Հայերեն   English   Русский  

​Ուրարտական արձանագրությունները սխալ են վերծանված, նոր վերծանման կարիք կա. հայագետ


  
դիտումներ: 16484

Հայագետ Համլետ Մարտիրոսյանը կարծում է, որ ուրարտական սեպագիր արձանագրությունները պետք է զրոյից նորից վերծանել` մերժելով մինչ այս առկա վերծանությունները: Նա վստահ է` XIX դարում վերծանման հիմքում սխալ մոտեցում է դրվել, որը և շարունակվում է մինչ օրս:

«Տարածաշրջանում ստեղծել են ազգություն, որը գոյություն չի ունեցել: Եվ դա արվել է գրերի սխալ վերծանման միջոցով»,- ասում է նա:

Ուրարտական սեպագիր արձանագրություններն առաջինը XIX դարում վերծանել է հայտնի բրիտանացի ասուրագետ Արչիբալդ Սեյսը: Նրա վերծանման սկզբունքներն են ընկած նաև հետագա հետազոտողների աշխատանքների հիմքում:

«Սեյսը, լինելով իր ժամանակի ամենախոշոր ասուրագետը, գիտեր, որ բոլոր սեպանշաններն ունեն բազմաթիվ հնչյունական արժեքներ, տասնյակ ընթերցումներ։ Բայց նա ուրարտերեն սեպանշանների համար վերցնում է կամայական մի ընթերցում՝ առանց որևէ հիմնավորման։ Այդ կեղծիքը գալիս է այստեղից,- ասում է Մարտիրոսյանը:- Կարծում եմ, որ դա արվել է միտումնավոր, որովհետև մինչ վերջնական վերծանումները համարում էին, որ այդ գրերի լեզուն պետք է լինի հայերեն, ավելին, մինչև XX դարի 30-ականները բոլոր գիտական գրքերում սեպագիր «Ուրարտու» բառի թարգմանությունը «Արմենիա» էր։ Արմենիան փոխարինվեց Ուրարտու բառով 30-ականներից հետո»։

Մարտիրոսյանը որպես սխալ վերծանության օրինակ մատնանշում է երկրի ինքնանվանումը` Բիայնա:

«Երկրի բուն անունը «Բի» սեպանշանով է գրվել, որը «քաշ» ընթերցումն ունի: Դեռ ուրարտական, աքքադական ժամանակներից հայտնի է, որ այդ բառն ունի ուժեղ, հզոր, քաջ իմաստը, այսինքն՝ և՛ իմաստով, և՛ հնչողությամբ ներկայացնում է հայերեն քաջ բառը։ Առավել ևս մեր որոշ բարբառներում բառի «քաշ» ձևն էլ կա»,- ասում է Մարտիրոսյանը` հավելելով, որ երկրի ինքնանվանումը Բիայնա կարդալու փոխարեն պետք է կարդալ Քաջանց երկիր։- Երբ բառի սխալ ընթերցում ես վերցնում, բառը լրիվ փոխվում է։ Այդ կեղծ վերծանման հետևանքով բառերը ձևափոխվել են։ Բառապաշարի մոտ 10-15 տոկոսը պահպանվել է, որը հիշեցնում է, որ դրանք հայերեն բառեր են, իսկ մնացածը սխալ է ընթերցված»։

Մարտիրոսյանը համոզված է` Ուրարտուի ոչ հայկական լինելու թեզին նպաստել է նաև հնդեվրոպաբանությունը:

«Հնդեվրոպաբանությունն ասում է, որ այդ լեզվի բոլոր կրողները ինչ-որ մի ժամանակ ապրել են մի տարածքում` նույն նախահայրենիքում, հետո այնտեղից դուրս են եկել, տարածվել: Մի կեղծ տեսություն էլ դա է։ Որքան հայերենը զուգահեռներ ունի հնդեվրոպական լեզուների հետ, նույնքան առնչություն էլ ունի սեմական, թուրք-մոնղոլական, կովկասյան լեզուների հետ։ Իրականում հայերենն առանձին լեզու է։ Երբ հնդեվրոպական լեզվաընտանիքը բաժանում ենք խմբերի, հայերենն առանձին ճյուղ է այդ ծառի վրա, որևէ խմբի չի պատկանում։ Դա էլ է հուշում, որ հայերենն առանձին լեզու է և կապ չունի դրանց հետ»,- ասում է Մարտիրոսյանը։ Նա նշում է, որ առավել տարածված է այն տեսությունը, ըստ որի՝ հնդեվրոպացիների նախահայրենիքը եղել է Բալկանյան թերակղզին, և հայերը Ուրարտուի կործանումից հետո մ.թ.ա. VI դարում եկել են այս տարածք՝ Հայկական լեռնաշխարհ։

«Որպեսզի հնդեվրոպաբանների այս թեզը չխախտեն՝ մերժում են այդ ժամանակից առաջ առկա ողջ մշակույթի ու պատմության հայկական լինելը»,- ասում է Մարտիրոսյանը:

Նա վստահ է, որ այդ մոտեցումը հիմնովին սխալ է: Հնագիտական նյութը հայերի տեղաբնիկության օգտին է:

«Մենք տեսնում ենք, որ այդ մշակույթն անխզելիորեն վաղ բրոնզե դարից հասնում է մինչև մեր ժամանակները, ընդհուպ մինչև քրիստոնեություն, որոշ բաներ պահպանվում են նաև քրիստոնեության ժամանակ։ Մենք չենք տեսնում այլ մշակույթի ներխուժում։ Եթե հայերը ներխուժել, գրավել են ուրարտացիների երկիրը, իրենց մշակույթը պիտի ցուցադրեին, բայց մենք նման բան չենք տեսնում: Մ.թ.ա. III-I հազարամյակներում նույն մշակույթի զարգացման տարբեր փուլերն ենք տեսնում»,- ասում է նա։

Հայերի տեղաբնիկության երկրորդ հիմնավորումը, ըստ Մարտիրոսյանի, գիրն է. «Մենք տեսնում ենք, որ նույն Ուրարտուի ժամանակ և ընդհուպ մինչև միջնադար գործածվել են նույն գաղափարագրերը»։

Նա ասում է, որ գրային հնագույն համակարգերը, որոնք ձևավորվել են մ.թ.ա. VI հազարամյակում և կիրառվել են Դանուբյան մշակույթում, Եգիպտոսում, Շումերում, ունեցել են նույն նշանները:

«Մենք տեսնում ենք, որ այդ նույն նշանները առկա են նաև մեր ժայռապատկերներում, օրինակ` Սյունիքում: Մեր ժայռապատկերները փորագրվել են վերին պալեոլիթում` առնվազն 15 հազար տարի առաջ, իսկ գրերի սկզբնավորումը սկսվել է VI հազարամյակում` 8 հազար տարի առաջ: Նշանագրերի նույնությունը և երկրորդ փաստը, որ դրանց մեջ հնագույնը Սյունիքի ժայռապատկերներն են, թույլ են տալիս հետևություն անել, որ այդ բոլոր գրային համակարգերը ծագել են Սյունիքի ժայռապատկերներից»,- ասում է նա։

Այդ գաղափարագրերը նույնությամբ օգտագործվել են մինչև միջնադար:

«Գրի անխզելիությունը ևս մեզ ցույց է տալիս, որ ոչ միայն Ուրարտուն, այլև այդ ողջ մշակույթը հայկական է։ Մենք ուրիշ տեղերում (Շումեր, Եգիպտոս, Դանուբ) տեսնում ենք, որ այդ քաղաքակրթությունների վերանալուց հետո դադարում է նաև նշանների գործածությունը: Մեզ մոտ դադար չի եղել։ Այդ նույն նշաններն այսօր ընկալում ենք որպես զարդանախշեր, որոնք կիրառվում են տարբեր ոլորտներում»,- ասում է Մարտիրոսյանը։

Անդրադառնալով պատմության կեղծիքներին` Մարտիրոսյանը նշում է, որ ուրարտական արձանագրությունների սխալ վերծանությունը ծնել է ևս մեկ գոյություն չունեցած ազգ` կասիտներին:

«Քաջանք այսօր գիտության մեջ կասիտ կոչվող ժողովուրդն են, որոնք մ.թ.ա. XVIII դարում գրավեցին Բաբելոնը և ողջ տարածաշրջանը` ստեղծելով մի մեծ կայսրություն: Նրանց ցեղանունը եղել է քաջ և գրվել է նույն «բի» սեպանշանով, ինչ Բիայնան»,- ասում է նա:

Մարտիրոսյանը պնդում է, որ Կասիտների երկիրը նույն Ուրարտուն է, բայց սխալ վերծանության պատճառով տարանջատվել ու երկու առաձին պետություն են դարձել:

Որպես հիմնավորում նա նշում է, որ Ուրարտու անվանումը ասուրական արձանագրություններում կա ավելի վաղ ժամանակներից:

«Ուրարտուն սկզբնավորվել է ոչ թե IX, այլ XX դարում։ Եվ նրանք այդ ողջ ժամանակաշրջանում տիրապետել են ամբողջ տարածաշրջանը։ XIII-XII դարերում Ասորեստանը հզորանում է՝ սեպ դառնալով Ուրարտուի ու Միջագետքի միջև, Բաբելոնն անկախանում է, Ուրարտուն էլ դառնում է առանձին երկիր»,- ասում է նա։

Անդրադառնալով հայագիտության մեջ ամրապնդված հակադիր տեսանկյուններին` Մարտիրոսյանն ասում է, որ ոլորտում նոր ուսումնասիրություններ տեղի չեն ունենում, «մեկը մյուսից արտագրելով՝ հարյուր տարի հայագիտություն են «զարգացրել»։ Մյուս պատճառը, ըստ Մարտիրոսյանի, այն է, որ այդ թեզերի հիման վրա կարիերա ստեղծած ամեն մարդ չէ, որ իր մեջ քաջություն կգտնի ու կասի, որ մինչև հիմա սխալվել է։

Նա նաև նշում է, որ այսօր Հայաստանում ուրարտագիտությունը գիտության վերացող ճյուղ է. «Եթե համացանցում փնտրեք Ուրարտուի վերաբերյալ որևէ հոդված, կտեսնեք, որ հայեր չկան կամ կան հատուկենտ, մեծ մասամբ թուրքեր են, երբեմն՝ գերմանացիներ և այլ ազգեր»։

Խնդրի լուծման ուղին, ըստ Մարտիրոսյանի, նոր սերունդ ձևավորելն է, որն առկա մտայնությունը կփոխի մեզ մոտ էլ, դրսում էլ։ «Լավագույնները պետք է գնան դրսում սովորելու, որպեսզի երբ հետ գան, այստեղ չասեն` դիլետանտ է։ Եթե մարդը գնա եգիպտերեն սովորի, գա տեքստ կարդա, տվյալներ հանի, չեն կարողանա ասել` դիլետանտ է: Մնացածը պետք է արվի այստեղ»։

Մարտիրոսյանի կարծիքով` հետազոտողների նոր սերունդ ունենալու և հայագիտության զարգացման համար պետք է ստեղծվի հայագիտական նոր կենտրոն նոր սկզբունքների հիման վրա։ «Հայագիտությանն առնչվող 5-6 ինստիտուտ ունենք: Մի ինստիտուտում չգիտեն, թե մյուսում ինչ են անում, ամեն մեկն իր հոդվածը գրում է, իր դիսերտացիան պաշտպանում է ու իր կարիերան է ստեղծում։ Այդ ամենը պետք է կենտրոնացվի նույն կենտրոնում»,- ասում է նա:

Խնդրի լուծման մյուս տարբերակը, ըստ Մարտիրոսյանի, անկախ հետազոտողների աշխատանքների միջոցով առկա մտայնությունը փոխելն է՝ դրանք հրապարակելով, միջազգայնացնելով, ճանաչում ձեռք բերելով։

«Ես գնում եմ երկու ճանապարհով էլ»,- ասում է նա։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: