Հայերեն   English   Русский  

​Ամեն վերջ ինչ-որ բանի սկիզբն է․ Անահիտ Գրիգորյան


  
դիտումներ: 6539

«Ինչ տարիքում ուզում է լինես՝ հանձնվել չի կարելի»,- ասում է լրագրող, Հանրային ռադիոյի 40 տարվա աշխատակից Անահիտ Գրիգորյանը, որի ստեղծած կաշվե զարդերը վերջերս ցուցադրվեցին Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում։

Երևանի պետական համալսարանն ավարտելուց հետո տիկին Գրիգորյանն աշխատանքի է անցել Հանրային ռադիոյում։ «Մեծ բախտ ունեի, որ նման միջավայրում սկսեցի իմ աշխատանքը»,- ասում է նա՝ հավելելով, որ աշխատանքը ռադիոյում շատ է սիրել ու միշտ մեծ պատասխանատվությամբ է մոտեցել գործին:

2014-ին, սակայն, Գրիգորյանի աշխատանքը ռադիոյում, ինչպես ինքն է ասում, «ռադիոյական կյանքն» ավարտվում է։ Նա այդ հանգամանքը տխրությամբ է ընդունում, բայց չի հանձնվում։

«Տխուր ընդունեցի այն իմաստով, որ ես դեռ իմ մեջ մեծ պոտենցիալ էի զգում, կարող էի աշխատել, ունեի

Անահիտ Գրիգորյան

ասելիք և անելիք այնտեղ։ Բայց այդպես ստացվեց։ Կյանքում ամեն բան պատահում է,- ասում է նա։- Ես հասկացա, որ իմ կյանքի մի էտապը ավարտվեց, սկսվելու է մի նոր շրջան: Եվ քանի որ ստեղծագործող մարդ եմ՝ փորձեցի ինձ գտնել ստեղծագործության մեկ այլ ոլորտում»:

Սկզբնական շրջանում Գրիգորյանը սկսում է բանաստեղծություններ գրել։ Ժպիտով հիշում է, որ հանկարծ կարող էր գիշերն արթնանալ ու արագ-արագ թղթին հանձնել մտքին եկած տողերը։ Այդպես նա գրում է 20 բանաստեղծություն, բայց այդքանով էլ սահմանափակվում է։ Որոշում է զբաղվել նկարչությամբ։ Ինչպես ինքն է ասում՝ գործը սկսում է «նկարչության այբուբենը» յուրացնելուց։ Նկարչությամբ զբաղվելը, սակայն, թողնում է հետագային։ Ներքուստ վաղուց ընթացող խմորումներն արդեն հասունացել էին․ սկսում է կաշվե զարդեր պատրաստել։

«Դեռ ռադիոյում աշխատելու տարիներին ասում էի, որ պետք է անպայման կաշվե զարդեր պատրաստեմ: Ու սկսեցի, երբ այլևս տանը նստած էի, երբ ինձ համար մի ողջ աշխարհ կարծես փակված, վարագուրված լիներ, երբ ես պետք է անցնեի մյուս՝ մեկ այլ աշխարհ, փորձեի ինձ մեկ այլ բնագավառում»,- ասում է նա:

Անահիտ Գրիգորյան

Գրիգորյանը վստահ է, որ յուրաքանչյուր մարդու մեջ մեծ պոտենցիալ կա, որի մասին անգամ մարդն ինքը չգիտի։ «Պարզապես նպաստավոր պայման է հարկավոր, որպեսզի իր մեջ եղածը դուրս գա, ցայտի: Եվ դուրս եկավ: Չէի բավարարվում ոչնչով: Անընդհատ աշխատում էի, օրական 5-6 ժամ: Երբ պառկում էի քնելու, աչքիս առաջ գալիս էր, թե կաշին ինչ ձև և ինչ գույն պետք է ստանա»,- ասում է Գրիգորյանը: Եվ ահա, 3 տարվա նվիրված աշխատանքից հետո նա բացել է իր առաջին ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են իր ստեղծագործություններից 100-ը։

«Ես հասկացա, որ ամեն վերջ ինչ-որ բանի սկիզբն է: Եվ իմ այս սկիզբն անպայման ունենալու է շարունակություն, ես համոզված եմ»,- ասում է Գրիգորյանը՝ հավելելով, որ արդեն իսկ մտքում ծրագրեր է կազմում՝ պատրաստվելով հետագա՝ ավելի խոշոր ցուցահանդեսների:

Ասում է, որ չնայած կաշվե զարդերի պատրաստման գործում ինքնուս է, դա չի խանգարում գեղեցիկ գործեր ստեղծելուն։ Պատմում է, որ տեխնիկական որոշ գիտելիքներ ստացել է՝ համացանցը փորփրելով։ Մնացած ամեն ինչում առաջնորդվում է իր ճաշակով և երևակայությամբ։ «Երբ կաշին ձեռքս եմ վերցնում՝ զգում եմ այն։ Կաշին է ինձ թելադրում, թե ինչ պետք է անեմ»,- ասում է Գրիգորյանը և նշում, որ հետևում է նորաձևության աշխարհի միտումներին, ուսումնասիրում թե՛ կյանքում, թե՛ հեռուստաեթերում մարդկանց կրած զարդերը՝ մտքում անընդհատ ունենալով, թե տեսած լավագույն զարդերն ինչպես կարելի է վերարտադրել կաշվով:

Անահիտ Գրիգորյան

Անդրադառնալով ստեղծագործելու համար նյութի ընտրությանը՝ ասում է, որ կաշվե զարդերը յուրահատուկ են՝ գեղեցիկ, թեթև ու քիչ տարածված։

Այժմ Գրիգորյանն այլևս չի պատկերացնում իրեն առանց ստեղծագործության։ Ավելին, ասում է, որ առաջիկայում կսկսի նաև նկարել։ Նշում է, որ ցուցահանդեսին պատրաստությունների պատճառով վերջին մեկ ամսվա ընթացքում չի ստեղծագործել։ Ուստի անհամբեր սպասում է վերստին ստեղծագործելու հնարավորությանը՝ մտքում ունենալով ապագայում ստեղծվելիք զարդերի էսքիզները։

Նա պատմում է, որ «նոր սկզիբը» բացահայտելիս մեծ է եղել նաև իր ընտանիքի աջակցությունը։ «Հարազատների աջակցությունն էլ դեր է ունեցել: Ինչ պատրաստել եմ, առաջինը ցույց եմ տվել աղջկաս, ամուսնուս, քրոջս։ Նրանց կարծիքը միշտ հաշվի եմ առել»,- ասում է նա՝ նշելով, որ համառության ու աշխատանքին նվիրվածության շնորհիվ կարողացել է հաղթահարել նաև անորոշությունը, որը կար սկզբնական շրջանում, երբ չգիտեր, թե ինչ է լինելու իր ձեռնարկման արդյունքը։

Տիկին Գրիգորյանը նաև բոլորին կոչ է անում աչքի առաջ ունենալ իր օրինակն ու չհանձնվել ոչ մի դեպքում։

«Վերջապես ամեն ինչ չի սահմանափակվում այն աշխատանքով, ինչ դու արել ես: Եթե աշխատանքն ավարտվեց՝ կարելի՞ է հանձնվել։ Ոչ, ոչ մի դեպքում: Յուրաքանչյուրը պետք է մտնի իր հոգու ներսը, փորփրի հոգին ու հասկանա, թե ինչ է սիրում, ինչ նախասիրություններ ունի: Կյանքն այնքան սիրուն է, այնքան գեղեցիկ բաներ կան, ինչպե՞ս կարելի է չտեսնել դա,- ասում է նա։- Այնքան հեշտ բան է հանձնվելը, ասելը` վերջ, իմ գործն ավարտվեց, ես իմ միսիան ավարտեցի, այլևս ոչինչ չունեմ անելու: Դա ամենավատ բանն է: Հակառակը, մարդ իր մեջ միշտ պետք է նոր բաներ փնտրի և գնա դեպի նորը: Ես դա կարողացա»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: