Հայերեն   English   Русский  

Խոցված ուղղաթիռի մասերը փորձաքննության կենթարկվեն, իսկ սև արկղերը կվերծանվեն Հայաստանում. Արծրուն Հովհաննիսյան


  
դիտումներ: 741

Ադրբեջանի կողմից խոցված ԼՂՀ ՊԲ «ՄԻ-24» ուղղաթիռի դեպքով նշանակված ծառայողական քննությամբ պարզ կլինի միջադեպի մանրամասներն ու ամբողջական պատկերը:

«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ խոցված ուղղաթիռի մասերը փորձաքննության կենթարկվեն, իսկ սև արկղերը կվերծանվեն Հայաստանում՝ մեր մասնագետների կողմից:

ՊՆ մամլո խոսնակը հավելեց նաև, որ եթե անհրաժեշտություն լինի, ապա ուսումնասիրության ենթարկված բոլոր նյութերը կտրամադրվեն միջազգային կազմակերպություններին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին՝ ժամը 13:45-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է հայկական «ՄԻ-24» ուղղաթիռը, որում գտնվել էին անձնակազմի հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը և լեյտենանտ Ազատ Սահակյանը:

Օրեր շարունակ ադրբեջանական ԶՈւ-ն կրակի տակ էր պահում ուղղաթիռի անկման վայրը, թույլ չտալով հայկական կողմին մոտենալ խոցված ուղղաթիռին, սակայն հատուկ գործողության մասնակիցներին՝ 4 հոգանոց խմբին, հաջողվեց օդաչուներին տարհանել, և երեկ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում զինվորական արարողակարգով տեղի ունեցավ օդաչուների հուղարկավորության արարողությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: