Հայերեն   English   Русский  

​Չկա մի օրգան, որ չտուժի ոգելիցից. ակադեմիկոսի կարծիքը


  
դիտումներ: 3561

Ֆ.Գ. Ուգլովն առաջինն էր Խորհրդային Միությունում , որ սրտի, թոքերի ու կերակրափողի վիրահատություններ կատարեց: Նա է սրտի արհեստական փականը հայտնագործողն ու դրա պատրաստման միջոցն առաջարկողը: Փորձառու բժիշկն ու գիտնականը մեծ հռչակ ու հեղինակություն ունի այդ բնագավառում, ուստի նրա խորհուրդներին արժե ծանոթանալ ու գուցե նաև հետևել դրանց:

1983-ին ակադեմիկոս Ուգլովը հանդես եկավ «Ալկոհոլն ու ուղեղը» հիշարժան զեկույցով: Դա սոսկ պատմություն չէ, թե ինչու չի կարելի ալկոհոլ գործածել: Դա արժեքավոր տեղեկություն է՝ ամրագրված փաստարկներով ու հետազոտություններով:

Ալկոհոլի ազդեցությունն օրգանիզմի վրա

Բոլոր օրգաններն են տուժում ալկոհոլից, սակայն ամենից շատ՝ ուղեղը: Ու դա դժվար չէ հասկանալ, եթե հաշվի առնենք, որ հենց ուղեղին է այն ամենից շատ քանակությամբ հասնում: Ուղեղի կոշտ թաղանթը լարված է, իսկ փափուկ թաղանթներն այտուցվող են, լի արյունով, անոթները՝ լայնացած: Ալկոհոլի ազդեցությամբ տեղի է ունենում ուղեղի մի հատվածի մեռուկացում: Ու հավատացեք, որ խոսքը միայն ալկոհոլամոլների մասին չէ:

Սուր ալկոհոլային թունավորումից մահացածի ուղեղի հետազոտությունը ցույց է տվել, որ պրոտոպլազմայում ու միջուկում նյարդային բջիջներում կատարված ձևափոխություններն այնքան սուր էին արտահայտված, ինչպես լինում է ուժեղ թույներից թունավորումների դեպքում: Իհարկե, կարող եք հակառակվել, թե ամեն ինչ կախված է քանակից, ու եթե այդ մարդը մահանում է սպիրտայինից, ապա հասկանալի է, թե ինչու է ուղեղն այդպես արձագանքում:

Ուգլովը վստահեցնում է, որ նման փոփոխություններ կատարվում են նաև այն խմող մարդկանց ուղեղում, ովքեր մահանում են ալկոհոլի հետ չկապված պատճառների հետևանքով:

Դեպի գլխուղեղ արյան ուժգին հոսք է լինում, ինչը հաճախ է հանգեցնում ուղեղի թաղանթներում և ուղեղի մակերեսային գալարներւմ անոթների պայթելուն: Նման փոփոխություններն անդառնալի հետևանքներ են ունենում: Սակայն դա չէ ալկոհոլային ամենամեծ չարիքը:

Ալկոհոլի ազդեցությամբ ուղեղի բջիջներին թթվածնի մատակարարումն է դադարում, քանի որ էրիթրոցիտներն իրար են սոսնձվում: Թթվածնային քաղցը, եթե դա 5-10 րոպե է շարունակվում, հանգեցնում է ուղեղի տվյալ հատվածի բջիջների մեռուկացման: Արյան մեջ որքան մեծ է ալկոհոլի խտությունը, այնքան մեծ քանակությամբ բջիջներ են մեռնում: Կյանքում չափավոր խմող մարդու դիահերձումից պարզվում է, որ նրանց ուղեղը կեղևի բջիջների իսկական գերեզմանոց է: Իսկ չափավոր խմող են համարվում շատ մեծ թվով մարդիկ:

Մի քանի տարի ալկոհոլ գործածելուց հետո գլխուղեղի կառուցվածքի փոփոխություն է առաջանում: Այդ փաստը հաստատելու համար հետազոտվել է 20 մարդ: Նրանցից 5-ի մոտ հստակ մտավոր ունակությունների նվազում է նկատվել անգամ սովորական խոսքում: Բոլոր հետազոտվողների մոտ ուղեղի ատրոֆիայի ակնհայտ նշաններ են հայտնաբերվել:

Վաղուց ապացուցված է, որ խմողներից շատերի մոտ ու անգամ նրանց, ովքեր թողել են խմելը, զառամախտի ախտանշաններն ավելի վաղ տարիքում են արտահայտվում: Սակայն մոլորություն է կարծելը, թե զառամախտով հիվանդանում են միայն ալկոհոլամոլները:

1975-ին ալկոհոլը թմրամիջոցների շարքն է դասվել:

Բավական է մարդկանց չափավոր խմելու կոչ անել, ասել, որ դա անվտանգ է, ու նրանք սիրով կհետևեն նման խորհրդին: Նրանց մեծ մասը հետագայում կվերածվի ալկոհոլամոլի: Կարող ես խմել ամսական մեկ անգամ, մեծ տոներին, սակայն մնացած ժամանակահատվածում մարզվել: Միևնույն է, ալկոհոլի ազդեցությունն ուղեղի վրա մահացու հետևանքներ է թողնում:

Ալկոհոլի գործածությունից տուժում են ուղեղի բոլոր գործառույթները ու բոլոր զգացումները: Ցանկացած ստեղծագործող, որ ալկոհոլ է գործածում, անդառնալի վնաս է հասցում թե՛ իր ունակություններին և թե՛ գործին, որին նվիրում է իր կյանքը: Տխուր է նայել այն տաղանդին, որն աչքիդ առջև անհետանում ու մեռնում է թմրաթույնի հարվածներից:

Որքան էլ ուղեղի աշխատանքում մեծ խանգարումներ են առաջանում ալկոհոլի ազդեցությամբ, գիտնականները գլխավոր վտանգը համարում են խմող մարդու հոգեկան խեղումներն ու բնավորության փոփոխությունը: Առաջինը խմողի վարքագծում նշում են բարոյականության անկումը, անտարբերությունը պարտականությունների ու պարտքի, ուրիշների ու անգամ ընտանիքի անդամների հանդեպ: Հետաքրքիր է, որ անգամ շներն են դա նկատում խմած մարդու կեցվածքից ու նրանց վրա ավելի շատ են հաչում, քան սթափ մարդկանց վրա:

Ալկոհոլի զանգվածային գործածման հետ տարեցտարի աճում է վաղաժամ հետաճը, իսկ նման երեխաների թվի աճը բերում է հասարակության տհասության: Մարդկությունն անտարբերությամբ է նայում, թե ինչպես է ազգային բանականության դաժան ոչնչացում կատարվում:

«Թող ամաչեն նրանք, ովքեր ասում են, թե ժողովրդի սթափությունն անիմաստ բան է, թե արգելելով սթափության չես հասնի: Չի կարելի դրան հասնել կեսարգելքներով, այլ պետք է վճռական միջոց մտածել: Պետք է ալկոհոլը շրջանառությունից հանվի ընդմիշտ, բոլոր ժամանակներում: Պետք է գիտակցության արթնացման ուղիով գնալ, որ ժողովուրդն ինքնակամ հրաժարվի այն օղուց, որը վաճառվում է շատ ցածր գնով»,- եզրափակում է ակադեմիկոսը:

Ամեն ինչ սկսվում է «մի քիչ»-ից: Հետո այն ավելանում ու վերածվում է կործանարար սովորության: Հասկանալի է, որ այդ բիզնեսի շուրջ մեծ փողեր են շրջանառվում ու հնուց դրանով շատերն են հետաքրքրված: Ալկոհոլը միշտ էլ կլինի վաճառքում:

Ուրեմն փորձենք պարզապես մտածել մեր երեխաների, մեր ընտանիքի մասին, հանուն որոնց արժե սթափ ապրելակերպ վարել, ոչ թե դժվար իրավիճակում փրկություն փնտրել բաժակի մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: