Հայերեն   English   Русский  

Արցախը կտրված է կլիմայական համաշխարհային ցանցից


  
դիտումներ: 4362

Արցախում կլիմայի և դրա փոփոխության վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքները կարևոր են տնտեսության կայուն զարգացման, քաղաքաշինության, գյուղատնտեսության, բանակաշինության, առողջապահության, տուրիզմի, ջրային ռեսուրսների կառավարման առումով:

Էներգետիկայի ոլորտներին տեղեկություններ հասցնելու համար անհրաժեշտ է լիարժեք կլիմայական մշտադիտարկում: Այդ ամենը կարևոր է նաև համաշխարհային կլիմայական վերլուծությունների համար, սակայն Արցախն այդ առումով էլ է կտրված համաշխարհային հանրությունից՝ կապված քաղաքական կարգավիճակի հետ:

Այս ամենի մասին խոսվում է դեռևս 1996 թվականից, հիմնականում` գիտական կառույցներում, սակայն մինչ օրս խնդրին լուծում տրված չէ: Արցախը, փաստորեն, նաև այդ առումով է մեկուսացած աշխարհից:

«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական Համլետ Մելքոնյանը, որ այս ոլորտում է աշխատում շուրջ 50 տարի (1990-98 թթ. Հիդրոօդերևութաբանության և էկոլոգիայի գիտակիրառական կենտրոնի տնօրեն է եղել), այս խնդրի մասին մեկ անգան չէ, որ բարձրաձայնում է: «1996 թվականից ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության գիտական կենտրոնը 4 անգամ դիմել է ՀՀ Գիտության պետական կոմիտե՝ թեմատիկ ֆինանսավորման հայտով, որոնք միշտ մերժվել են,-ասում է նա,- մինչդեռ վերջին տարիներին Ադրբեջանը միջազգային տարբեր հարթակներում կլիմայի և դրա փոփոխությանն առնչվող իր պարտավորությունների մասին խոսելիս խնդիրը կապում է Արցախի հետ ու ասում, թե իրենք չեն կարողանում լիարժեք հաշվետվություններ տալ, քանի որ չեն տիրապետում Արցախի տվյալներին»:

Մելքոնյանը կարծում է, որ եթե այդ տվյալները լինեն, ապա Արցախի պետական և ոչ պետական շրջանակները նաև պարտավորված կզգան ու պատրաստակամ կլինեն մասնակցելու կլիմայի փոփոխության հիմնախնդիրների լուծմանն ուղղված գլոբալ ջանքերին ու կներկայանան անկախ այն հանգամանքից` դա կընդունվի որոշ պետությունների կողմից, թե ոչ:

Հաշվի առնելով խնդրի կարևորությունը և տեսնելով, որ այդ ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում՝ Համլետ Մելքոնյանը ստեղծել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության մասնագետներից կազմված խումբ և որոշել է ինքնուրույն հետազոտություններ անցկացնել ու որոշակի բազա ստեղծել Արցախի կլիմայական գոտու համար: Առաջինը սկսել են կլիմայական մոնիթորինգից: Խումբը հավաքել է Արցախում և նրա հարակից տարածքներում բոլոր ժամանակներում կատարված դիտարկումների արդյունքները՝ ըստ 14 օդերևութաբանական կայանների: Այդ դիտարկումների արդյունքները վերցված են 1881-1917 թվականներին՝ Ցարական Ռուսաստանի օրոք Արցախում տեղակայված օդերևութաբանական կայանների դիտարկումների պահպանված տվյալներից, 1927-1991 թթ. ԽՍՀՄ կազմում եղած ժամանակահատվածի օդերևութաբանական դիտարկումների տվյալներից և 1991-2015 թթ. Ստեփանակերտի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի օդերևութաբանական կայաններից վերցված դիտարկումների տվյալներից: Այդ ամենը համակարգվել է, մշակվել և վերլուծվել՝ համաձայն միջազգային չափորոշիչներով ընդունված մեթոդական ցուցումների և օգտագործվել հետագա ուսումնասիրություններում:

Արցախի կլիմայական մոնիթորինգի տվյալների հիման վրա կազմվել է նաև շուրջ 100- էջանոց կլիմայական տեղեկագիր, որը գոնե անկախությունից հետո առաջինն է Արցախի համար: Տեղեկագրում ներկայացված է 1991-2015 թթ. Արցախի կլիմայական նկարագիրը՝ օդի ջերմաստիճանը, խոնավությունը, հողի ջերամստիճանը, մթնոլորտային տեղումները և այլն:

Մոնիթորինգի տվյալների հիման վրա մշակվել է նաև կլիմայի փոփոխության գնահատման, ինչպես նաև կլիմայական սցենարների կանխատեսման համար անհրաժեշտ տվյալների շտեմարան (75 էջ), որում ներառված են Արցախում օդի ջերմաստիճանի, մթնոլորտային տեղումների արժեքները` 1951-2015 թթ. տարեկան, ամսական, սեզոնային կտրվածքով: Մեկ այլ աշխատություն էլ վերաբերում է Արցախի կլիմայի փոփոխության գնահատականին և ապագա սցենարներին:

«Արդյունքները հնարավորություն կտան կլիմայի փոփոխության խնդիրներն ընդգրկել համապատասխան սոցիալական, տնտեսական, գիտական և բնապահպանական քաղաքականության ծրագրերի և ռազմավարությունների մեջ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված խնդիրների լուծման համար»,- ասում է Մելքոնյանը:

Կազմվել է անգամ միջազգային կառույցներին ներկայացվող կլիմայական հաշվետվության օրինակ՝ օգտագործելով 1951-2015 թթ. դիտարկումների տվյալները: «Համապատասխան միջազգային կառույցներին այդ տեղեկություններն ուղարկելու հարցերը պետք է քննարկենք Արցախի ղեկավարության հետ»,- նշում է Մելքոնյանը:

Արցախում օդերևութաբանական ոլորտն անտեսված է. սա Համլետ Մելքոնյանի տեսակետն է: Նրա նպատակն է, որ Արցախում այդ հիդրոօդերևութաբանությունը ոտքի կանգնի անկախ այն հանգամանքից՝ միջազգային կառույցներն այս պահին պաշտոնապես կընդունեն Արցախի կլիմայական տվյալները, թե ոչ: Վերջին հաշվով, դա կարևոր է առաջին հերթին Արցախի տնտեսության, բանակաշինության, առողջապահության, տուրիզմի և այլ ոլորտների կայուն զարգացման համար: Մելքոնյանն ուզում է, որ իր ու իր թիմի կատարած հետազոտությունները դառնան Արցախում այդ ոլորտի կայացման հիմքը և իրենց հսկայական աշխատանքին որևէ կառույց տեր կանգնի, քանի որ այդ կարևոր ոլորտը բարձիթողի վիճակում թողնել պարզապես չի կարելի: «Մենք բազան ստեղծել ենք, հիմա իրենք պետք է որոշեն ինչպես դա օգտագործել»:

Ի տարբերություն Արցախի՝ Հայաստանի Հանրապետությունն այդ առումով կայացած է և լուրջ ավանդույթներ ունի: Հայաստանում կլիմայական դիտարկումներ իրականացվում են դեռևս XIX դարավերջից: Մատենադարանում պահպանված են 1843 թվականի տվյալներ: Օդերևութաբանական ամենահին կայանները Հայաստանում ստեղծվել են Գավառում, Գյումրիում և Երևանում: Իսկ այսօր Հայաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանային կլիմայական կենտրոնն է, որը հավաքում է տարածաշրջանի կլիմայական տեղեկությունները, ամփոփում և հանձնում միջազգային կլիմայական կառույցներին: Դրանք էլ իրենց հերթին ամփոփում են այդ տվյալները և կազմում կլիմայական հաշվետվություններ ամբողջ աշխարհի կտրվածքով:

Առհասարակ ժամանակակից աշխարհում կլիմայագիտությունը կարևոր ոլորտ է, որի դերն ավելի ու ավելի է մեծանում: Կլիմայի փոփոխությունը մարդկության առջև ծառացած կարևոր հիմնախնդիրներից է, և այդ ուղղությամբ իրականացվող հետազոտությունները ռազմավարական նշանակություն ունեն ոչ միայն առանձին երկրների, այլև ողջ մոլորակի համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: