Հայերեն   English   Русский  

​Կուտակային կենսաթոշակներ (մաս 2)


  
դիտումներ: 18362

Նախորդ համարում խոսեցինք կենսաթոշակների, մասնավորապես՝ կուտակային կենսաթոշակային համակարգի, դրա և պետական կենսաթոշակների տարբերության, կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների, նրանց կողմից կատարվող սոցիալական վճարների ու դրանց դրույքաչափերի մասին: Շարունակելով կուտակային կենսաթոշակային համակարգի թեման՝ այս համարում նույնպես կմանրամասնենք որոշ էական հարցեր: Փորձենք հարց ու պատասխանի միջոցով պարզել կուտակային կենսաթոշակային համակարգի էական կողմերը:

Ո՞րքան է կազմում սոցիալական վճարի հաշվարկման առավելագույն շեմը: Աշխատավարձի դեպքում առավելագույն շեմը կազմում է ամսական 500,000 ՀՀ դրամ, որը, սակայն, 2020-ից չի գործելու, փոխարենը սոցիալական վճարի հաշվարկման առավելագույն շեմը կազմելու է նվազագույն ամսական աշխատավարձի 15-ապատիկը: Ձեռնարկատիրական եկամտի դեպքում սոցիալական վճարի հաշվարկման առավելագույն շեմը կազմում է տարեկան 6,000,000 ՀՀ դրամ՝ բացառությամբ «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող կամ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված կամ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակների:

Ինքնազբաղված անձանց դեպքում սոցիալական վճարի հաշվարկման առավելագույն շեմ չի կիրառվում:

Ո՞րն է պետության մասնակցությունը:

Պետությունը մասնակցություն ունի 1974 թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողների, նոտարների, անհատ ձեռնարկատերերի կողմից կատարված սոցիալական վճարներին: Այսպես, պետությունը վերոնշյալ անձանց սոցիալական վճարների չափով հատկացում է անում կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակցի համար, սակայն առավելագույնը ամսական 25,000 ՀՀ դրամ վարձու աշխատողների համար և տարեկան 300,000 ՀՀ դրամ անհատ ձեռնարկատերերի համար: Սակայն կարևոր է իմանալ նաև, որ եթե 1964 թ. հունվարի 1-ից 1974 թ. հունվարի 1-ը ծնված անձը կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումը ներկայացնում է մինչև 2018 թ. հուլիսի 1-ը, ապա նրա համար նույնպես կուտակային հատկացումներ են կատարվում ընդհանուր կարգով:

Որո՞նք են կենսաթոշակային ֆոնդերը:

Ֆոնդերի տեսակները երեքն են՝

- հավասարակշռված ֆոնդ, որի կանոնների համաձայն` բաժնային արժեթղթերի և դրանց հեջավորման նպատակով ձեռք բերված ածանցյալ ֆինանսական գործիքների կշիռը ֆոնդի ակտիվներում չի կարող գերազանցել 50 տոկոսը.

- պահպանողական (կոնսերվատիվ) ֆոնդ, որի կանոնների համաձայն` բաժնային արժեթղթերի և դրանց հեջավորման նպատակով ձեռք բերված ածանցյալ ֆինանսական գործիքների կշիռը ֆոնդի ակտիվներում չի կարող գերազանցել 25 տոկոսը.

- կայուն եկամտային ֆոնդ, որի կանոնների համաձայն` ակտիվները չեն կարող ներդրվել բաժնային արժեթղթերում և դրանց վրա հիմնված ածանցյալ ֆինանսական գործիքներում:

Մասնակիցների կողմից ֆոնդի ընտրությունը կամավոր է: Կամավոր չընտրելու դեպքում համապատասխան ծրագրային մոդուլի միջոցով մասնակցի համար ընտրվում է ֆոնդի կառավարիչ, որի միջին ռիսկայնության (պահպանողական) կենսաթոշակային ֆոնդն էլ ընտրվում է որպես մասնակցի ֆոնդ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: