Հայերեն   English   Русский  

​Մի՛ շահարկեք Կոմիտասի հիվանդությունը և նրան մի ընկալեք իբրև Եղեռնի հուշարձան. երաժշտագետի հորդորը


  
դիտումներ: 8883

Կոմիտասի կյանքը, հատկապես՝ նրա հիվանդությունը, վերջին տարիներին շահարկումների թիրախում է: Դրա մասին գրվում են ոչ միայն հոդվածներ, այլև նկարահանվում ֆիլմեր, որոնք «սենսացիոն բացահայտում» անվան տակ տարածվում են համացանցում ու դառնում հանրային քննարկման թեմա: Մինչդեռ դրանք, մեղմ ասած, պրոֆեսիոնալ չեն, թերի և մակերեսային ու ստեղծում են կեղծ կարծրատիպեր հանրության շրջանում:

Գրականության և արվեստի թանգարանի երաժշտական ֆոնդի ավագ գիտաշխատող, երաժշտագետ Մարինե Մուշեղյանը գուցե այս ամենի մասին չբարձրաձայներ, եթե չնկատեր, որ միտումը գնալով խորանում է, մինչդեռ ինչ-որ մեկը պետք է ասի՝ վե՛րջ, բավական է, հանգիստ թողեք Կոմիտասի հիվանդությունը, քանի որ նրա հանճարը դրանից ո՛չ նվազում է, ո՛չ ավելանում, փոխարենը ստվերվում է նրա կերպարը, իսկ չստուգված, կիսատ-պռատ փաստերը խեղաթյուրում են մեծ մարդու կենսագրությունը:

«Գրագիտության պակասը, նյութին տիրապետելու թերությունները, ոչ կոմպետենտ լրագրող կամ ռեժիսոր լինելը»,- պատճառները թվարկում է երաժշտագետը՝ նշելով, որ սա համակարգային խնդիր է:

Իբրև վառ օրինակ զրուցակիցս բերում է «Կոմիտաս վարդապետը չի խելագարվել» ֆիլմը, որը համացանցում լայն քննարկման թեմա էր դարձել: Անկախ նրանից՝ ֆիլմը որքանով է լուրջ, Մարինե Մուշեղյանը խնդրին լուրջ է վերաբերվում, քանի որ այն կապված է Կոմիտասի անվան հետ. «Պատասխանատվության խնդիր կա,- ասում է նա,- ես ինձ իրավունք եմ վերապահում այս մասին խոսելու, քանի որ արդեն 25 տարի Կոմիտասի արխիվի պահապանն եմ: Բացի այն, որ ես վարձատրվում եմ այդ արխիվն անվնաս սերունդներին փոխանցելու համար, նաև բարոյական մեծ պարտավորություն ունեմ թույլ չտալու, որ նրա կենսագրության հետ կապված աղավաղումներ ու շեղումներ անեն: Երբ մի սխալ բան նետվում է հրապարակ, դրա վրա կառուցվում է մի մեծ լեգենդ, որը տարիներ հետո ընկալվում է իբրև ճշմարտություն, և հետո արդեն շատ դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ դա կեղծիք է: Դրա ամենավառ օրինակը Կոմիտասի՝ իբրև թե քրդական թեմաներով ավարտական թեզ գրելն է»:

Բացի փաստերի աղավաղումներից ու խեղաթյուրումներից, Մուշեղյանին վրդովում է նաև այն, որ կարծես մրցավազք լինի, թե ով ավելի շատ կխոսի Կոմիտասի հիվանդության մասին, մինչդեռ դա այնքան նուրբ թեմա է, այնպիսի նեղ մասնագիտական խնդիր, որը չի կարելի դարձնել սենսացիայի կամ հանրային քննարկումների առարկա: Գերմանացի կոմպոզիտոր Ռոբերտ Շումանի օրինակն է բերում. «Նա նույնպես կյանքն ավարտեց հոգեբուժարանում, բայց ես չեմ տեսել, չեմ լսել որևէ գերմանացու, որը նրա հիվանդության նյութը դարձնի նրա գոյության «մեծագույն արժանիք»: Շումանի հիվանդությանն անդրադարձել են միայն բժիշկները: Իսկ Կոմիտասի կերպարից ստեղծվել է զոհի կուռք, և ոչ մի կերպ չեն ուզում շեղվել դրանից»:

Անգամ Մարինե Մուշեղյանը, որ հիանալի տիրապետում է Կոմիտասի կենսագրության բոլոր մանրամասներին, իրեն իրավունք չի տալիս նրա հիվանդության հարցը քննարկել, համարելով, որ դա մասնագիտական խնդիր է. «Ճշմարտությունը պիտի ասեն հոգեբույժներն ու հոգեբանները: Բայց անգամ մասնագետների ուսումնասիրություններից ու բացահայտումներից հետո պետք է մտածել՝ արժե՞ արդյոք դա հրապարակ նետել, թե ոչ»:

Կոմիտասի ու նրա հիվանդության մասին նկարահանվում են ֆիլմեր, գրվում հոդվածներ, երբ բոլոր փաստերը դեռևս հիմնովին ուսումնասիրված չեն: «Ֆրանսահայ հոգեբույժ Լուիզ Ֆով-Հովհաննիսյանն է միայն անձամբ այդ նյութերին ծանոթացել, այն էլ՝ մեծ դժվարություններով, վեհափառ Վազգեն Առաջինի միջնորդությամբ: Նա այդ թեմայով դիսերտացիա է պաշտպանել, բայց Ֆրանսիայի օրենսդրությունն այնպիսին է, որ առայժմ հնարավոր չէ այդ դիսերտացիան հրապարակել, այն փակի տակ է և հիվանդի ծնունդից 150 տարի անց կարելի է բացել»:

Կոմիտաս

Բժշկագիտության դոկտոր Լուիզ Ֆով-Հովհաննիսյանը, 1991 թ. Կոմիտասի հիվանդության և մահվան թեմայով դիսերտացիա պաշտպանելով՝ հայտարարեց, որ կոմպոզիտորը հոգեկան հիվանդ չի եղել: Բժիշկը կարծում էր, որ Կոմիտասին խաբեությամբ են տեղափոխել հոգեբուժարան: Նա Կոմիտասի հիվանդությունն ախտորոշել է որպես հետտրավմատիկ խանգարում, որը հնարավոր էր բուժել, եթե նրան տեղափոխեին նորմալ միջավայր՝ վերականգնելով նրա բնականոն կյանքը, ստեղծագործական աշխատանքը և հասարակական շփումը:

Մուշեղյանը հիշեցնում է, որ Կոմիտասը նախ 2 տարի անց է կացրել Վիլ Էվրար հիվանդանոցում, որից հետո նոր տեղափոխվել է Վիլ-Ժուիֆ հիվանդանոց և մինչև կյանքի վերջն անցկացրել այնտեղ: Լուիզ Ֆով-Հովհաննիսյանն ուսումնասիրել է երկրորդ հիվանդանոցի փաստաթղթերը, իսկ Վիլ Էվրարի փաստաթղթերը դեռ ոչ ոք չի ուսումնասիրել. «Մինչդեռ ամբողջական ու լիարժեք պատկերը հասկանալու համար անհրաժեշտ է ուսումնասիրել նաև առաջին հիվանդանոցի նյութերը: Այո, այդ տարիներին դեռևս հնարավոր չէր այնպիսի ախտորոշումներ անել, ինչպես հիմա, և Կոմիտասի նկատմամբ բուժում չի իրականացվել միայն այն պատճառով, որ չեն կարողացել ախտորոշել՝ վերջիվերջո որն է խնդիրը»:

«Կոմիտասը չի խելագարվել» ֆիլմում մեղադրանք է հնչում նաև Կոմիտասի խնամատար հանձնաժողովի հասցեին: Հիշեցնենք, որ Փարիզում ստեղծվեց Կոմիտասի խնամատար հանձնաժողով, որը զբաղվում էր նրա երկերի հրատարակմամբ, գումարներ էր հայթայթում հոգալու Կոմիտասի հիվանդանոցային ծախսերը և այլն: Այդ խնամատար հանձնաժողովի 5-6 անդամներն անվանի մարդիկ էին՝ Արշակ Չոպանյան, Մարգարիտ Բաբայան, Աստվածատուր Հարենց… Մուշեղյանն ասում է, որ արխիվում մանրամասն պահպանված են հանձնաժողովի գործունեության ֆինանսական բոլոր հաշվետվությունները՝ հայթայթած գումարների աղբյուրները, ծախսերը, ամեն ինչ. «Բայց քանի որ մեր լրագրողները, սցենարիստները բացարձակապես ծանոթ չեն այդ նյութերին, անհիմն եզրակացություններ են անում՝ հիմնական շեշտը դնելով նրա վրա, թե Կոմիտասին խաբելով պահել են հիվանդանոցում, վախեցնելով ստիպել են, որ լռի, որպեսզի չպատմի Եղեռնի դաժանությունների մասին, կամ իբր խնամատար հանձնաժողովը դիտավորյալ է Կոմիտասին հիվանդանոցում պահել, որպեսզի կարողանա ազատ օգտվել նրա ստեղծագործությունները հրատարակելու իրավունքից և այլն: Այս ամենն ուղղակի անհեթեթություն է: Խոսում են, բայց առանց հիմնավորելու, և ամենացավալին այն է, որ այդ ամենը բարձրացվում է էկրան, տարածվում համացանցով՝ ստեղծելով կեղծ պատկերացումներ»:

Վերջերս էկրան բարձրացավ Ռիտա Շառոյանի «Կոմիտասի սրինգը» ֆիլմը, որի մասին խոսելիս Մարինե Մուշեղյանը կրկին անդրադառնում է կենսագրական խեղաթյուրումներին: Օրինակ` ֆիլմում ներկայացվում է Կոմիտասի ծննդավայրը՝ Քյոթահիան, որտեղ XIV-XV դարերում հայերը հիմնվել են հախճապակու արտադրություն, որը մեծ հռչակ է ձեռք բերել: Եվ ահա ֆիլմում ասվում է, թե իբր Կոմիտասը հիանալի տիրապետում էր այդ արհեստին: «Ի՞նչ կապ ուներ Կոմիտասը հախճապակու հետ,- ծիծաղում է Մուշեղյանը,- որևէ փաստ դրա մասին գոյություն չունի»:

Վերջին ժամանակաշրջանում Կոմիտասի մասին նկարահանված ֆիլմերից պրոֆեսիոնալիզմի և բովանդակության առումով Մուշեղյանն առանձնացնում է Գագիկ Հարությունյանի «Գութաներգ» ֆիլմը, որտեղ ասելիք կա և լուրջ խնդիր է բարձրացված: Մյուս ֆիլմերի դեպքում նա չի հիշում, որ որևէ մեկը գար և փորձեր ուսումնասիրել Կոմիտասի արխիվը, խորհրդակցեր մասնագետների հետ:

Մյուս խնդիրն էլ, ըստ երաժշտագետի, Կոմիտասի կերպարի ողբերգականացումն է: Ապրիլի 24-ին առավոտից երեկո մենք լսում ենք «Կռունկը», «Գարուն ա, ձուն ա արել» և այլն: Կոմիտասը մեզ համար նույնանում է կոտորածի, ջարդի, տառապանքի հետ, բայց ուրախության պահերին բոլորովին չենք հիշում նրան, մինչդեռ նա հիանալի կենսախինդ ստեղծագործոթյուններ ունի:

Մարինե Մուշեղյանը չի ուզում, որ Կոմիտասն ընկալվի որպես Եղեռնի հուշարձան: Կուզենար, որ Կոմիտասն ընկալվեր իբրև ուսուցիչ: «Չէ՞ որ ողջ կյանքում նա ուսուցիչ է եղել, իր հետնորդները պատրաստելու մեծ նպատակներ է ունեցել և հասել է իր նպատակին: Վեց հրաշալի աշակերտ ուներ, որոնք հետո շարունակեցին նրա գործը՝ Միհրան Թումաճյան, Բարսեղ Կանաչյան և այլք: Նա 300 հոգուց բաղկացած երգչախումբ կազմեց: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է նշանակում աշխատել բացարձակ երաժշտական գրագիտության չտիրապետող 300 մարդու հետ: Նա կարողացավ նաև գրագետ ունկնդիր պատրաստել, ինչը նույնչափ կարևոր է»:

Ո՞վ է Կոմիտասը Մարինե Մուշեղյանի համար:

«Կոմիտասը մեր տունն է, և որքան էլ այդ տնից հեռանանք, որտեղ էլ թափառենք, ում հետ էլ շփվենք, միևնույն է, վերադառնալու ենք, քանի որ դա շատ ամուր ու հիմնավոր տուն է»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: