Հայերեն   English   Русский  

​Ադրբեջանը` ահաբեկիչների զենքի մատակարար. միջազգային արձագանքն ուշանում է


  
դիտումներ: 9774

Ադրբեջանի` ահաբեկչական պետություն լինելու հանգամանքը հայկական կողմը բարձրաձայնում է տարիներ շարունակ:

Եվ ահա բուլղարացի լրագրող Դիլյանա Գայտանջիևայի հետաքննությունը ևս մեկ անգամ ապացուցում է այդ հանգամանքը: Բուլղարիայում ադրբեջանական դեսպանատան վրա հաքերային հարձակման արդյունքում բացահայտված փաստաթղթերի համաձայն` վերջին 3 տարիների ընթացքում Ադրբեջանական Silk Way պետական ավիաընկերությունը 350 չվերթ է իրականացրել դիվանագիտական բեռների անվան տակ: «Դիվանագիտական» բեռները, սակայն, իրականում զինամթերք են պարունակել, որոնք մատակարարվել են Սիրիա, Իրաք, Աֆղանստան, Պակիստան, Կոնգո և այլն:

Հոդվածի համաձայն` անօրինական զենքը կարող է օգտագործված լինել նաև Արցախում 2016-ի ընթացքում: Ըստ նյութի` վերջին երկու տարիներին այդ ընկերությունը նաև 202 տոննա սպիտակ ֆոսֆոր է տեղափոխել, որի օգտագործման համար անցած տարի Ադրբեջանը Հայաստանին էր մեղադրում: Ադրբեջանական ջանքերով «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական խմբավորումների զինյալների ձեռքին են հայտնվել մի շարք լուրջ զինատեսակներ:

Ուշագրավ է, որ համաձայն հոդվածի` զենքի անօրինական առքուվաճառքի վրա աչք են փակել մի շարք երկրներ, օրինակ՝ Բուլղարիան, Թուրքիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Հունաստանը և այլն:

«Սիրաիայում ես իմ աչքի առջև բազմաթիվ մեռնող քաղաքացիների տեսա, որոնք տուժել են ահաբեկիչներին տրամադրված հենց այդ նույն հրթիռներից, և որոնք ինչպես պարզվեց, դիվանագիտական չվերթների միջոցով էին տարածվել: Աշխարհը պետք է իմանա ճշմարտությունը: Սա ոչ թե միայն փողերի համար իրականացվող կեղտոտ բիզնես է, այլև բիզնես է` ուղեկցվող երեխաների և անմեղ մարդկանց մահով, և այն պետք է անմիջապես դադարեցվի»,- «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է հետաքննությունն իրականացրած լրագրողը` միջազգային հանրությանը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և համաշխարհային ԶԼՄ-ներին կոչ անելով հետաքննել բացահայտված փաստերը:

Միջազգային մամուլը, սակայն, դեռևս չի արձագանքել այս թեմային: Բուլղարական պարբերականի բացահայտումներին մեծ մասամբ անդրադարձել են հայաստանյան լրատվամիջոցները և մի քանի ռուսական պարբերականներ:

Իսկ ահա ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարել է, որ հայկական կողմը մանրակրկիտ ուսումնասիրում է շուրջ 8 GB ծավալով ինֆորմացիան Ադրբեջանի կողմից զենքի անօրինական վաճառքի վերաբերյալ:

«Արդեն տևական ժամանակ է՝ այդ գործով փաստաթղթերն ուսումնասիրվում են: Եթե դրույթներ լինեն, որոնք հակասում են մեր շահերին, միանշանակ այդ հարցը կբարձրացվի»,- ասել է նա:

Անօրինական զենքի առքուվաճառքի բացահայտման հետ համընկավ Ադրբեջանի կողմից իրավիճակի հերթական լարումը Արցախում: ՊԲ հաղորդմամբ` հուլիսի 4-ին Ադրբեջանն առաջին անգամ ապրիլյան պատերազմից հետո հրետակոծել է ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքից` թիրախում ունենալով զորամասերից մեկի հրամանատարական կետը:

Հայկական կողմը ստիպված է եղել պատասխան գործողություններ ձեռնարկել, ինչի արդյունքում լռեցվել է Արխանլու գյուղում տեղակայված կրակակետը: Ադրբեջանական կողմի պնդումներով` հայկական կողմի պատասխան գործողությունների հետևանքով երկու քաղաքացիական անձ է զոհվել` 50-ամյա մի կին և 2-ամյա մի երեխա:

Արցախի ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Թշնամի երեխա չի լինում, առավել ևս 2 տարեկան, բայց լինում են դեպքեր, երբ վախկոտ անգլուխների մեղքով երեխա է զոհվում: Այդպես եղավ հուլիսի 4-ի երեկոյան, երբ խաղաղ բնակչության թիկունքում թաքնված ադրբեջանական «հզոր» բանակի ասկյարը, հայկական ուժերի դեմ կիրառելով ռեակտիվ հրթիռահրետանային կայանք, թիրախավորեց ոչ այլ ում, քան հենց 2 տարեկան աղջնակին։ Ի տարբերություն նեոլիթյան մտածողությամբ մեր հարևանների, մենք ստիպված ենք ցավով արձանագրել այս փաստը և ափսոսանք հայտնել: Ընդունեք որպես անձնական կարծիք»:

Նշենք, որ ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով Տավուշի մարզում 3 քաղաքացիական անձ էր զոհվել` մեկ կին Պառավաքարում և 2 կին Բերդավանում: Իսկ 2016-ի ապրիլին Արցախի Մարտունիում 12-ամյա երեխա զոհվեց, ևս երկուսը վիրավորվեցին: Թալիշում ադրբեջանական զինվորականները սպանել էին երեք քաղաքացիական անձանց, որոնք չէին հասցրել հեռանալ բնակավայրից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: