Հայերեն   English   Русский  

Կեղնի մե օրմ, օր վերևից տեսնեմ, թե էս աշխարհը ընչի է սպես ծու~ռ․․․


  
դիտումներ: 8891

Այսօր ՀՀ դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի Գալյա Նովենցի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1937թ. հուլիսի 10-ին, մահացել 2012թ. հուլիսի 22-ին:

Նա հայ բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի կինն է, Հակոբ Ղազանչյանի մայրը։ 1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1958-1961 թթ. Կապանի, 1971-1977 թթ.` Գյումրիի, 1977-1983 թթ.` Երևանի դրամատիկական թատրոնի, 1961- 1971 թթ և 1983-1993 թթ.` Երևանի Սունդուկյանի անվան, 1993 թվականից` Համազգային թատրոնների դերասանուհի։

1995 թվականից բնակվել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում, որտեղ մահացել է։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։ 2007 թվականին արժանացել էր ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը, իսկ հաջորդ տարի՝ «Հատուկ մրցանակի»՝ «Արտավազդ» թատերական ամենամյա փառատոնի ժամանակ։ Ստացել է նաև ՀՀ Պետական մրցանակ, իսկ հայ եկեղեցու կողմից` «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» բարձրագույն մեդալ։

«Ես խոսելու եմ առանց գերադրական մակդիրների, դրանք կարող են նսեմացնել արժեքը: Նաեւ չեմ կարող երկար խոսել, որովհետեւ ես կողքի մարդ չեմ, ճառ ասել չեմ կարող: Գալյան թե´ իր անձով, թե´ իր արվեստով խղճի մարմնացում էր: Մենք նույն կուրսում ենք սովորել, նա մեր քույրն էր 50 եւ ավելի տարի: Այո, նա իր արվեստով բերում էր խղճի գաղափարը, հայ կնոջ խղճի գաղափարը: Նա ներքին տարերքի դերասանուհի էր»,-ասել է Հենրիկ Հովհաննիսյանը։

Գալյա Նովենցի դերակատարումներին բնորոշ են վառ նկարագիրը, հոգեբանական հավաստի վերլուծությունը։

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: