Հայերեն   English   Русский  

​Երկու բրոնզ՝ երիտասարդական առաջնությունից


  
դիտումներ: 852

Հուլիսի 1-3-ը Դորտմունդում կայացավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2017 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որտեղ 31երկրի 149 ըմբիշներ 8 քաշային կարգերում խաղարկեցին ստուգատեսի 32 մեդալները:

Առաջնությանը Հայաստանի երիտասարդական ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի գլխավորոթւյամբ հանդես եկան 8 ըմբիշներ:

Մրցումային 1-ին օրը մեր տղաների ելույթները բավական հաջող ու հուսադրող էին: Նրանցից 3-ը իրավունք ստացան պայքարել բրոնզե մեդալի համար: 60 կգ քաշային Հրաչյա Պողոսյանին և 74 կգ քաշային, պատանիների 2016 թվականի Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանին հաջողվեց 3-րդ տեղի համար մղվող պայքարում հաղթել իրենց մրցակիցներին և արժանանալ բրոնզե պարգևի: 50 կգ քաշային կարգում հանդես եկած Աշոտ Մխիթարյանը զիջեց հակառակորդին ու 5-րդ տեղը գրավեց:

Մրցումային 1-ին օրվա արդյունքներով Հայաստանի հավաքականը թիմային պայքարում վաստակած 22 միավորով ընթանում էր 4-րդ տեղում:

Ցավոք, մրցումային 2-րդ օրը մրցագորգ ելած 4 պատվիրակները չկարողացան զարգացնել իրենց թիմակիցների հաջողությունը:

Նրանցից 3-րդ տեղի համար պայքարելու հույսեր էր պահպանում 55 կգ քաշային Նորայր Հախոյանը: Նա 1/8-րդ փուլում 0:2 հաշվով պարտվեց Եվրոպայի ապագա փոխչեմպիոն ռուսաստանցի Էմին Սեֆերշաևին, և քանի որ վերջինս հասել էր եզրափակիչ, Հախոյանը սփոփիչ փուլում հաջող հանդես գալու դեպքում հնարավորություն կունենար բրոնզե մեդալի համար պայքարել: Սակայն սփոփիչ փուլի գոտեմարտում Նորայրը 2:3 հաշվով պարտվեց ռումինացի Ռազվան Արնաուտին, և 17 մասնակիցների մեջ գրավեց 10-րդ տեղը:Նա միակ մարզիկն էր, ով 2-րդ օրը Հայաստանի ընտրանուն թիմային պայքարի համար հաշվարկային 1 միավոր պարգևեց:

Հավաքականի մյուս 3 ըմբիշները՝ Զավեն Միքայելյանը (66 կգ), Արսեն Սարգսյանը (84կգ) և Դավիթ Հովասափյանը (120 կգ), անհաջող հանդես եկան և չկարողացան միջամտել մրցանակային տեղերի համար մղվող պայքարին:

Թիմային պաքարում Հայաստանի ընտրանին 4-րդ տեղից նահանջեց և 23 միավորով 31 երկրի հավաքականների շարքում զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը:

Նշենք, որ ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը կայանալու է օգոստոսի 1-6-ը Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: