Հայերեն   English   Русский  

​Խոսք ընթերցողի.Վերադարձ քարեղեն ժպիտով


  
դիտումներ: 5948

Որպես ընթերցող երբեք էլ անտարբեր չեմ եղել հուշագրությունների նկատմամբ: Հավաստում եմ նաև, որ թեպետ ժամանակին աշխատել եմ կուսակցական և խորհրդային մարմիններում, ամենևին էլ կարոտաբաղձությամբ չեմ տառապում:

Բայց համոզված եմ նաև, որ իրոք գործն է անմահ ու երիցս իրավացի է եղել Երևանի Նոր Նորքի վարչական շրջանի հիմնադիր Պավել Սաֆյանը, որ ժամանակին ասել է. «Մենք կենտկոմի և քաղկոմի համար չենք աշխատում… Մենք աշխատում ենք մեր բնակչության համար… Ում համար անում ենք, նա էլ իրավունք ունի մեզ գնահատելու կամ քննադատելու»: Այս խոսքերը բնաբան են դարձել «Գործն է անմահ» հուշերի ժողովածուի համար: Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնական գրադարանի գրական միավորման «Լուսաբաց» մատենաշարի այս հերթական գիրքը նվիրված է շրջանի հիմնադրման 50-ամյակին և հիմնադրի՝ Պավել Սաֆյանի ծննդյան 90-ամյակին:

Գրքի նյութերը հավաքել, կազմել ու խմբագրել է Յուրի Սահակյանը, որ ՀԿԿ Խորհրդային շրջկոմի ընդհանուր բաժնի ղեկավարն է եղել 1972-91 թթ. և անմիջական աշխատանքային առնչություններ է ունեցել Պավել Սաֆյանի հետ: Գրքի շապիկին Պավել Սաֆյանի վերադարձն է քարեղեն ժպիտով՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանի հեղինակած կիսանդրին, որ 2004 թ. կառուցվել է Նոր Նորքի այն ժամանակվա թաղապետ, երջանկահիշատակ Դավիթ Պետրոսյանի նախաձեռնությամբ: Իսկ ավելի վաղ` 1997 թ., Նոր Նորքի համայնքի ղեկավար Մկրտիչ Մինասյանի որոշմամբ Պավել Սաֆյանին հանձնվել է Նոր Նորքի համայնքի պատվավոր անդամի առաջին վկայագիրը:

Գրքի էջերում Պավել Սաֆյանի կատարած գործերի մասին ուշագրավ մանրամասներ են ներկայացնում ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Գրիգոր Ղարիբյանը, ՀԿԿ Կենտկոմի քարտուղար Վլադիմիր Ղալումյանը, Խորհրդային շրջանի գործադիր մարմնի երկարամյա ղեկավար Լյուդմիլա Բլաժեևան և շատ ուրիշներ: Առանց հուզմունքի չես կարող կարդալ Սաֆյանի դուստրերի՝ Նարինեի և Անահիտի «Մեր հայրիկը» խոհապատումը:

Չեմ ուզում շատ մանրամասնել, պարզապես առաջարկում եմ կարդալ այս գիրքը, որ արժևորում է ոչ միայն Պավել Սաֆյանի, այլև նրա բազմաթիվ գործընկերների ու պարզապես նրա հետ առնչված մարդկանց կյանքի ճանապարհը: Միայն իմ հայրենակից, երջանկահիշատակ Ալբերտ Փարսադանյանի «Մեր՝ 25-ի Ա-ն» իրապատումը հիշատակի ինքնատիպ կանգառ է մոտ երեք տասնյակ երևելի մարդկանց կյանքի ճանապարհին: Ժողովածուի էջերում ուշագրավ բեկորներ են Պավել Սաֆյանի հետ ունեցած աշխատանքային և ոչ աշխատանքային առնչություններից: Անդրադարձներ կան Սիսիանում և Մասիսում Պավել Սաֆյանի վստահ ու անմոռաց քայլերով լեցուն ճանապարհին: Շատ խոսուն են նաև գրքի էջեր բերված լուսանկարները՝ մոռացումից փրկված վավերագրերը ու սրբացած մասունքները: Իսկ որպես վերջաբան Հովհ. Թումանյանի խոսքերն են. «Երնեկ նրան, ով իր գործով կապրի անվերջ, անդադար»:

Կարծում եմ՝ ոչ միայն չեք փոշմանի, այլև շնորհակալական զգացումներ կունենաք Նոր Նորքի վարչական շրջանի կենտրոնական գրադարանի տնօրեն Նազելի Արզումանյանի հանդեպ, որ մտահղացել է գրքի տպագրության գաղափարը, ու նաև տպագրության հովանավորի՝ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի և այն անձանց հանդեպ, որոնց ջանքերի գնով լույս աշխարհ է եկել այս ինքնատիպ ժողովածուն:

Վաղարշակ Ղորխմազյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: