Հայերեն   English   Русский  

«Դեպի ցմահ ազատություն». լույս տեսավ Մհեր Ենոքյանի չորրորդ գիրքը


  
դիտումներ: 4763

«Շուտով կլինի 20 տարի, որ այստեղ եմ, ո՞նց ապրեցի՝ հակառակ անհոգի համակարգի մեզ սատկացնելու բոլոր ջանքերին: Շատերը մահացան կլոր բանտում ՝ չգտնելով փրկության բանաձևը:… 20 տարի առաջ սկսվեց իմ պայքարը դեպի ՑՄԱՀ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ»:

Այսօր ` նոյեմբերի 26-ին, «Նարեկացի» արվեստի միության տանը տեղի ունեցավ Մհեր Ենոքյանի 4-րդ` «Դեպի ցմահ ազատություն» գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին արվեստի գործիչներ, լրագրողներ և պարզապես մարդիկ, ում անտարբեր չէր թողել 19 տարի «կլոր գերեզմանի ներսում» գտնվող մարդու ճակատագիրը և նրա ստեղծագործությունները:

Մհեր Ենոքյանը ծնվել է Երևանում 1975 թվականին, բժիշկների ընտանիքում: Սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի ատամնաբուժական ֆակուլտետում: 1996 թվականին, 3-րդ կուրսում մեղադրվել է սպանության մեջ ու դատապարտվել մահապատժի, որը 2003 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: Մհեր Ենոքյանը երբեք իրեն մեղավոր չի ճանաչել. «Մեղավոր եմ այնքանով, որ միգուցե վախից չկարողացա փրկել ընկերոջս կյանքը»:

«Դեպի ցմահ ազատություն» պատմվածքը ներկայացվել է Orange-ի հայտարարած մրցույթին: Նախնական փուլն անցնելուց հետո ընկերության ղեկավարությունը պահանջել է, որ ժյուրիի անդամները չքվեարկեն Մհերի պատմվածքի օգտին( ցմահ ազատազրկվածի պատմվածքի հաղթանակը կարող էր վնասել ընկերության բիզնես շահերին): Շուտով այս մասին հայտնի դարձավ: Գրող, լրագրող Վահան Իշխանյանի նախաձեռնությամբ ակցիա սկսվեց սոցիալական ցանցերում և բազմաթիվ մարդիկ չընդունեցին մրցույթի որոշումը: Արդյունքում հանրության ուժերով, հանգանակության շնորհիվ «Դեպի ցմահ ազատությունը» այնուամենայնիվ լույս տեսավ:

Բացի այս գրքից, լույս են տեսել Մհերի «Ես զրուցում եմ քեզ հետ, մարդ», «Զուգահեռ աշխարհում» գրքերը, համացանցում կարելի է գտնել նրա պատմվածքներից «Իրական պատմությունը»` երկրորդ փախուստի մասին և այլ գործեր:

Մհեր Ենոքյանը Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի հեռակա բաժնի ուսանող է :

«Դեպի ցմահ ազատություն» պատմվածքը պատմում է հայկական բանտի մասին` 90-ականներից մինչև օրերս, բանտում չորս պատի մեջ սահմանափակված, սակայն գեղեցիկը տեսնելու ընդունակությանը չկորցրած մարդկանց մասին: Թեև «այստեղ Ողջ մնալու բանաձևը` ոչ մեկի չհավատալ, ոչինչ չխնդրել, ոչ մեկից և ոչնչից չվախենալ, չսիրել, չկարոտել, չխղճալ...»-ն է, սակայն «ռոբոտ-դատավոր-գերեզմանափորները» ի վիճակի չեն սպանելու միակ բանը, որ մնացել է ցմահ դատապարտվածին. «Ես ՈՂՋ եմ, որ կարող եմ Սիրել, Կարոտել, Արտասվել, Նկարել, Տխրել, Տառապել, Հրճվել»:

Հայաստանում իրավապաշտպանները բազմիցս բարձրաձայնում են 90-ականներին և դրանից հետո տեղի ունեցած մարդու իրավունքների բացահայտ խախտումներով իրականացված նախաքննությունների և դատարանի կողմից անարդար դատավճիռների մասին, որոշումների մասին, որոնք թեև ընդունվել են տարիներ առաջ, սակայն որոնց պատճառով այսօր մի քանի տասնյակ մարդիկ շարունակում են մեկուսացած մնալ հասարակությունից:

Շնորհանդեսի ընթացքում ցուցադրվեց «Լսե´ք մեր ձայնը» ֆիլմը անազատության մեջ գտնվող 11 դատապարտյալների մասին, որոնց ճակատագիրը այլ կլիներ, եթե Հայաստանում արդարադատության համակարգը իսկապես արդար լիներ: Ներկայացվեցին տարբեր տարիների ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանի, Մհեր Ենոքյանի, Արթուր Մկրտչյանի և այլոց պատմությունները:

Ֆիլմի հեղինակն է «Հետք» ինտերնետային թերթի իրավական բաժնի լրագրող Զարուհի Մեջլումյանը, ով վերջին տարիներին մեծ ջանք է գործադրել ցմահ դատապարտվածների ձայնը հասարակությանը լսելի դարձնելու համար:

Նա իր խոսքում նշեց, որ պետական համակարգը դեռևս լուռ է: Միայն արվեստի գործիչները և գրչի մարդիկ են արձագանքում այս խնդրին: Լրագրողի համար «կատալիզատոր» է եղել այն, որ մամուլին հետևելով տեսնում էր`անգամ ավելի կատարյալ արդարադատության համակարգ ունեցող երկրներում 30 տարի հանցագործի խարան ունեցող մարդիկ արդարացվում են, երբ պարզվում է, որ նրանց դատական սխալի պատճառով են մեղադրվել. «Մենք այստեղ հանգիստ արտասանում ենք «30 տարի» բառը, բայց դա մարդու ամեն չապրած գարունն է, մարդ, ում հասարակությունը մշտապես ընկալել է որպես հանցագործ, բայց մի օր նա կարողանում է մաքրել այդ խարանը շնորհիվ իրավապաշտպանների և իրավաբանների: Այո´, մեր բանտերում կան անմեղ մարդիկ, այո´, հեռավոր-մոտիկ 90-ականներին եղել են այդպիսի դատավճիռներ, երբ մեկ անձի ցուցմունքով մարդիկ դատապարտվել են մահապատժի, իրեղեն ապացույցները ոչնչացված են, և այսօր մեր բոլոր փորձերը վերաբացելու այդ քրեական գործերը ձախողվում են: Սակայն տեղաշարժ ունենք երկու քրեական գործով: Մենք Հելսինկյան կոմիտեի հետ միասին պայքարում ենք, որ պետական համակարգը ևս ընդունի, որ դատավճիռներում հնարավոր են սխալներ, որոնց հավանականությունը ընդունում են հարյուրամյակների դատական համակարգի փորձ ունեցող երկրները»:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, ով արդեն երկար տարիներ պայքարում է Մհեր Ենոքյանի և այլ ցմահ դատապարտվածների իրավունքները պաշտպանելու համար, նշեց, որ իսկապես ՀՀ դատական համակարգը անթերի չի գործում, հաշվի չեն առնվում կարևոր հանգամանքներ, այդ թվում` հարցի հոգեբանական կողմը: «Ես ինձ վրա մեծ պատասխանատվություն եմ զգում: Երբ Մհերը երկրորդ անգամ փախուստից հետո ծանր վիճակում էր ինքնավնասման հետևանքով, ես այցելեցի նրան: Այն ժամանակ և´ նա, և´ Սողոմոն Քոչարյանը ուզում էին մեռնել: Ես այն ժամանակ Մհեր Ենոքյանին մի բան խոստացա. եթե զգամ, որ այլևս հույս չկա, խոստանում եմ ասել դա: Ես դեռևս հույս ունեմ», - ասաց Ավետիք Իշխանյանը:

«Ես ու մայրս մեծագույն բավականությամբ և ուշադրությամբ կարդացինք նրա գործերը և երբեք չհոգնեցինք: Այն, ինչ ապրում են այս տղաները, սա շատերը պետք է տեսնեն: Ընդհանրապես սա հոգևոր նշանակություն ունեցող մի փաստ է: Ամեն վայրկյան յուրաքանչյուրիս հետ կարող է նման բան պատահել, և պետք է զգույշ վերաբերվենք մեր կյանքին, այն ամենին, ինչ ունենք», - ասաց Աննա Մայիլյանը:

«Նրա մեծ հոգու տեր լինելը, նրա պարզ, ազնիվ, կյանքով լի, գեղեցիկ ապրելու ցանկությունը` և´ մինչև ճակատագրի շեղվելը, և´ դրանից հետո ապացուցում են, որ նա իսկապես կամք ունի, ուժեղ մարդ է, դեռ պայքարում է ու իր խորհուրդները, իր հիշողությունները փոխանցում է ազատության մեջ գտնվող մարդկանց: Սրանից առավել ինձ ուրախացնում է, որ մեր հասարակությունը կամաց –կամաց կարողանում է վեր բարձրացնել գլուխը անձնական հոգսերից և նկատել մեկ այլ ճակատագիր ունեցող մարդկանց խնդիրները», - իր հերթին նշեց Մհեր Ենոքյանի մայրը` Վարդուհի Օհանյանը:

Միջոցառման վերջում մասնակիցները ստորագրեցին հանրության կողմից Մհերին տրվող պատվոգիրը, որը կուղարկվի «Նուբարաշենի» քրեակատարողական հիմնարկ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: