Հայերեն   English   Русский  

​Գլխատված մարմինը չի կարող քայլել ու գործել. Իշխանյանը ԳՊԿ որոշման մասին


  
դիտումներ: 10292

«Այս քայլը նման է նրան, որ մարմինը գլխատվի ու ասվի` առանց գլխի գործիր»,- ասում է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Իշխանյանը՝ մեկնաբանելով Գիտության պետական կոմիտեի որոշումը, ըստ որի՝ 70 տարեկանից բարձր գիտնականներին արգելվում է ղեկավարել ԳՊԿ դրամաշնորհային ծրագրերը։

Իշխանյանը շեշտում է, որ Հայաստանում գիտության ոլորտի առանձնահատկություններից է միջին տարիքի մասնագետների պակասը: Երիտասարդները, գալով գիտություն, որոշ ժամանակ անց մեծ մասամբ կա՛մ այլ ոլորտ են տեղափոխվում, կա՛մ այլ երկրում հաստատվում՝ ընդունելով աշխատանքի շահավետ առաջարկները։ Խնդիրն ընդունում է նաև ԳՊԿ-ն՝ հավելելով, որ դա բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլ ողջ ԱՊՀ տարածքին։

Իշխանյանի խոսքով՝ միջին սերնդի ներկայացուցիչ գիտնականների բացակայության պայմաններում տարեց գիտնականներին ծրագրեր ղեկավարել արգելելը ոչ այլ ինչ է, եթե ոչ երկրում գիտությունը վերացնելուն միտված քայլ։

Նա, բնական գիտությունների ոլորտի իրավիճակն ամփոփելով, ասում է, որ մեզ մոտ, ցավոք, գիտական խմբերի շարժիչ ուժը հիմնականում հենց տարեց գիտնականներն են, որոնք միջազգային ճանաչում, հեղինակություն և կապեր են ձեռք բերել։ Մինչդեռ խմբերում ընդգրկված երիտասարդ մասնագետները, չնչին բացառություններով, դեռևս չունեն գիտական խնդիրներ առաջադրելու, ծրագրեր իրականացնելու բավարար փորձ և հմտություն, բացի այդ, դրամաշնորհի պայմանների համաձայն, ծրագրի ղեկավար չի կարող լինել խմբի անդամներից մեկի վարչական ենթակայության տակ գտնվող անձը։ Ուստի այս դրույթների պատճառով հաճախ դրամաշնորհների դիմելու հնարավորությունից զրկվում են ոչ միայն 70-ն անց գիտնականները, այլև նրանց ողջ գիտական խումբը։

«Կան կոնկրետ օրինակներ։ Պարզ վիճակագրությունը ցույց է տալիս հետևյալը։ Այս որոշման հետևանքով ինչ-որ թվով երիտասարդներ, միգուցե, այո, մի քիչ առաջ շարժվելու հնարավորություն են ստանում (ասում եմ մի քիչ, քանի որ գիտության ոլորտում ծայրահեղ ցածր վարձատրության պայմաններում, միևնույն է, հետագայում գիտության մեջ մնալու նրանց շանսը շատ փոքր է)։ Սակայն զգալիորեն ավելի մեծ է այն երիտասարդների թիվը, որոնք հակառակը՝ առաջիկայում զրկվում են գիտական դրամաշնորհներում ընդգրկվելու հնարավորությունից, այն դրամաշնորհներում, որոնք կարող էին ստանալ նրանց գիտական ղեկավարները։ Այստեղ հարկ է նշել, որ ավագ սերնդի գիտնականներն աշխատում են չնչին վարձատրությամբ, հիմնականում՝ նվիրումի շնորհիվ, ինչը, բնականաբար, չես սպասի ու պահանջի երիտասարդներից, հետևաբար այս որոշման հետևանքով երիտասարդների արտահոսքը գիտությունից կարող է անգամ աճել»,- ասում է նա։

Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատողները, ԳՊԿ որոշումը համարելով իրենց իրավունքների ոտնահարում, արհմիութենական կոմիտեի նիստում որոշում են կայացրել, որով կոչ են անում ԳՊԿ-ին չկիրառել այդ սահմանափակումը։ Նրանք շեշտում են, որ ԳՊԿ նորամուծությունը Հայաստանում գիտության զարգացման տեսանկյունից խիստ վնասակար են համարում։

Եթե գիտաշխատողները նշում են, որ աշխարհում չլսված բան է, որ մարդուն արգելեն գիտությամբ զբաղվել՝ պայմանավորված տարիքով, ապա ԳՊԿ-ն պնդում է, որ որոշում կայացնելիս հաշվի է առնվել միջազգային փորձը։

«Արտասահմանում այդպիսի բան կա, ես ինքս երկար տարիներ աշխատել եմ Իտալիայում՝ Ֆլորենցիայում: Իտալիայում 65-ից բարձր տարիքի մարդիկ այլևս ամբիոնի վարիչ, դեկան, ծրագրի ղեկավար չեն լինում և զբաղվում են գիտական աշխատանքով»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԳՊԿ նախագահ Սամվել Հարությունյանը։

Մեկնաբանելով գիտնականների աշխատանքի իրավունքը՝ Հարությունյանն ասել է, որ որոշումը վերաբերում է միայն ծրագրեր ղեկավարելուն։

«Ամբողջ աշխարհում ընդունված ձև է. եթե ուզում ենք սահուն սերնդափոխություն լինի, եթե ուզում ենք, որ երիտասարդներն իրենց ոլորտում զբաղվեն նաև գիտության մենեջմենթով, կազմակերպչական խնդիրներով, ապա այլ եղանակ ես չեմ տեսնում, պետք է մեկը գնա, մյուսը շարունակի այդ աշխատանքը»,- ասել է նա։

Իսկ «Փաստ» պարբերականի հարցմանն ի պատասխան՝ ԳՊԿ-ից նշել են. «Խմբի ղեկավարի համար տարիքային սահմանափակման դրույթը ոչ մի կերպ չի կարող խաթարել խմբի աշխատանքը, եթե խմբում առկա է 70 տարեկանից ցածր առնվազն մեկ մասնագետ, որը կարող է բավարարել հայտում նշված միջազգայնորեն ընդունելի և ընկալելի պայմանները: Հակառակ դեպքում նման կադրերի բացակայությունը խմբում կարող է կասկած առաջացնել թեմայի հաջող իրականացման կապակցությամբ, քանի որ 4–5 հոգու համար նախատեսված գիտական աշխատանքը չի կարող կատարվել կամ պայմանավորված լինել միայն 1 կատարողի գործոնով»:

Անդրադառնալով տարեց մասնագետներին փոխարինողներ չլինելու հանգամանքին՝ Հարությունյանն ասել է, որ եթե դա այդպես է, նշանակում է, որ այդ գիտնականներն իրենց «սուրբ պարտականություններից մեկը չեն կատարել»։

«Եթե գիտնականը մինչև 70 տարեկանը չի պատրաստել գործին տիրապետող երիտասարդ մասնագետ, այն էլ այն դեպքում, երբ «երիտասարդ» հասկացությունը վերաբերում է մինչև 70 տարեկան տարիքային միջակայքին, ապա նույն պրոբլեմը կառաջանա թեմայի կատարումից հետո, և տվյալ թեմայի հետագա ճակատագիրն ու շարունակականությունն ընդհանրապես պարզ չէ»,- ասված է ԳՊԿ պատասխանում։

Մեկնաբանելով Գիտպետկոմի պարզաբանումը՝ Իշխանյանն ասում է, որ այն հնչում է բավական անհամոզիչ։ «Հարգելով պարոն Հարությունյանի տեսակետը՝ չեմ կարող չնշել, որ այստեղ կա թյուրըմբռնում։ Բանն այն է, որ որոշումն առնչվում է թեմատիկ ֆինանսավորմամբ հայտարարված դրամաշնորհային ծրագրերին, իսկ թեմատիկը ենթադրում է նոր գիտական գաղափարների և համապատասխան ծրագրերի, թեմաների առաջադրում։ Հետևաբար, եթե տարեց գիտնականը պատրաստել է արժանի հետնորդ, ապա վերջինիս «սուրբ պարտականություններից» է սեփական գաղափարների ու ծրագրերի առաջքաշումը։ Այնպես որ՝ նա պետք է հանդես գա իր առանձին թեմայով և թիմով։ Եվ տրամաբանությունն ասում է, որ երկուսին էլ պիտի հնարավորություն տրվի մասնակցելու մրցույթներին և ֆինանսավորվի այն ծրագիրը, որն ավելի ազդեցիկ է գիտաչափական չափանիշներով կամ երկուսն էլ, եթե դրանք հավասարաչափ բարձրակարգ են։ Սա այն մոդելն է, որը կիրառվում է արտասահմանում։ Օրինակ՝ հանրահայտ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) պահանջներում, որի խորհրդում Հայաստանը ներկայացնում է հենց պարոն Հարությունյանը, տարիքային սահմանափակման կետ չկա։ Տարիքային սահմանափակումը կիրառվում է վարչական պաշտոնների դեպքում, ոչ թե գիտական գործունեության։ Վարչական պաշտոնների պարագայում, որտեղ մեծ է վարչարարական բաղադրիչը, տարիքային սահմանափակումը հասկանալի է, անշուշտ ցանկալի է այդտեղ ներգրավել նոր մտածելակերպ ունեցող երիտասարդ մենեջերների։ Կրկնենք՝ ի տարբերություն թեմատիկի, որը ենթադրում է նոր ծրագրերի ու հեղինակային գիտական գաղափարների կարճաժամկետ փորձարկում, բազային ծրագրերն առնչվում են տարիներով կայացած ուղղությունների ու խնդիրների և սովորաբար կատարվում են մեծ կոլեկտիվներով` լաբորատորիաների մասշտաբով։ Այդտեղ է, որ փոխարինող չպատրաստելն իրոք թերացում է, և այդ բազային թեմայի կատարումն իրոք հարցականի տակ կդրվի հետագայում»,- ասում է նա։

Իշխանյանը նաև նշում է, որ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի (ՖՀԻ) աշխատակիցների՝ ՀՀ և ԱԺ նախագահներին, վարչապետին, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ և ԿԳՆ Գիտպետկոմի նախագահներին ուղղված բողոքի տակ ստորագրել են շատ երիտասարդ գիտնականներ, որոնք ներկայումս տուժում են այդ որոշումից։ «Ես շատ տարիներ՝ մեկուկես տասնամյակից ավելի, զբաղվել եմ երիտասարդ գիտնականների խնդիրների բարձրաձայնմամբ և այժմ էլ, քննարկելով հարցը բազմաթիվ երիտասարդների հետ, կարող եմ փաստել, որ այս որոշումն ընդհանուր առմամբ չի բխում նրանց երկարաժամկետ շահերից (փոքրաթիվ բացառությամբ), կամ առնվազն այս որոշման արդյունավետությունը շատ ցածր է»,- ասում է նա։

Իշխանյանի կարծիքով՝ այն դիմադրությունը, որ այս որոշումն առաջացրել է գիտական հանրության ներսում, բնութագրական է. «Արդեն իսկ այսպիսի ալիքը (թերևս ամենամեծը Գիտպետկոմի տասնամյա պատմության ընթացքում), և այն էլ առավելապես ակտիվ ու արդյունավետ աշխատող շերտի շրջանում, խոսում է այն մասին, որ արժե հետաձգել այս որոշման կիրարկումը և կատարել լրացուցիչ կոնսուլտացիաներ ու քննարկումներ։ Կարծում եմ՝ արժե դիմել գիտական ինստիտուտների կոլեկտիվներին՝ նրանցից ստանալու գրավոր կարծիքներ այդ մասին։ Սա իմ պոզիտիվ առաջարկն է»։

Կրճատվում է նաև գիտության ֆինանսավորումը

Գիտության խնդիրները միայն տարեց մասնագետներին ուղղված սահմանափակումներով չեն ավարտվում։ Հաջորդ տարվա բյուջեով նախատեսվում է գիտությանը հատկացվող ֆինանսավորումը կրճատել 7 տոկոսով։ Սա աննախադեպ ցուցանիշ է։

Նշենք, որ մինչ այս գիտության ֆինանսավորումը կազմում էր ՀՆԱ-ի 0,25 տոկոսը։ Մինչդեռ զարգացած և ուժեղ գիտություն ունեցող երկրներում գիտությանն է հատկացվում ՀՆԱ-ի առնվազն 1 տոկոսը։

«Սա օրենքի խախտում է։ Օրենքի համաձայն՝ ՀՆԱ-ի աճին զուգահեռ պետք է աճի նաև գիտության ֆինանսավորումը,- ասում է Իշխանյանը:- Հերիք չէ, մեզ մոտ գիտությանն անհրաժեշտ ծավալից 4 անգամ պակաս ֆինանսավորում էին հատկացնում, դա էլ նորից կրճատում են»։ Իշխանյանը, անդրադառնալով «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությանը, ասում է, որ տարիների պայքարի արդյունքում գիտության ֆինանսավորումն ավելացել է մեկ հարյուրերորդական տոկոսով, բայց կրճատվում է միանգամից 7 տոկոսով։

Խոսելով միջոցներն ավելի շատ կիրառական ուղղություններին հատկացնելու մտադրության մասին՝ Իշխանյանն ասում է, որ դա արդյունավետ կլինի, եթե գիտության ֆինանսավորումը մեծացվի 10 անգամ։ «Քանի դեռ տնտեսությունը պատվեր չի տալիս՝ լուրջ փոփոխությունների մասին խոսք լինել չի կարող»,- ասում է նա։

Ասում է, որ հայաստանյան գիտնականների ստեղծածները հաջողությամբ կիրառություն են գտել առաջատար տեխնոլոգիական ընկերություններում, բայց ոչ Հայաստանում, քանի որ չունենք բարձր տեխնոլոգիական տնտեսություն։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: