Հայերեն   English   Русский  

​Բիզնեսդ պետք է քոնը լինի, իսկ համառությունն ու աշխատասիրությունը հաջողության երաշխիքն են


  
դիտումներ: 10256

Մեր օրերում երևի բոլորը կհամաձայնեն, որ լավ, բարձր վարձատրվող աշխատանք ունենալը, ղեկավար պաշտոն զբաղեցնելը երանելի կարգավիճակ է, որին ձգտում են շատերը, բայց հասնում են քչերը:

Ուստի բարձր դիրքի, ապահովված սոցիալական կարգավիճակի հասնելուց հետո կայունությունը թողնել ու սկսել զրոյից՝ դժվար է պատկերացնել: Բայց Միքայել Ափյանն ու նրա ամենամտերիմ ընկերը՝ Վարդգես Մելքոնյանը, հասնելով խոշոր հայկական ընկերություններում թոփ մենեջերի աստիճանի, որոշեցին թողնել ամեն ինչ և սկսել սեփական գործը զրոյից՝ աչքի առաջ ունենալով նաև ձախողվելու հնարավորությունը, դուրս գալով կոմֆորտի գոտուց ու մտնելով ռիսկերի դաշտ, ստանձնելով պատասխանատվություն թե՛ սեփական անձի, թե՛ հարազատների ու ընտանիքի առջև:

Ընկերները, երկար մտորելուց հետո, որոշում ու սկսում են շինարարական ներկերի արտադրության բիզնեսը՝ «Միկարտը»:

«Այդ մտքով հիվանդ եմ եղել սկսելուց դեռ 4-5 տարի առաջ: Ինձ կողքից շատ էին ասում, որ այդպիսի էնտուզիազմով աշխատում եմ օրական 12-13 ժամ, ինչո՞ւ չեմ սեփական գործս սկսում: Այդպես վարակի պես մտավ մեջս, երկու-երեք տարի ներսումս ամեն ինչ տակնուվրա էր լինում, ուզում էի սկսել իմ գործը: Մի քանի մանր-մունր նախաձեռնություններ էլ ունեցանք, որ սկսեցինք ու թողեցինք, քանի որ չստացվեցին, մերը չէին: Իսկ այս մեկը հենց սկզբից, դեռ չսկսած, դեռ անունը որոշելու պահին մի տեսակ զգում էի, որ պետք է ստացվի, ենթագիտակցորեն զգում էի»,- ոգևորված հիշում ու պատմում է Միքայել Ափյանը:

Այսպես. 2015 թվականին Միքայել Ափյանը, երկար մտորումներից հետո ոտք է դնում շինարարության, մասնավորապես՝ շինանյութերի արտադրության ոլորտը: Որովհետև, ինչպես մեզ հետ զրույցում նշում է, հասկացավ, որ շինարարության ոլորտն ահագին բաց տեղեր ունի, այս ոլորտը մեր երկրի, ժողովրդի մենթալիտետում նստած է, մենք միշտ ստեղծելու, կառուցելու ենք: Մի տարի զուգահեռ նախկին աշխատանքի հետ համատեղ աշխատելուց հետո լիովին անցնում է սեփական բիզնեսին:

«Քանի որ մենք շատ մեծ ընկերություն չենք, շատ մեծ պրոյեկտներ չէինք անելու, որ անկումն ինձ վրա ազդեր: Ու այդպես մտածեցի, որ շինարարության մեջ կիրառվող ամենամասսայական նյութերից մեկն ընտրեմ ու դրա արտադրությամբ սկսեմ: Ուսումնասիրեցի ու հասկացա, որ ներկը շատ մասսայական է, ներկն այն արտադրանքն է, որ մեծ չափերով ներկրվում է Թուրքիայից: Հիմա, բարեբախտաբար, ահագին քչացել է ներկրումը, այսինքն՝ այդտեղ հաջողություն ունենալու ռեալ հնարավորություն կար: Իհարկե, այդ ուղղությամբ հաջողությամբ գործող մի քանի հայկական ընկերություններ արդեն կային, դրանք գիգանտներ էին, ու ես հույս ունեմ, որ մի օր մենք էլ կհասնենք այդ մակարդակին: Նույնիսկ մի փոքր արտահանում ունեցանք դեպի Մոսկվա: Այդպես կամաց-կամաց տեսականին շատացնում ենք»,- պատմում է Միքայել Ափյանը:

«Միկարտը» սկսեց երկու հոգով, ընդամենը մեկ տեսակ ներկ արտադրելով: Սկզբնական շրջանում աշխատող էլ չունեին, բոլոր գործերը, սկսած արտադրությունից և վերջացրած իրացումով, անում էին երկու համահիմնադիրները: Հիմա արդեն՝ 2 տարի հետո, «Միկարտ» ապրանքանիշով արտադրվում է 70-80 տեսակի ներկ, ընկերությունում շուրջ 10 հոգի է աշխատում: Սկզբում, հիշում են նրանք, եթե ամսվա մեջ մի քանի օր կարողանում էին արտադրանք թողարկել, այսինքն՝ պատվեր ունենալ՝ ուրախանում էին: Իսկ հիմա օր չկա, որ արտադրություն չլինի: Ընկերության արտադրանքը ներկայացված է Հայաստանի գրեթե բոլոր շինանյութի խանութներում:

Սկզբնական «աստղաբաշխական» ներդրումներ էլ պետք չեն եղել, սկսել են 2.5-3 միլիոն դրամով, որը ծախսել են առաջին 3 ամսվա ընթացքում, իսկ այդ գումարը գոյացել է իրենց մյուս աշխատանքից ստացած աշխատավարձերից: Այս ոլորտում, ինչպես նշում է Միքայել Ափյանը, ամենաթանկը տեխնոլոգիան է, իսկ արտադրական գործիքները, մեխանիկական մասը այնքան էլ թանկ չեն: Իսկ տեխնոլոգիան Միքայել Ափյանը ձեռք է բերել մի ընկերոջից, որը նախկինում զբաղվել էր ներկերի արտադրությամբ և ընդմիշտ մեկնում էր արտասահման: Միքայելին առաջարկել էր փոխանցել ներկերի արտադրության տեխնոլոգիան:

Հաջողության նախադրյալներից մեկն այն էր, որ գործը սկսեցին երկու ամենամոտ ընկերներով: Միկան արտադրութան ոլորտի մարդ է, իսկ ընկերը՝ Վարդգես Մելքոնյանը, վաճառքի հմուտ մասնագետ է: Համադրելով այս երկու կարևոր հատկանիշները՝ կերտվեց «Միկարտը»:

«Ինձ օգնեց անալիտիկ մտածելակերպը, սխեմաներ գծելը, հաշվարկելը, փորձ ունենալը. մասնագիտությամբ ծրագրավորող մաթեմատիկոս եմ: Ու սկզբում շատ փակ էի, չշփվող, քանի որ միշտ փակ տեղերում եմ աշխատել: Հետո ինձ խորհուրդ տվեցին, սովորեցրին ավելի ընկերական, շփվող ու բաց լինել: Այդպես սկսեցի ցուցահանդեսների, էքսպոների, միջոցառումների մասնակցել, ու հենց դա էլ էապես օգնեց բիզնեսի զարգացմանը, ավելի մասսայական դարձանք: Սկզբում մի քանի ամիս գնում էինք ինչ-որ խանութ, ներկայացնում մեր արտադրանքը, դնում վաճառքի ու սպասում, որ վաճառվի, իսկ հետո արդեն սկսեցինք ավելի շատ սոցիալական շփումների վրա շեշտը դնել, ու ամեն ինչ ավելի արագ սկսեց զարգանալ: Ասում են՝ ես բանակցային լավ ջիղ ունեմ, ինձ հետ խոսելուց հետո մարդկանց մեջ ցանկություն է առաջանում ինձ հետ համագործակցել, մտերմություն անել, ու դա մեծ մասամբ փոխադարձ է, այդ ջիղը եկել է աշխատանքային փորձից: Ինձ շատ է խանգարել ու խանգարում է շտապողականությունը, դա այն բացասական կողմն է, որ ոչ միայն անձամբ ես եմ զգում, այլև շրջապատում,- ասում է «Միկարտի» համահիմնադիրը և շարունակում:- Բիզնեսմենի ամենակարևոր հատկանիշը չհիասթափվելն է, որովհետև խնդիր միշտ է լինում, եթե մի երկար ժամանակահատված խնդիր չի լինում, ուրեմն ինչ-որ բան այն չէ: Չհիասթափվելը դառնում է առաջնային»:

Միկարտ

Ըստ Միքայելի՝ բիզնեսմենը պետք է անընդհատ ինքնակրթվի, երբեք չասի, թե իր բիզնեսն իրենից լավ ոչ ոք չգիտի, ինքն արդեն ամեն ինչ գիտի ու էլ սովորելու բան չունի: Անընդհատ սովորել ու կատարելագործվել՝ սա է հաջողության տանող ճանապարհը: Նրա խոսքով՝ էական չէ, թե ինչ ոլորտում ես աշխատում, ցանկացած ոլոտում կան թե՛ հաջողված, թե՛ ձախողված բիզնեսներ, ու տեսականորեն միշտ էլ հնարավոր է, որ կարող ես լինել հաջողակներից մեկը, ոչ թե ձախողակներից, պարզապես պետք է սիրտդ կպչի այդ բիզնեսին, պետք է քոնը լինի:

«Օրինակ՝ բուսակերը չպետք է մսի հետ առնչվող բիզնես դնի: Իսկ ընդհանուր առմամբ՝ հաստ գծեր չկան, որ կարելի է քաշել ու ասել՝ այդ գծից այն կողմ բիզնես անել հնարավոր չէ: Ցանկացած տեղում ու ոլորտում էլ կարելի է հաջողել: Իսկ հաջողելու համար կարևոր պայմաններից է աշխատասիրությունը, դա հաջողության ամենամեծ «գաղտնիքն» է: Պետք է անընդհատ աշխատել ու առաջ գնալ»,- նշում է Միքայել Ափյանը:

Նախկինում, ասում են ընկերության համահիմնադիրները, երբ աշխատում էին ուրիշների մոտ, ավելի քիչ ժամանակ ունեին ընտանիքի, ընկերների, մտերիմների հետ շփվելու համար: Հիմա այդ ժամանակն ավելի շատ է: Իսկ հաջողված բիզնեսը, շեշտում է Միքայել Ափյանը, բացի սեփական ժամանակը սեփական հայեցողությամբ տնօրինելու հնարավորությունից, տալիս է նաև նյութական ինքնաբավություն և անկախություն, ազատություն, նոր շփումներ, նոր ծանոթություններ, նոր հնարավորություններ և հոգեբանական մեծ բավարարվածություն: Այնպես որ՝ սկզբնական ռիսկն արդարացված էր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: