Հայերեն   English   Русский  

​Շատ չոր կիրակի՝ «Չոր մարքեթինգի» հետ


  
դիտումներ: 3409

Հազարից ավելի մարդ իրարանցման մեջ փորձում է նստատեղ զբաղեցնել, այնուհետև միջանցքում ցուցադրված ապրանքներին ու ծառայություններին ծանոթանալ, հասկանալ՝ իրենց հարմար աշխատանք չկա՞: Մի ժամից էլ սկսվելու է մեծ կոնֆերանսը:

Սա մերօրյա ամենահեղինակավոր ու ճանաչված թրեյնինգներից մեկի՝ «Չոր մարքեթինգի» կազմակերպած հերթական անվճար մեծ՝ 3-ը 1-ում կոնֆերանսն է, որտեղ, բացի «Չոր մարքեթինգ» գրքի և դասընթացի հեղինակ Վահրամ Միրաքյանից, պետք է իրենց փորձած և հաջողություն ապահոված գործիքները ներկայացնեն ևս 17 գործարարներ, նաև «Չոր մարքեթինգ» ակումբի որոշ անդամներ իրենց արտադրանքը կամ ծառայությունները կներկայացնեն, կփորձեն իրենց անհրաժեշտ աշխատողներին գտնել: Մի խոսքով՝ իսկական եռուզեռ է:

Այս տարի փետրվարի 1-ին «Չոր մարքեթինգը» նշեց միամյակը: Փաստորեն, մոտ մեկուկես տարի է, ինչ գործում է «Չոր մարքեթինգ» դասընթացը, որը պարապմունքներ է անցկացնում հետաքրքրվողների համար, նոր տեխնոլոգիաներ և գործիքներ սովորեցնում արդեն իսկ փորձառու մարքեթոլոգներին, իրականացնում սկսնակ և գործող գործարարների վերապատրաստում և այլն:

«Աշխատանքի առումով ես փորձ ունեի, դրական արդյունքը կար ու խնդիրն այն էր, որ փորձի փոխանակում անեմ, մարդկանց փոխանցեմ իմ փորձը: Նպատակը՝ իմ ունեցած հաջողությունը կրկնվի ուրիշների մոտ: Իհարկե, կա նաև ֆինանսկան բաղադրիչը՝ դասընթացները վճարովի են, բայց հիմնականը ձեռք բերված փորձը փոխանցելն էր: Հետո, երբ տեսա, որ վիրուսային ազդեցություն է ունենում, ավելի շատ մարդիկ են գալիս, հետաքրքրվում՝ պրոյեկտն ավտոմատ սկսեց մեծանալ ու դառնալ ինքնաբավ»,- «Անկախի» հետ զրույցում նշեց մարքեթոլոգ, «Չոր մարքեթինգ» դասընթացի և «Չոր մարքեթինգ» գրքի հեղինակ Վահրամ Միրաքյանը:

Անցած մեկուկես տարվա ընթացքում «Չոր մարքեթինգի» 14-15 թրեյնինգներին արդեն հասցրել է մասնակցել 4-5 հազար մարդ, ամբողջ դասընթացին, որի տևողությունը մեկուկես ամիս է, մասնակցել են 350 ընկերություններ և բիզնեսների հիմնադիրներ: Ձևավորվել է «Չոր մարքեթինգ» ակումբը: Շատերը, ովքեր մասնակցել են այս թրեյնինգներին կամ ակումբի անդամ են, նշում են, որ իրենց բիզնեսին այն շատ է օգնել, ոմանց վաճառքներն ավելացել են մինչև 20 տոկոսով, կան անգամ մասնակիցներ, որոնք 6 կամ 8 անգամ վաճառքների, հետևաբար նաև բիզնեսի ծավալների աճ են ունեցել և իրենց այդ նվաճումները բացատրում են այս թրեյնինգների շնորհիվ ձեռք բերված գիտելիքներով ու հմտություններով:

Արիշտա արտադրող Բազիկյան ընտանիքի անդամ Վիգեն Բազիկյանը, օրինակ, որ նույնպես ներկա էր, մեզ հետ զրույցում վստահեցնում էր, որ այս դասընթացին մասնակցելուց հետո իրենց ընտանեկան բիզնեսում շատ-շատ բան է փոխվել:

«Երևի մեր գործունեությունը երկու ժամանակահատվածի կարող եմ բաժանել՝ մինչև այս կուրսերին մասնակցելն ու դրանից հետո: Բավականին աճ ենք ունեցել, առանց վախենալու կարող եմ ասել, որ կրկնակի աճ ենք ունեցել այստեղ սովորած հմտություններն ու գործիքները կիրառելու արդյունքում: Այնպես որ՝ հիմա արդեն շինարարություն ենք անում, որ ընդլայնենք արտադրությունը, հնարավարությունները մեծացնենք: Արդեն հեռանկարը տեսնում ենք: Եթե այն ժամանակ որոշակի մտավախություններ կային, որոնք հետ էին պահում ընդլայնման ձգտումից, ապա հիմա դրանք չկան»,- նշեց Վիգեն Բազիկյանը:

Ինչ վերաբերում է «Չոր մարքեթինգ» ակումբին, ապա այնտեղ հավաքվում են մարդիկ, ովքեր «Չոր մարքեթինգ» հիմնական դասընթացներն են անցնում: Այս ակումբը խրախուսում է, որ անդամները, որպես գործարարներ, բիզնեսի ներկայացուցիչներ, իրենց բիզնեսները ավելի արագ, հեշտ ու ավելի թափով զարգացնեն: Խրախուսում են իրար հետ ծանոթացնելով, կապեր ստեղծելով, տարբեր ճանաչողական ու սոցիալական միջոցառումներով: Ակումբի անդամները փորձում են իրար օգտակար լինել:

«Այսօր մեր ակումբում 350 գործարար կա, ու ակումբում մարդ ինչ հարց կամ խնդիր ունենում է՝ լուծումն անպայման գտնվում է: Օրինակ՝ եթե մեկին միս արտադրող է պետք, ապա մեր ակումբում կլինի առնվազն երկու հոգի, որոնք միս են արտադրում, կամ այլ ապրանքներ արտադրող… Այսինքն՝ ցանկացած հարց հեշտ է լուծվում, ու դա օգնում է, որ բոլորն էլ բարձր արդյունավետություն ունենան: Հանդիպումներ ենք կազմակերպում կառավարության ներկայացուցիչների հետ, որտեղ շատ ակումբականներ տեղում փորձում են իրենց հարցերը բարձրացնել ու լուծումներ գտնել: Այստեղ ովքե՞ր են հավաքվում, այն մարդիկ, ովքեր փորձում են իրենց արդար քրտինքով վաստակել, զարգանալ, արդյունքի հասնել, չեն ուզում արտագաղթել: Մենք էլ ամեն ինչ անում ենք, որ նրանք հզորանան, նոր աշխատատեղեր ստեղծվեն, հավելյալ արժեք ստեղծվի ու երկիրը զարգանա»,- նշում է Վահրամ Միրաքյանը:

Նվազագույնը, որ մասնակիցները ստանում են, լավ ծանոթությունների, շփումների ցանցն է՝ նեթվորքինգը, գործնական կապերն ու հարաբերությունները, ինչը նույնպես օգնում է բիզնեսում:

«Մակիչյան քընսալթինգ» կազմակերպության հիմնադիր-տնօրեն Գրիգոր Մակիչյանն «Անկախին» ասաց, որ այս թրեյնինգները վաճառքների ու մարքեթինգի հետ կապված գիտելիքների առումով բավականին ազդել են իրենց վրա, օգնել համակարգեր ներդնել ու ավելի արդյունավետ աշխատել. «Իսկ ամենակարևորներից մեկն այն է, որ տվել է ծանոթությունների ու կապերի մեծ ցանց: Մեր վաճառքների մեծ մասը պայմանավորված է հենց դրանով՝ կապերով ու ծանոթություններով: Այստեղ սովորած հմտություններն ու գործիքները կիրառելուց հետո առաջին երեք ամսվա ընթացքում շուրջ 20 տոկոս աճ ունեցանք, ու գնալով ավելանում է աճի տեմպը: Դա հանգեցրեց թե՛ մեր թիմի մեծացմանը, թե՛ հաճախորդների թվի ավելացմանը: Բավականին արդյունավետ է»:

Աշխարհում որ կողմը նայում ես, թրեյնինգներ են, դասընթացներ, սեմինարներ: Եվ շատ մարդիկ, ովքեր լսում են հերթական դասընթացի մասին, ձեռքները թափ են տալիս ու ասում՝ հերթական խաբեությունն է: Երբեմն դրանք այնպիսի ֆանտաստիկ խորագրեր են ունենում, օրինակ՝ «1 ժամում հասիր հաջողության ու դարձիր մուլտիմիլիոնատեր», «Ինչպես 15 րոպեում դառնալ միլիոնատեր» և այլն: Իսկ «Չոր մարքեթինգը», նշում են մասնակիցներն ու հեղինակը, մոտիվացիոն թրեյնինգ չէ, այլ զուտ բիզնեսի զարգացման հետ է կապված ու կոնկրետ գործիքներ է առաջարկում, որոնք իրականում փորձված են: Այստեղ հստակ ու կոնկրետ մատնանշում են գործիքներ, ու ասում, թե այն ներդնելով ինչ արդյունք կստացվի, կոնկրետ օրինակներով էլ ցույց են տալիս, որ այսինչ մարդիկ ներդրել են ու ստացել են այս արդյունքները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: