Հայերեն   English   Русский  

​Ընթերցասերը Մոյրաների նոթատետրում կգտնի ծանոթ էջեր


  
դիտումներ: 1392

Նոյեմբերի 26-ին Պետական Տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ Անուշ Ասլիբեկյանի ՞Մոյրաների նոթատետրից՞ նոր գրքի շնորհանդես-վաճառքը:

"Մոյրաների նոթատետրից" գիրքը Անուշ Ասլիբեկյանի երկրորդ ժողովածուն է, որտեղ ընդգրկված են տասնյակ պատմվածք եւ մեկ վիպակ, ինչպես նախորդ՝ 'Բարի գալուստ իմ հեքիաթ", այնպես էլ այս ժողովածուն հեղինակն առաջադրում է իր ուրույն գեղագիտությունը իրական եւ երեւակայական խաղերի օգնությամբ ներկայացնում է երբեմն անհավանական, բայցեւ իրական պատմություններ ու ճակատագրեր:

Բացահայտուն ընդգծումներով արտահայտում է տվյալ ժամանակաշրջանի շունչն ու ոգին, բարքերն ու սովորույթները, բացահայտում մարդկային տարաբնույթ փոխհարաբերություններ հաճախ բարդ եւ հակասական: Պատմություններն իբրեւ թե ճակատագրերի երեք աստվածուհիների՝ Մոյրաների նոթատետրից են, որոնք հենց իրենք էլ մանել, հյուսել ու հանկարծ կտրել են տվյալ հերոսի ճակատագրի թելը:

Երաժիշտ Վահան Արծրունին Անկախի հետ զրույցում նշեց, որ նա եւ իր կինը, որը գրքի հեղինակն է, շուրջ մի քանի ամիս աշխատել են գրքի ստեղծման վրա, նա ականատեսն է եղել Անուշի ստեղծագործական ապրումներին, կազմակերպչական եւ արտադրական աշխատանքներին: Յուրաքանչյուր ստեղծագործական նվաճում իրենք ցնծությամբ են տոնում եւ ընկալում որպես նոր զավակի ծնունդ:

Վահան Արծրունին կնոջը մաղթեց լրջագույն վերելք գրականության ոլորտում:

Անուշ Ասլիբեկյանը մի շարք թատերախոսականների եւ գրախոսական հոդվածների հեղինակ է, ստեղծագործություններն ու հոդվածները տպագրվել են բազմաթիվ պարբերականներում, ժողովածուներում, ինչպես նաեւ Սփյուռքի մամուլում:

2012թ.-ից Հայաստանի Գրողների միության անդամ է:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: