Հայերեն   English   Русский  

​«Հայաստանը, իր բոլոր խնդիրներով հանդերձ, ավելի հարազատ է». հայրենադարձի պատմությունը


  
դիտումներ: 22725

Երբ 1991 թվականի ապրիլին ամերիկաբնակ Մարո Մաթոսյանը եկավ Հայաստան, երկրում պատմական իրադարձություններ էին տեղի ունենում: Ընդամենը ամիսներ անց տեղի ունեցավ Անկախության հանրաքվեն:

Նրան հայրենիք էր բերել, ինչպես ինքն է ասում, ճերմակ ջարդից խուսափելու ցանկությունը: Սփյուռքում ձուլվելու վտանգը շատ մեծ էր. «Դրա հետևանքներն ակնհայտորեն տեսնում եմ հենց իմ շրջապատում: Օրինակ՝ մեր ընտանիքում ես միակն եմ, ով խոսում է հայերեն կամ որոշ հայրենասիրական զգացումներ ունի: Այդ պատճառով ամուսինս ու ես որոշեցինք երեխաների հետ գալ Հայաստան: Եկանք 1991 թվականի ապրիլին, իսկ Հայաստանն անկախացավ սեպտեմբերին: Այդ օրերին շատ էինք ոգևորվել: Որոշեցինք մնալ»:

90-ականները ընտանիքի համար բավականին դժվար էին. «Մի սենյակում էինք ապրում: Եթե հասցնում էինք 7 աստիճանի՝ արդեն փառք էր: Այսօրվա առավելությունները չկային, վարսավիր չկար, սուպերմարկետ չկար, սրճարաններ կամ ռեստորաններ չկային: Ոչինչ չկար: Սակայն մարդկային տեսանկյունից Հայաստանն ավելի զարգացած էր: Հարևանական, ընկերական հարաբերություններն ավելի զարգացած էին: Հիմա մարդիկ ավելի շատ են աշխատում, ժամանակ չունեն իրար համար: Այդ մթնոլորտը չկա այլևս»:

Տիկին Մարոն մի տարի աշխատեց արտաքին գործերի նախարարությունում, հետո «Ազնավուր» հիմնադրամում տնօրենի պաշտոնը ստանձնեց: Ներկայումս նա իրեն նվիրել է Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանությանը և ղեկավարում է Կանանց աջակցման կենտրոնը:

Տիկին Մարոն երկվորյակների մայր է: Նրանք անկախության առաջին սերունդն էին: Երբ եկան Հայաստան՝ առաջին դասարանում էին: Որդին հաստատվել է այստեղ: Երբ կարճ ժամանակով վերադարձան ԱՄՆ, տղան չհավանեց այդ երկիրը: Դուստրը չվերադարձավ, թեև կապը չկտրեց հայրենիքի հետ: Նա՝ որպես կին գիտնական, շատ ավելի դժվար է տանում խտրականությունը կանանց նկատմամբ, գիտական աշխարհում մակարդակի պակասը:

Տղան այստեղ ամուսնացել և ընտանիք է կազմել, աշխատում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: «Նա բախտավոր է, որ ապահովված է, իր մասնագիտությամբ լավ աշխատանք ունի, որովհետև շատերն այսօր գործազուրկ են»,- ասում է Մարոն:

Այնուամենայնիվ, Մարո Մաթոսյանը խոստովանում է, որ Հայաստան գալուց առաջ միամիտ պատկերացումներ ուներ. «Մտածում էինք՝ եթե Սովետական Միությունից դուրս ենք գալիս՝ շատ հարցեր պետք է բարելավվեն, բայց չէինք մտածում, որ սկսվելու են օլիգարխիան, կոռուպցիան, ընտրությունների խախտումները, մարդու իրավունքների խախտումները, դասակարգային անհավասարությունը, անարդարություն է լինելու»:

Միաժամանակ ծագեցին սոցիալական խնդիրներ` առողջապահական և կրթական: Սակայն իրավապաշտպանը, առաջին տարիների հետ համեմատած, շատ փոփոխություններ է տեսնում. «Սովետի մարդը կարծես կաղապարից դուրս եկած լիներ: Հիմա այդպես չէ: Հիմա ինքնուրույնություն կա, անկախ մտածելակերպ , հատկապես երիտասարդների շրջանում շատ նախաձեռնություններ կան: Դա շատ լավ է: Բայց Սովետի ժամանակ էլ առավելություններ կային, մենք չգիտեինք՝ մուրացկանությունն ինչ է, մարդիկ ապահով էին: Հիմա պետական տվյալներով բնակչության 4 տոկոսն անօթևան է. դա հսկա թիվ է: 30 տոկոսը աղքատության մեջ է: Դա իր հետևանքներն ունի մարդու զարգացման և հոգեբանության վրա: Այդ պատճառով չես կարող աճել, չես կարող զարգանալ»:

Չնայած իր իսկ նշած խնդիրներին՝ Մարո Մաթոսյանը երբեք չի զղջացել Հայաստան գալու որոշման համար. «Մտածում էի՝ եթե 3 միլիոն մարդ այսպես է ապրում, ես էլ կարող եմ ապրել: Հասկանում եմ, որ մենք առավելություններ ունեինք: Օրինակ՝ տանը ծեր մարդ չունեինք, որի մասին հոգ պետք է տանեինք կամ նորածին, որի շորերը ձեռքով պետք է լվանայինք: Այո, իհարկե, այդ 3 միլիոնից շատերը հեռանում էին: Անշուշտ, ինչ-որ պահի դա հուսահատեցնող էր: Բայց այն ժամանակ մենք մտածում էինք, որ դա ժամանակավոր է, պատերազմական իրավիճակ է, շրջափակում է, որը երկար չի տևի: Հույսեր ունեինք: Հետագայում հոսանք, տաք ջուր ունեցանք, բայց այլ պրոբլեմներ սկսվեցին»:

Ըստ նրա` կյանքում միայն նյութական բավարարվածությունը բավական չէ և Հայաստանը՝ իր բոլոր խնդիրներով, իրեն ավելի հարազատ է. «Ճիշտ է, շատ եմ բարկանում Թրամփի համար, շատ եմ նեղվում, բայց ավելի ցավում եմ, երբ լսում եմ, որ այստեղ ինչ-որ խնդիր կա: Որպես մասնակցող ավելի անմիջական եմ զգում այդ խնդիրների ազդեցությունը: Մարդիկ այստեղ շատ հետաքրքիր են՝ իրենց գաղափարներով, իրենց ակտիվությամբ, իրենց մակարդակով: Սփյուռքում շատ դժվար է գտնել մի քիչ ավելի մտավորական մարդկանց: Նրանց հետ շատ սահմանափակ խոսակցություն կարող ես ունենալ: Շատերը չեն հետևում հայաստանյան իրադարձություններին: Ես հայկական համայնքների հետ շփվելու առիթ ունեցել եմ և ձեռք եմ բերել գիտելիքներ: Չեմ մեղադրում. դա իրենց առօրյան է, որ տարբեր է: Սակայն ինձ համար այնտեղ հետաքրքիր չէ»:

Միանգամից մի քանի մշակույթների ծանոթ լինելն ազդում է նաև նրա աշխարհայացքի վրա և ստիպում ավելի լայն մտահորիզոն ունենալ. «Եթե երկրից դուրս չես գալիս, միայն մի բան ես տեսնում ու լսում, սահմանափակվում ես: Մարդ զարգանում է ճամփորդելիս: Հատկապես որ ես ապրել եմ տարբեր երկրներում և այնտեղի հոգեբանությունը, մտածելակերպը, մշակույթը ճանաչում եմ, կարողանում եմ համեմատել: Օրինակ՝ շատ եմ լսում, թե մենք հայերս միասնական չենք, իրար դավաճանում ենք… Սուտ առասպելներ են, որովհետև չգիտեն, թե այլ երկրում ինչ է կատարվում: Մի տեսեք, թե Իսրայելում ինչ է կատարվում. իրար հետ չեն կարողանում ապրել, ռուսահրեաները, Աֆրիկայի հրեաները, Եվրոպայի հրեաները իրար հետ լեզու չեն կարողանում գտնել: Արևելյան և Արևմտյան Գերմանիայի գերմանացիները մենթալիտետով իրարից շատ են տարբերվում: Սերունդներ պետք է անցնեն, որ իրավիճակը շտկվի»:

Այնումենայնիվ, տիկին Մարոն դժվարացավ պնդել, որ իր ապագան Հայաստանի հետ է կապում. «Գլոբալիզացիայի պայմաններում ես կարողանում եմ գնալ-գալ, չկտրվել երկու միջավայրերից էլ: Ես շատ կապված եմ Հայաստանի հետ: Գործս այստեղ է, ընտանիքիս մի մասն այստեղ է, ընկերներս այստեղ են: Պարզ է, որ ավելի շատ կապված եմ այս երկրին, բայց չեմ կարող ասել, թե բոլորովին կտրված եմ ԱՄՆ-ից, որովհետև հայրիկս այնտեղ է ապրում, ուրիշ բարեկամներ էլ ունեմ: Ես Ռումինիայում եմ ծնվել: Երբ ԱՄՆ-ում էի ապրում, միշտ կար այդ երկակիության զգացումը: Հետո տեղափոխվեցի Ֆրանսիա՝ կապ կար արդեն ևս երկու երկրի հետ: Հետո եկանք Հայաստան… Իմ ինքնությունը ծագում է միանգամից մի քանի տեղից, չեմ կարող ասել , որ միայն սա է»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: