Հայերեն   English   Русский  

​Բռնաբարությունից «տուժած» աղջիկը հետագայում մեղադրվել է սուտ մատնության համար


  
դիտումներ: 16989

Հասարակության շրջանում խաբելը համարվում է ոչ բարոյական արարք, իսկ իրավական տեսանկյունից սուտ տեղեկությունը կամ վկայությունը քրեորեն պատժելի արարք է:

ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածը պատիժ է նախատեսում այն անձանց համար, ովքեր գիտակցելով, որ իրենց տված տեղեկությունը կեղծ է, հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրանքներ են ներկայացնում:

Սուտ մատնություն կատարելու համար անձը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Կան նաև դեպքեր, երբ անձը սուտ մատնություն է կատարում շահադիտական նկատառումներով: Այս դեպքում օրենքը նախատեսում է ազատազրկում՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Վերջերս ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել սուտ մատնությունների փաստերով հարուցված քրեական գործերի տեսանելի աճի մասին:

«Հարկ է նշել, որ սուտ մատնությունների դեպքերի վերաբերյալ քրեական գործերի աճին էականորեն նպաստել են որոշ քաղաքացիների կողմից իրավունքի չարաշահման դեպքերը, երբ տարբեր հանցագործություններ կատարած անձինք իրենց առաջադրված մեղադրանքից պաշտպանվելու, նախաքննության ընթացքում տված խոստովանական ցուցմունքներն անթույլատրելի դարձնելու, հաճախ նաև իրավապահ մարմնի այս կամ այն աշխատակցից վրեժ լուծելու նպատակով իրականությանը չհամապատասխանող բազմաթիվ դիմում-հաղորդումներ են ներկայացնում կամ հենց դատաքննության ժամանակ հայտարարություններ անում իրենց նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն կիրառելու մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ի գիտություն քաղաքացիների նշենք, որ սուտ մատնությունների փաստով հարուցված քրեական գործերը, որպես կանոն, ավարտվում են մեղադրական եզրակացությամբ և ուղարկվում դատարան` մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով: Ընդ որում, քիչ չեն դեպքերը, երբ այս արարքում մեղադրվող անձինք դատապարտվում են ազատազրկման:

ԾԱՆՈԹԱՑԱՆ ՍՐՃԱՐԱՆՈՒՄ

2014 թ. ամռանը դեռևս համալսարանական Արման Ա.-ն (անունը փոխված է) սրճարանում հանդիպում է մի աղջկա և որոշում ծանոթանալ նրա հետ: Արմանն ասում է, որ դա կարծես սեր էր առաջին հայացքից:

- Շատ լավ եմ հիշում այդ օրը: Ընկերոջս հետ զրուցում էինք սրճարանում, երբ նկատեցի հեռվում նստած աղջկան: Մոտեցա, զրուցեցինք, ծանոթացանք,- պատմում է Արմանը,- այդ օրը կարծես մեր սիրո բարեխոսը դարձավ:

Շուտով Արման Ա.-ի և Կարինե Դ.-ի շփումը նոր փուլ մտավ. դասերից հետո միասին սրճում էին, կինոթատրոն գնում, ժամանակ անցկացնում զվարճանքի այլ վայրերում:

Տևական ժամանակ շփվելուց հետո, Արման Ա.-ն և Կարինե Դ.-ն իրենց ծանոթության առիթը նշելու համար գնացին երևանյան սրճարաններից մեկը. Արմանն առանձնասենյակ պատվիրեց, ու զույգը տրվեց զգացմունքներին. գրկախառնություններ, համբույրներ... Իսկ հետո արդեն զույգն անցավ թույլատրելիի սահմանները:

- Մի քանի ժամ սրճարան-բարում ժամանակ անցկացնելուց հետո սովորականի պես Կարինեին ճանապարհեցի տուն,- ասում է Արմանը,- հետո իմացա, որ նրա ինքնազգացողությունն այդ օրը՝ ուշ երեկոյան, վատացել է: Վախենալով ու երևի այլընտրանք չունենալով՝ Կարինեն ծնողներին պատմում է կեսօրին իր հետ կատարվածը, սակայն դեպքն այլ երանգներով է ներկայացնում:

Կարինեն ծնողներին պատմում է, որ իր ընկերոջ՝ Արմանի հետ կեսօրին գնացել է երևանյան սրճարաններից մեկը, որտեղ Արմանն իբր սպառնացել է իրեն, որ սուտ տեղեկություններ կհայտնի իր մասին, եթե իր հետ սեռական հարաբերություն չունենա: Աղջիկը ծնողներին ներկայացրել է, թե ստիպված է գնացել այդ քայլին:

Ծնողները նախ շտապօգնություն են կանչել, Կարինեին հիվանդանոց են տեղափոխել, որտեղ էլ նրան համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել: Հաջորդ օրը առավոտյան Կարինեի հայրը աղջկան առաջարկել է դեպքի մանրամասները հայտնել իրավապահներին:

ՍՏԻ ՈՏՔԸ ԿԱՐՃ Է

Կարինեն իրավապահներին հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում՝ նշելով, որ ընկերն իր հասցեին սպառնալիքներ է հնչեցրել ու բռնաբարել է:

Աղջկա հաղորդումն ընդունվում է. օրեր անց քննչական մարմնում հարուցվում է քրեական գործ ու կատարվում նախաքննություն:

Հարցաքննության է կանչվում ենթադրյալ մեղադրյալը՝ Արման Ա.-ն: Նա վարույթն իրականացնողին ասում է, որ, այո՛, իրականում իրենք սեռական հարաբերություն ունեցել են, բայց ինքը չի սպառնացել, դա եղել է իրենց երկուսի կամքով:

Քննության փուլում ամիսներ անց տղան ներգրավվում է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածով (բռնաբարություն), սակայն քննիչը դեռ չի շտապում մինչդատական վարույթում դատարան դիմել ուսանող Արմանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար:

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվում են բազմաթիվ քննչական ու դատավարական գործողություններ, նշանակվում են բազմաթիվ փորձաքննություններ:

Նախաքննությունը գրեթե ավարտի շեմին է մոտենում, երբ Կարինեն նախ ծնողներին, ապա քննիչին հայտնում է, որ իրականում Արմանն իրեն չի բռնաբարել: Ինքը դեպքը խեղաթյուրել է, որպեսզի խուսափի ծնողներին «հետաքրքրող» հարցերից:

Քրեական գործը քննող քննիչը որոշում է կայացնում Արման Ա.-ի նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը և հանցագործության դեպքի բացակայության հիմքով կարճել քրեական գործով վարույթը: Միաժամանակ քրեական գործի նյութերով քննիչը հարուցում է նոր քրեական գործ արդեն Կարինե Դ.-ի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի կապակցությամբ: Հենց այս քրեական գործով էլ Կարինեին մեղադրանք է առաջադրվում այն հանցավոր արարքի համար, որ նա, գիտակցելով իր կողմից տրամադրված տեղեկության կեղծ լինելը, բռնաբարություն կատարելու մեջ անհիմն մեղադրել է Արման Ա.-ին:

Դատարանն աղջկա կողմից կատարված արարքը չի արդարացրել, բայց մեղմ է վերաբերվել՝ հաշվի առնելով, որ զույգն օրինականացրել է հարաբերությունները:

ԴԵՊՔԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿՈՂՄԸ

Հոգեբան Հակոբ Թումասյանը Կարինե Դ.-ի պատմության պես բազմաթիվ ճակատագրեր գիտի, երբ տղան ու աղջիկը տրվում են զգացմունքներին և հետո հայտնվում իրավապահների ուշադրության կենտրոնում:

- Մենք պետք է հաշվի առնենք, որ ապրում ենք մի երկրում, որտեղ ազատ սեռական հարաբերությունները չեն խրախուսվում: Մինչդեռ թե՛ հոգեբանական, թե՛ մյուս առումներով կարծում եմ, որ դա անձի ընտրությամբ պետք է պայմանավորված լինի: Ես կարող եմ միայն հոգեբանական մասով ախտորոշել, բայց վստահ եմ, որ այստեղ նաև որոշակի բժշկական խնդիրներ կան,- ասում է Հ. Թումասյանը:

«Անկախի» հետ զրույցում հոգեբանն անկեղծացավ. «Իմ գործունեության ընթացքում պատահել են աղջիկներ, որոնք եկել են ինձ մոտ հենց այս հարցով: Դեպքեր են եղել, որ կուսությունից զրկվելու հարցի լուծումը աղջիկը տեսել է ինքնասպանություն գործելու մեջ: Բարեբախտաբար, մասնագիտական օգնություն ցույց տալուց հետո աղջիկը հասկացել է, որ դա իր որոշումն է և պարտադիր չէ լսել ուրիշների կարծիքը»:

Աղջիկները հետագայում խնդրի առաջ չե՞ն կանգնի հարցին ի պատասխան հոգեբանը ժպտում է. «Խնդիրը մեզ մոտ ազգային է: Անձի սեռական անձեռնմխելիությունը մենք՝ հայերս, հաշվի չենք առնում, և դրա մեջ ենք փնտրում ապագա երջանկությունը: Երբ հարցուփորձ ենք անում ու հանկարծ նկատում «շեղումներ», պարտադրում ենք ամուսնալուծվել: Ամուսնալուծությունները, ընտանիքում միմյանց նկատմամբ անվստահությունը նաև շրջապատի պատճառով է: Ֆրանսիացի մի հոգեբան հետազոտություններ է անցկացրել ու հանգել այն եզրակացության, որ ժամանակակից աշխարհում ընդունելի է ոչ թե աղջկա կույս լինելը, այլ նրա հավատարմությունն ամուսնությունից հետո»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: