Հայերեն   English   Русский  

​Հովհաննես Բաչկով. «Հաղթանակը կարևոր էր և սպասված»


  
դիտումներ: 6055

Ուկրաինայի Խարկով քաղաքում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից Հայաստանի հավաքականը վերադարձավ մեկ ոսկե մեդալով։

Յոթնամյա ընդմիջումից հետո Հայաստանն ունեցավ բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն: Պատվավոր և սպասված տիտղոսը նվաճեց մի շարք միջազգային մրցաշարերի հաղթող, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Գյումրեցի բռնցքամարտիկը Եվրոպայի առաջնության եզրափակչում 3 ռաունդներում 5:0 հաշվով հաղթեց անգլիացի Լյուք Մակկորմակին՝ հաստատելով իր բարձր կարգը, տաղանդն ու նպատակասլացությունը:

«Անկախի» հետ զրույցում նորընծա չեմպիոնը նշում է, որ անչափ ուրախ է ու հպարտ, որ 7 տարվա ընդմիջումից հետո կարողացել է ոսկե մեդալ նվաճել Հայաստանի համար:

- Շնորհավորում ենք Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճելու առթիվ: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել մրցաշարին:

- Շնորհակալ եմ: Եվրոպայի առաջնությունից առաջ մասնակցեցի մի քանի ուսումնամարզական հավաքների և միջազգային մրցաշարերի, որոնց շնորհիվ լավ մարզավիճակ ձեռք բերեցի:

Ցանկացած մրցաշար ինձ համար անչափ կարևոր է, և եթե մասնակցում եմ, ապա միայն հաղթելու նպատակով: Տրամադրվածությունը նույնպես կարևոր է հաջող հանդես գալու համար: Հոգեբանորեն հարկավոր է տրամադրվել, այլապես հնարավոր է՝ ոչինչ չստացվի:

- Առաջնության ընթացքում տպավորիչ հաղթանակներ տոնեցիք մրցակիցների նկատմամբ՝ գերազանցելով մոլդովացի Դմիտրի Գալագոտին, հունգարացի Ռիխարդ Կովաչին, լեհ Տոմաշ-Մատեուշ Պոլսկուն և անգլիացի Լյուք Մակկորմակին: Մենամարտերից որևէ մեկը կառանձնացնե՞ք:

- Անցկացրած բոլոր մենամարտերն էլ շատ կարևոր էին, որևէ մեկն առանձնացնել չեմ կարող: Յուրաքանչյուր հաղթանակ ինձ ավելի էր մոտեցնում իմ նպատակին: Յուրաքանչյուր հաղթանակում կյանք է ներդրված: Դրանց մեջ է ամփոփված տարիների երկարատև աշխատանքի, մարզումների ու պարապմունքների արդյունքը:

Եզրափակիչ մենամարտում առավելության հասա Լյուք Մակկորմակի նկատմամբ: Նշեմ, որ առաջին ռաունդում փորձում էի հոգնեցնել նրան: Հաջորդ ռաունդներում առավելություն ձեռք բերեցի և կարողացա հասնել բաղձալի հաղթանակին:

- Հայրենիքում Ձեզ մեծ շուքով դիմավորեցին: Ձեր հաղթանակը մեծ ուրախություն և տոն պարգևեց մեր հայրենակիցներին:

- Ոգևորություն եմ ապրում, երբ տեսնում եմ, թե մարդիկ ինչպես են ուրախանում իմ հաղթանակներով:

Երկար ճանապարհ եմ անցել բռնցքամարտում, տարբեր մրցաշարերի եմ մասնակցել, ինչ-ինչ պատճառներով չեմ հայտնվել պատվո հարթակի առաջին աստիճանին: Այս հաղթանակը շատ կարևոր էր ու սպասված: Ամեն գնով ձգտում էի հաղթել: Իմ հարզատներին, երկրպագուներին և ողջ հայությանը ուրախություն պարգևելու ցանկությունս մեծ էր:

Ես հասկացա, որ այդ մեդալը կարևոր էր ոչ միայն ինձ համար, այլև ողջ ազգի: Ոսկե մեդալը Հայաստանի համար նվաճեցի 7 տարվա ընդմիջումից հետո: Կազմակերպված ընդունելությունը մեծ ներշնչանք է ինձ համար: Ինձ հավասար, ինձնից ավելի շատ ուրախացել և տոնել են հարզատներս ու հայրենակիցներս: Սրանից ավելի մեծ հպարտություն չկա ինձ համար: Ոսկե մեդալը շատ կարևոր էր: Եվ այս ամենն ավելի պարտավորեցնող է: Ժողովրդական ճշմարիտ խոսք կա՝ ախորժակն ուտելիս է բացվում: Այս ամենը տեսնելով՝ ցանկանում եմ մշտապես հաղթել հանուն իմ ժողովրդի ու իմ երկրի:

Ցանկանում եմ անպայման նշել, որ այս հաջողությունն իմ և մարզիչներիս համատեղ աշխատանքի արդյունքն է: Կյանքում հնարավոր է հաջողության հասնել միայն թիմային, միահամուռ ու նպատակային աշխատանքի շնորհիվ: Որքան էլ մարզաձևն անհատական է, մարզիկը միայնակ ոչնչի հասնել չի կարող: Եթե համախմբվածություն չլինի, բնական է՝ առաջընթաց և ձեռքբերումներ չեն լինի: Թիմում առաջնորդվում ենք «մեկը բոլորի և բոլորը մեկի համար» սկզբունքով:

- Մարզիկի առօրյան այնքան էլ հեշտ չէ. ամենօրյա մարզումներ, ծանրաբեռնված գրաֆիկ: Սպորտը մեծ նվիրում է պահանջում: Լինո՞ւմ են պահեր, երբ մտածում եք, որ այս ճանապարհը չպետք է ընտրեիք:

- Ամեն մասնագիտություն իր դժվարություններն ունի, կյանքում ոչինչ հեշտ չի տրվում: Եթե կա նպատակ՝ պետք է ձգտել ամեն գնով հասնել դրան: Լինում են դժվար, երբեմն անելանելի թվացող իրավիճակներ: Նմանատիպ մտքեր դժվար պահերին կարող են առաջանալ ցանկացածի մոտ՝ անկախ մասնագիտությունից: Կարևոր է հաղթահարել այդ պահերը, զսպել ավելորդ զգացմունքները և համբերատար շարժվել առաջ:

- Օգոստոսի 25-ից սեպտեմբերի 3-ը Համբուրգում կայանալու է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: Պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխությունը հետաձգվո՞ւմ է:

- Մշտապես մտածել եմ, որ պետք է հաջողության հասնեմ Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունում՝ նոր սկսեմ մենամարտեր վարել պրոֆեսիոնալ բռնցքամարտում: Առանց մեդալի չէի թողնի սիրողականը: Պրոֆեսիոնալ ռինգ կտեղափոխվեմ աշխարհի առաջնությունից հետո միայն:

Մրցաշարերից հետո ինչ-որ ժամանակ հանգիստ է հարկավոր: Արդեն իսկ վերսկսել եմ մարզումներս, քիչ ժամանակ է մնացել աշխարհի առաջնությանը: Մարզավիճակս պետք է պահեմ այն մակարդակում, որ հավաքներից հետո լավ մարզավիճակում լինեմ: Փորձելու եմ անել ամեն ինչ, որպեսզի հաջողության հասնեմ նաև աշխարհի առաջնությունում:

- Հովհաննես, պրոֆեսիոնալ բռնցքամարտում հնարավո՞ր է խուսափել մրցավարական կողմնակալությունից:

- Իհարկե, լրիվ բացառել կողմնակալությունը հնարավոր չէ: 12 ռաունդի ընթացքում սխալներ հնարավոր են, սակայն սիրողական բռնցքամարտի հետ համեմատած՝ նման դեպքերն այստեղ նվազագույնի են հասցված: Կարիերայիս ընթացքում, ցավոք, հաճախ եմ հանդիպել մրցավարական կողմնակալության: Հույս ունեմ, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտում այս խնդրին չեմ բախվի:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: