Հայերեն   English   Русский  

Երևանն իրականում 6000 տարեկան է․ պատմաբան


  
դիտումներ: 17693

Այս տարի պաշտոնապես նշվելու է Երևանի 2799-ամյակը։ Երևանի պատմության թանգարանի հնագիտության և միջնադարյան պատմության բաժնի վարիչ, պատմաբան Անժելա Տերյանը, սակայն, կարծում է, որ իրականում պետք է նշվի Երևանի 6000-ամյակը․ բնակավայր Երևանն իրականում կրկնակի մեծ է պաշտոնապես հայտարարվող տարիքից։

Երևանի իրական տարիքի, առկա գիտական հիմնավորումների և բնակավայրերի տարիքի որոշման մոտեցումների մասին է «Անկախը» զրուցել Անժելա Տերյանի հետ։

- Տիկին Տերյան, Ձեր գիտական հոդվածներում պնդում եք, որ Երևանն ավելի հին բնակավայր է, քան պաշտոնապես ներկայացվում է։ Իրականում քանի՞ տարեկան է Երևանը։ Եվ ի՞նչ հիմքեր կան այդ պնդումների համար։

- Երևանը 6 հազար տարեկան է։ Իսկ փաստերն այնքան շատ են, որ անգամ չգիտեմ՝ որտեղից սկսեմ թվարկել։ Կարևոր փաստ է այն, որ այսօրվա Երևանի տարածքում է գտնվում Շենգավիթ բնակավայրը. հնագիտական պեղումների շնորհիվ պարզվել է, որ այն 6 հազար տարեկան է։ Իսկ վերջերս նույնիսկ ենթադրություններ կան, որ ոչ թե 6 հազար, այլ 7 հազար տարեկան է։ Այն մշակույթը, որը հայտնաբերվել է Շենգավիթում և կոչվում է շենգավիթյան կամ կուր-արաքսյան մշակույթ, թվագրվում է մ․թ․ա․ 4-րդ հազարամյակով։ Ներկայում կարծիքներ կան, որ դա 5-րդ հազարամյակի մշակույթ է, այդ պարագայում՝ Երևանը 7 հազար տարեկան է։ Ամեն դեպքում, եկեք 6 հազար տարեկանի վրա կանգ առնենք և ընդունենք, որ Երևանն իսկապես 6 հազար տարեկան է։

Շենգավիթը Երևանից հեռու չէ, գտնվում է այսօրվա Երևանի կենտրոնական մասում, նրան շրջապատում են այլ հուշարձաններ, որոնք ժամանակին բնակավայրեր են եղել։ Օրինակ՝ Կարմիր բլուրը, կայարանամերձ հրապարակը, Ավան-Առինջում ունենք բնակավայր, Կարմիր բերդը Ֆիզիկայի ինստիտուտի հարևանությամբ, այս բոլորը շրջապատում են Շենգավիթը, որ որպես բնակավայր գոյություն է ունեցել 4-րդ հազարամյակում և մոտավորապես երկու հազար տարի շարունակել է իր գոյությունը։ Ընդ որում, Շենգավիթը եղել է պարսպապատ բնակավայր, ինչը հուշում է, որ գործ ունենք քաղաքի կամ քաղաքատիպ ավանի հետ։ Հետաքրքիր է, որ պարսպի տակ սալապատված ջրանցք է հայտնաբերվել, որտեղից Հրազդան գետի ջուրը բարձրացվել է վերև։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ տեխնիկա է եղել, որ ջուրը ներքից վերև է բարձրացվել։ Շենգավիթն ամրացված, գեղեցիկ բնակավայր է եղել, որի բնակիչները զբաղվել են գյուղատնտեսությամբ, խեցեգործությամբ, մետաղագործությամբ․ քաղաքին բնորոշ բոլոր արհեստներն այնտեղ եղել են։ Եվ այս բոլորը մենք հայտնաբերում ենք պեղումների ժամանակ։

Պեղումների շնորհիվ բացահայտվել է 4 մշակութային շերտ, որի ստորին հատվածը թվագրվում է մ․թ․ա․4-րդ հազարամյակով, իսկ վերին շերտը՝ 2-րդ հազարամյակով։ Պեղումները Շենգավիթում սկսվել են 1930-ական թվականներից։ Պեղումներն իրականացրել է Եվգենի Բայբուրդյանը, նա էլ Շենգավիթում հայտնաբերված յուրահատուկ խեցեղենն անվանել է շենգավիթյան խեցեղեն։ Նա դրանք թվագրել է որպես մ․թ․ա․ 3-2-րդ հազարամյակի մշակույթ։ Սակայն խորհրդային տարիներին, հատկապես՝ 30-ական թվականներին, գիտե՞ք ինչ իրավիճակ է եղել․ նրան անմիջապես լռեցրել են, շուտով նաև աքսորել, և Բայբուրդյանի մասին այլևս որևէ տեղեկություն չկա։

Այդպես պեղումները սառեցվում են։ 50-ականների վերջերին նորից Շենգավիթում պեղումներ են իրականացվում, որոնք շարունակվում են մինչև 60-ականների վերջերը։ Այս անգամ հայտնաբերված նյութը վստահորեն 4-րդ հազարամյակով է թվագրվում։

2000-ականներին պեղումները նորից սկսվեցին արդեն Հակոբ Սիմոնյանի գլխավորությամբ։ Ներկայումս այստեղ հայտնաբերված նյութն արդեն թվագրվում է 5-րդ հազարամյակով։

Ահա այսպիսի հնության բնակավայր ունենալով հանդերձ՝ այդ փաստերը մի կողմ ենք դնում ու փորձում ենք նշել Երևանի 2800-ամյակը։

- Իսկ որտեղի՞ց է գալիս այդ մոտեցումը, ըստ որի՝ այս տարի նշելու ենք Երևանի 2799-ամյակը։

- Խորհրդային տարիներին ամեն ինչ որոշում էր Մոսկվան։ 1950-ականներին Էրեբունիում՝ Արին-Բերդում, հայտնաբերվում է Արգիշտի Առաջինի հանրահայտ արձանագրությունը, որում ասում է, որ ինքն ամայի տարածքում հիմնել է բերդ և այն կոչել Էրեբունի։ Սա փաստ էր, որի դեմ խոսել չէին կարող։ Մինչդեռ Շենգավիթի պարագայում մշակույթ է, այն կարող են 1000 տարի հետ գցել։ Եվ իմանալով, որ Երևանն իրականում շատ ավելի հին է, քան Արգիշտի Առաջինի արձանագրությունն է, 1968 թվականին որոշում են թույլ տալ, որ հայությունը տոնի քաղաքի 2750-ամյակը։

- Իսկ անկախացումից հետո մոտեցումն ինչո՞ւ չփոխվեց։

- Ոնց որ ասեք, թե՝ ինչո՞ւ Ուրարտուն Հայաստան չդարձավ, ինչու է Հայոց պատմությունը սկսվում առաջին հազարամյակի կեսերից։ Որովհետև նույն մարդիկ են, նույն մասնագետները, նույն պատմաբանները, որոնք շարունակում են աշխատել նաև այսօր։ Նրանք ինչպե՞ս կարող են հետ կանգնել իրենց ասածներից։ Շատ-շատ նոր սերնդի մարդիկ, որոնք կապ չունեն գրանտների հետ, կբարձրաձայնեն այդ մասին, ինչը և անում են։ Ճշմարտությունը պետք է հաղթի, այսպես այլևս չի կարող շարունակվել։

- Տիկին Տերյան, իսկ բնակավայրերի տարիքը որոշելու ի՞նչ գիտական մոտեցումներ կան։

- Հնագույն քաղաքների տարիքը սովորաբար հայտնաբերված մշակույթով է որոշվում։ Միջագետքի Ուր, Ուրուկ, Էրեդու, Նինվե քաղաքները, շնորհիվ հայտնաբերված հնագիտական նյութի, մոտավորապես 6 հազար տարեկան են հաշվարկվում։ Հետաքրքիրը դա է, որ Երևանում հայտնաբերված 6000-ամյա գիտական նյութը մի կողմ են դնում և ասում, որ Երևանը 2800 տարեկան է։ Երբ մատնանշում ես, ասում են՝ Շենգավիթը Էրեբունին չէ։

Այդ դեպքում Երևանը թող որպես բնակավայր ներկայացվի, որ 6 հազար տարեկան է, իսկ արդեն Արգիշտի Առաջինի հիմնած բերդը՝ 2800 տարեկան։

- Խոսքը նույն բնակավայրի մասի՞ն է, Շենգավիթն ու Արգիշտիի հիմնածը միմյանց շարունակող բնակավայրե՞ր են եղել։

- Շենգավիթն իր գոյությունն անսպասելիորեն դադարեցրել է 2-րդ հազարամյակում։ Քաղաքի պարսպից դուրս դամբարանադաշտ է բացահատվել, որտեղի գանգերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ արմենոիդ մարդաբանական տիպին են պատկանել։ Իսկ դրանից հետո հայտնաբերված մշակութային արժեքները նորից արմենոիդ մարդաբանական տիպի ստեղծածն են։ Այս դեպքում՝ ինչպե՞ս կարելի է ասել, որ սա ուրիշ մշակույթ է, մեզ հետ կապ չունի։ Նույն մշակույթն է, նույն ժողովուրդը։ Բնակչությունն անհայտ պատճառով Շենգավիթից հեռացել է, բայց հեռու չի գնացել, հիմնվել են Կարմիր բերդում, կայարանամերձ հրապարակի տարածքում, Ավանում, այսինքն մի փոքր հեռացել են և նոր բնակավայր հիմնել։ Եվ Արգիշտին, որին տարածքում ամրություն էր պետք, Երևանի բլուրներից մեկի վրա, որն ամայի է եղել, ստեղծել է բերդը։ Բայց ողջ տարածքը հո ամայի չի՞ եղել։

Ես Երևանի փոխարեն շատ եմ վիրավորվում, երբ ասում են, որ այն 2800 տարեկան է։ Երևանն իրականում 6000 տարեկան է, եկեք այդպես էլ ասենք։

Անվան խնդիրն էլ հետաքրքիր է։ Շենգավիթը չգիտենք, թե ինչպես է կոչվել։ Բայց նրան տարեկից քաղաքներից մեկը Միջագետքում կոչվել է Էրեդու։ Այն Արրատայից գնացած մարդիկ են հիմնել։ Այսինքն՝ Էրեբու, Էրեդու նույն բանն են՝ մի փոքր հնչյունափոխությամբ։ Արգիշտին, ենթադրաբար, նորակառույց բերդը կոչել է հարևանությամբ գոյություն ունեցող բնակավայրի անունով։ Ասում են՝ Էրեբունի բառը հաղթանակ է նշանակել։ Այդքան քաղաքներ է հիմնել, ինչո՞ւ ոչ մեկն Էրեբունի չի կոչել։ Այն ժամանակ քաղաքները հիմնականում կոչել են արքայի և աստվածների անուններով։ Այս դեպքում Էրեբունի է անվանել, որովհետև հարևանությամբ նման անունով բնակավայր է գոյություն ունեցել։ Տրամաբանության հարց է։

- Եթե պաշտոնապես ընդունվի, որ Երևանը 6000 տարեկան է, ի՞նչ ունենք առաջարկելու զբոսաշրջիկներին ու Երևանի պատմությամբ հետաքրքրվողներին։

- Ունենք Շենգավիթ բնակավայրը, որը հրաշալի կլինի, եթե վերականգնվի։ Վերջերս վարչապետն ու Երևանի քաղաքապետն այցելել են Էրեբունի և Շենգավիթ, դրանք որպես հուշարձաններ ներկայացնելու հետաքրքիր ծրագրեր կան։ Շատ ուրախ եմ, որ հատկապես Շենգավիթ են այցելել, որովհետև այն ցույց է տալիս Երևանի իրական տարիքը։ Հույս ունեմ, որ մեր քաղաքական այրերը պատասխանատվություն կստանձնեն տոնելու Երևանի ոչ թե 2800-ամյակը, այլ 6000-ամյակը։ Ի վերջո, մեկը պե՞տք է կոտրի այս սառույցը։

- Իսկ Երևանի տարիքի հետ կապված տեսակետը միջազգային գիտական շրջանակների կողմից կարո՞ղ է ընդունվել։ Դա իրատեսակա՞ն է։

- Իսկ ինչո՞ւ ոչ։ Մենք նյութն ունենք։






Մեկնաբանություններ - 5

Calust     18.10.2017 Ես գիտնական չեմ,բայց գիտության հետ շատ եմ կապված,որովհետև իմ աշխատանքները հնագույն Հայաստանի նկարների ու զարդանախշերի վերաստեղծելն է: Իմ տեսակետը նա է որ առանց ապացուցելու չհաստատենք և հնարավոր է մեզ վրա կծիծաղեն: Ունենք այնպիսի հարևաններ որոնք սպասում եմ մեր մի սխալին և ամբողջ աշխարհում բարձրաձայնում: Եթե Արգիշտին գրել է որ ամայի տարածքում կառուցեցի մի քաղաք,ապա ինչու՞ ենք մենք ասում որ «Շենգավիթը» դա Երևանն է: Եթե մշակույթը Հայկական է,դա չի նշանակում որ Երևանն է: Էրիոդու քաղաքի գոյությունը չի ասում որ Շենգավիթը Երևանն է: Մենք կարող ենք միայն մի «փրփուրից» կպչել ասելով որ այնտեղ մի բնակավայր է եղել,որը կոչվել է Երևան,դրա պատճառով Արգիշտին նույնպես անվանեց Երևան: Հիմա այսօրվա Երևանի Էրեբունի անունը նույնպես գալիս է Արգիշտի թագավորի ժամանակներից և մինչև հիմա պահպանվել է: Միայն այս եղանակով կարելի է Շենգավիթը կպցնել Երևանին: Մեր Վանաձորում էլ են հայտնաբեվել 3000 տարվա մշակույթյբայց մենք մինչև հիմա չգիտենք թե Ղարաքիլիսայից առաջ ինչպես են կոչել Վանաձորը և այն ժամանակ ինչպես են կոչել,որպիսի «կպցնենք»: Ավելի լավ է իմ կարծիքով մեր «ծանր» տեղը չթեթևանցնենք որպիսի մեզ համաշխարային գիտնականները ավելի շատ վստահեն: Իմ կարծիքով Թող Երևանը մնա 2799 տարեկան, դրանից մեզ վնաս չի գալու: Իսկ որ մեր մշակույթը 6-7000 տարեկան է դա պետք է բարձրաձայնել,առանց հապաղելու:

ՆԵՐՍԵՍ     17.10.2017 Հարգելի Feniks, համամիտ եմ, որ Շենգավիթի պեղումների հետ կապված քննարկումներում Սանդրո Սարդարյանի անունն անվերապահորեն պետք է հիշատակվի, սակայն այդ բաց թողման համար Անժելային գիտական անբարեխղճության մեջ մեղադրելը չափազանցված է, համարենք դա ոչ միտումնավոր և հուսով լինենք, որ առաջիկայում նա անպայման կանդրադառնա Սարդարյանի հայտնաբերած նյութերին հավուր պատշաճի գնահատականով:

Nono     16.10.2017 Ես էլ եմ գիտնական:Իսկ ես պնդում եմ,որ Երևանը 10000000000 տարեկան է:Ի՞նչն է փոխվելու: Իմաստը՞:

Feniks     16.10.2017 Շատ ուրախ- եմՇենգավիթին անդրադառնալու համար;Սակայն հարկ եմ համարում որոշ ճշգրտումներ անել;Նախ ՛հնագետ Եվգենի Բայբուրթյանը Շենգավիթը պեղել է ոչ թե երեսնսկսն թվականներին, այլ կոնկրետ 1936-1938 թ.թ. , երբ տարաբախտ հնագետին աքսորեցին որպես,,ժողովրդի թշնամի և նա աքսորավայրում մահացավ,, ցավոք չհասցնելով տպագրել իր կատարած պեղումների արդյունքները;Այնուհետև սկսվում է ամենահետաքրքիրը;Հարկ չեք համարում նշել հաջորդ հնագետի՛ Սանդրո Սարդարյանի անունը. մինչդեռ նշում եքնրա պեղումների արդյունքները, հուշարձանի նրա կատարած թվագրումը և չորս շերտերի առկայությունը/ Երջանկահիշատակ Ե . Բայբուրթյանը կարճ ժամանակ պեղելու պատճառով երեք շերտ էր նշել;/ Մեծ սխալ եք թույլ տվել Սարդարյանի կատարած պեղումների տևողության հարցում;Շենգավիթը Սարդարյանը սկսել է պեղել 1958 թվականից մինչև 1983 թվակկանը, սկզբում ղեկավարելովՀայյաստանի գիտությունների ակադեմիայի, ապա Երևանի Պետական համալսարանի արշավախմբերը;Շենգավիթի գիտական պեղումների արդյոնքները ամփոփվեցին 1967 թ. հրատարակված 39,7 մամուլ ծավալով ,կ,Նախնադարյան հասարրակությունը Հայաստանում.. գրքում , որին վստահապես ծանոթ եք;Հաջորդ՛,, Հայաստանը քաղաքակրթության օրրան.. 63,5 մամուլ ծավալով գիրքը հրատարակվեց 2004 թ. հեղինակի մահից 9 տարի անց, Պետական համալսարանի հրատարակչության կողմից, Գալուստ Գյուլպենկյան հիմնարկության մեկենասությամբ;Այս գիրքը եթե չեք տեսել, սիրով կնվիրեմ;Որպես գրքիր խմբագիր ինձ օրինակներչ են հատկացվել;Այս գրքում Շենգավիթի նյութերը համադրվում են Հայաստանի տարածքում հեղինակի պեղած համաժամանակյա բնակավայրերի նյութերի և աշխարհում հայտնի այլ հնավայրերի նյութերի հետ; Չգիտեմ, տեղյակ եք, թե ոչ, բայց Երևանի պատմության թանգարանում ցուցադրվող և չցուցադրվող 715 հրաշալի խեցեղենը, մետաղյա իրերը, գործիքները Սարդարյանի հայտնաբերածներն են, որի անունը նույնիսկ հարկ չեք համարում նշել;Ինձ զարմացնում է Ձեր գիտական անբարեխղճությունը; Կամ գուցե ժամանակի ոգին է ուրիշների վաստակը ուրանալը,;








Feniks     16.10.2017 Շատ ուրախ- եմՇենգավիթին անդրադառնալու համար;Սակայն հարկ եմ համարում որոշ ճշգրտումներ անել;Նախ ՛հնագետ Եվգենի Բայբուրթյանը Շենգավիթը պեղել է ոչ թե երեսնսկսն թվականներին, այլ կոնկրետ 1936-1938 թ.թ. , երբ տարաբախտ հնագետին աքսորեցին որպես,,ժողովրդի թշնամի և նա աքսորավայրում մահացավ,, ցավոք չհասցնելով տպագրել իր կատարած պեղումների արդյունքները;Այնուհետև սկսվում է ամենահետաքրքիրը;Հարկ չեք համարում նշել հաջորդ հնագետի՛ Սանդրո Սարդարյանի անունը. մինչդեռ նշում եքնրա պեղումների արդյունքները, հուշարձանի նրա կատարած թվագրումը և չորս շերտերի առկայությունը/ Երջանկահիշատակ Ե . Բայբուրթյանը կարճ ժամանակ պեղելու պատճառով երեք շերտ էր նշել;/ Մեծ սխալ եք թույլ տվել Սարդարյանի կատարած պեղումների տևողության հարցում;Շենգավիթը Սարդարյանը սկսել է պեղել 1958 թվականից մինչև 1983 թվակկանը, սկզբում ղեկավարելովՀայյաստանի գիտությունների ակադեմիայի, ապա Երևանի Պետական համալսարանի արշավախմբերը;Շենգավիթի գիտական պեղումների արդյոնքները ամփոփվեցին 1967 թ. հրատարակված 39,7 մամուլ ծավալով ,կ,Նախնադարյան հասարրակությունը Հայաստանում.. գրքում , որին վստահապես ծանոթ եք;Հաջորդ՛,, Հայաստանը քաղաքակրթության օրրան.. 63,5 մամուլ ծավալով գիրքը հրատարակվեց 2004 թ. հեղինակի մահից 9 տարի անց, Պետական համալսարանի հրատարակչության կողմից, Գալուստ Գյուլպենկյան հիմնարկության մեկենասությամբ;Այս գիրքը եթե չեք տեսել, սիրով կնվիրեմ;Որպես գրքիր խմբագիր ինձ օրինակներչ են հատկացվել;Այս գրքում Շենգավիթի նյութերը համադրվում են Հայաստանի տարածքում հեղինակի պեղած համաժամանակյա բնակավայրերի նյութերի և աշխարհում հայտնի այլ հնավայրերի նյութերի հետ; Չգիտեմ, տեղյակ եք, թե ոչ, բայց Երևանի պատմության թանգարանում ցուցադրվող և չցուցադրվող 715 հրաշալի խեցեղենը, մետաղյա իրերը, գործիքները Սարդարյանի հայտնաբերածներն են, որի անունը նույնիսկ հարկ չեք համարում նշել;Ինձ զարմացնում է Ձեր գիտական անբարեխղճությունը; Կամ գուցե ժամանակի ոգին է ուրիշների վաստակը ուրանալը,;







Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: