով վերջ կտրվի «ահաբեկչության սարսափներին»։ Իր կոշտ դիրքորոշումը Թրամփը մի քանի անգամ վերահաստատել է։

Մինչդեռ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ավելի մեղմ դիքրորոշում ունի։ Նա կոնֆլիկտի կողմերին ավելի զուսպ հռետորաբանության ու բանակցությունների կոչ է արել։ Նա նաև նշել է, որ Կատարին ներկայացված պահանջների մեջ դրույթներ կան, որոնք դժվար իրագործելի են։

ԱՄՆ հակասական դիրքորոշման պայմաններում հունիսի կեսերին, օրինակ, Կատարում ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություն է տեղի ունեցել ամերիկյան զինվորականների մասնակցությամբ։ Նաև կնքվել է Կատարին ամերիկյան 36 կործանիչի վաճառքի 12 մլրդ դոլար արժողությամբ համաձայնագիրը։

Կատարյան ճգնաժամի պայմաններում ԱՄՆ-ն նաև հետևում է, թե ինչպես է երկիրը, որտեղ տեղակայված է իր խոշորագույն ռազմաբազան Մերձավոր Արևելքում, հարաբերությունները սերտացնում տարածաշրջանում իր հակառակորդի՝ Իրանի հետ։

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, դատապարտելով Կատարի շրջափակումը, հայտարարել է, որ իր երկրի օդային, ջրային և ցամաքային տարածքը միշտ բաց կլինի Կատարի համար։ Սերտացել են նաև Կատարի և Թուրքիայի հարաբերությունները: Կատարում Թուրքիայի ռազմական ներկայացվածությունն ընդլայնվել է։ Թուրքիայի նախագահ Էրդողանը, անդրադառնալով ներկայացված վերջնագիրը մերժելուն, ողջունել է Կատարի որոշումը։ Թուրքիայի հետ ռազմական համագործակցության դադարեցման պահանջը նա որակել է որպես «անհարգալից վերաբերմունք Թուրքիայի նկատմամբ»։ Նա նաև հիշեցրել է, որ 2013-ին ռազմաբազա տեղակայելու առաջարկ արել է ոչ միայն Կատարին, այլև Սաուդյան Արաբիային, սակայն վերջինից պատասխան այդպես էլ չի ստացել։

Անկարա-Դոհա-Թեհրան համագործակցության մասին փորձագետների կարծիքները դեռևս հակասական են։ Գերակշռում է այն մոտեցումը, որ սա ժամանակավոր բնույթ ունի։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: