Հայերեն   English   Русский  

​ԶԱՔԱՐԵ ԱՄԻՐՍՊԱՍԱԼԱՐ. նա զորավար էր թագավորների մեջ և թագավոր` զորավարների մեջ


  
դիտումներ: 8961

Զաքարե Զաքարյանը ռազմաքաղաքական մեծ գործիչներից էր: Եզակի զորահրամանատար, որ ոչ միայն երբևէ չճաշակեց պարտության դառնությունը, այլև սուր ճոճեց ոչ միայն հանուն հայրենյաց, այլև հանուն պատվի:

Զաքարյանների տոհմի ակունքները Վասպուրականից են: 1021 թ., երբ Վասպուրականի թուլամորթ թագավոր Սենեքերիմ Արծրունին իր պետությունը հանձնեց Բյուզանդական կայսրությանն ու հաստատվեց Բյուզանդիայի հայաբնակ վայրերում` Փոքր Հայքի Սեբաստիա քաղաքում, ոչ բոլոր Արծրունիները նրա հետ հեռացան Վասպուրականից: Արծրունյաց շառավիղներից շատերը մնացին հայրենի բնօրրանում, շատերն էլ ստիպված էին լքել Վասպուրականը, քանզի չէին կամենում ծառայել օտարին:

Եվ Զաքարյանների նախնին` Զաքարե Առաջինը, տեղափոխվեց Հյուսիսային Հայաստան` Լոռի: Լոռվա ընտրությունը պատահական չէր: Արծրունիների հակամարտությունը Անիի Բագրատունիների հետ դարերի խորքից է գալիս: Իսկ տվյալ ժամանակամիջոցում Անիից հետո ամենաազդեցիկ ու ամենահզոր հայոց պետությունը Լոռվա Կյուրիկյան թագավորությունն էր, որի գահակալ Դավիթ Ա Անհողինը (990-1048) թշնամական դիրք էր բռնել Անվո թագի հանդեպ և երիցս փորձել էր տիրանալ իր հայրենական ժառանգությանը` Հայոց թագավորությանը, որին ապօրինաբար տիրացել էր իր հորեղբայր Գագիկ Ա Շահնշահը (990-1020):

Եվ այսպես, XI դարի 20-ական թվականներին Արծրունյաց տան շառավիղները հաստատվեցին Լոռվա թագավորությունում: Դավիթ Անհողինը, որպես հայրենական կալվածք, նրանց հանձնեց Խոժոռնի բերդաքաղաքը և ըստ էության նաև Տաշիր-Ձորագետի թագավորության սպարապետության գործակալությունը:

Զաքարյանների վաղ շրջանի գործունեությունից շատ քիչ բան է հայտնի: Գիտենք միայն նրանց մի նախնու` Խոսրովի (Խոսրովիկ) մասին, որի գերեզմանը գտնվում է Հաղպատավանքի զանգակատան դիմաց, այսօր շատերն այն սխալմամբ համարում են Խոսրովանուշ թագուհու գերեզմանը:

1118 թ. Լոռվա թագավորությունը կործանվեց վրաց Դավիթ Դ Շինարար թագավորի հարվածներից: Զաքարյանները դրանից հետո ծառայության անցան վրաց արքունիքում և համարվում էին Լոռիին տիրացած Օրբելիների վասալները:

1177-1178 թթ. վրաց արքայազն Դեմետրեն ապստամբում է Գեորգի Գ թագավորի դեմ, որն անօրինաբար տիրացել էր վրաց գահին և զրկել Դեմետրեին հայրական թագից: Ապստամբության առաջամարտիկը ռազմատենչ ու հզոր Օրբելիների տոհմն էր, որի բանակում կռվում էին նաև Զաքարյանները (Սարգիս Զաքարյան) հայկական զորագնդերով: Սակայն պատերազմի վճռական պահին Սարգիս Զաքարյանը հայոց զորաբանակով անցավ Գեորգի Գ արքայի կողմը, ինչն էլ վճռեց պատերազմի ելքը: Հաղթանակից հետո Գեորգի Գ վարձահատույց եղավ Սարգիս Զաքարյանին: Նրան դասեց վրաց բարձր կարգի ազնվականության շարքը, Զաքարյաններին որպես հայրական ժառանգություն հանձնեց Օրբելիներից խլած Լոռին, Սարգիս Զաքարյանին կարգեց վրաց զորքերի ամիրսպասալար-սպարապետ:

Սարգիս Զաքարյանի մահից հետո կարճ ժամանակ անց` 1192 թ., վրաց պետության սպարապետությունը ստանձնեց նրա ավագ որդին` Զաքարե Զաքարյանը, որի անվան հետ է կապված ոչ միայն Հայաստանի ազատագրումը սելջուկյան լծից, այլև վրաց պետության փառքը:

Զաքարե Զաքարյանը եղբոր` Իվանե (Հովհաննես) Զաքարյանի հետ վերակազմավորեց հայոց բանակը, բարձրացրեց նաև վրաց բանակի մարտունակությունն ու ձեռնամուխ եղավ Հայաստանի ազատագրման սուրբ գործին:

Զաքարեի և Իվանեի հրամանատարությամբ հայկական բանակները սկսում են իրենց հաղթարշավը: 1190-1207 թթ. ընթացքում քաջարի եղբայրների հրամանատարությամբ ազատագրվում է ողջ Արևելյան և Կենտրոնական Հայաստանը` Անին, Կարսը, Դվինը, Նախճավանը, Բագրևանդը, Արճեշը, Մանազկերտը, Բասենը, Ղազվինը...

Զաքարե Զաքարյանը սրանով հիմք դրեց հայոց նոր պետականության` Զաքարյանների թագավորության: Այո, հենց թագավորության, քանզի նա վիմագիր արձանագրություններում և պատմիչների աշխատություններում կոչվում է արքա հայոց, կեսար, թագավոր, նմանատիպ այլ տիտղոսներով, որ ամենևին չափազանցություն չէր Զաքարեի դիրքի և ազդեցության համեմատ:

Զաքարյանների պետության կարգավիճակի հարցը պատմաբանների մոտ մինչ այժմ վեճերի տեղիք է տալիս: Սակայն այն, որ Զաքարյանների պետությունը հենց թագավորություն էր, ակնառու է:

961 թ., երբ Աշոտ Գ Ողորմած արքան հայոց մայրաքաղաքը Կարսից տեղափոխեց Անի, Հայաստանում կատարեց պատմության մեջ նախադեպը չունեցող վարչական բարեփոխումներ: Հայաստանը դարձավ աշխարհում առաջին դաշնային պետությունը. մի քանի թագավորություններ (այդ թվում` վրաց Բագրատունիների թագավորությունը) միավորվեցին հայոց միասնական պետության մեջ` համադաշնության սկզբունքով, որի գերագահը Անիի Բագրատունիներն էին: Անիի թագավորության կործանումից շատ չանցած` պետական այդ մոդելը կիրառեցին վրաց Բագրատունիները, վրաց թագավորությունը բաղկացած էր յոթ առանձին թագավորություններից, որոնցից մեկը Սոմխեթն էր` հայոց երկիրը: Զաքարյանները ոչ միայն հասան Հայաստանի ամբողջական անկախությանը, քանզի հարկ չէին վճարում վրաց Բագրատունիներին, այլև իրենց ձեռքը վերցրին վրաց պետության կառավարման բոլոր լծակները: Վրաց արքունիքի հինգ կարևորագույն գործակալություններից չորսը Զաքարյան տոհմի ձեռքում էր:

Այլ հարց է, որ Զաքարյան Հայաստանի պաշտոնական անունը Հայոց թագավորություն չէր: Պատմիչներն այդ ժամանակամիջոցում Հայաստանն անվանում էին Արևելից երկիր, Արևելյան կողմ հայոց և նման այլ արտահայտություններով, քանզի Հայոց թագավորություն կոչվում էր Կիլիկիայի հայոց թագավորությունը, որի գահակալներն էլ իրենց հերթին ունեին Հայոց թագավոր տիտղոսը:

Առհասարակ, Զաքարե Զաքարյանը սերտ կապերի մեջ էր Կիլիկիայի թագավորության հզորագույն գահակալ Լևոն Բ Մեծագործի հետ: Նրանց նպատակը Հայաստանի և Կիլիկիայի միավորումն էր: Սակայն այդ գործին խանգարեց Խլաթի պաշարման ժամանակ Իվանե Զաքարյանի անփութությունը: Խլաթի էմիրությունն էր միայն բաժանում երկու հայոց պետությունները, և Զաքարյանները մեծ բանակով պաշարեցին հնամենի հայոց քաղաքը: Բայց պաշարման ժամանակ Իվանե Զաքարյանը անզգուշորեն գերվեց: Զաքարեն ստիպված էր զիջումների գնալ: Նա չգրավեց Խլաթը, այլ Խլաթի էմիրության պահպանման գնով ազատեց եղբորը, իր դուստր Թամարին (հետագայում Արևելքում հայտնի Թամթա խանումը) կնության տվեց Խլաթի էմիրի որդուն, և երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններ հաստատվեցին:

Զաքարեն սուր էր ճոճում ոչ միայն հանուն հայրենիքի, այլև հանուն պատվի:

1204 թ. Թիֆլիսում` վրաց արքունիքում, Թամար թագուհու և վրաց պետության ողջ ազնվականության ներկայությամբ Իկոնիայի սուլթանի դեսպանի ընդունելություն էր:

Դեսպանը Թամարին է փոխանցում սուլթանի ուղերձը, որ հոխորտում էր, թե քարուքանդ կանի վրաց տունը, հարկեր էր պահանջում և վերջում ավելացնում. «Եթե Թամարը հարկ կհամարի իսլամ ընդունել, կլինի իմ սուլթանի առաջին տիկինը, եթե կցանկանա մնալ քրիստոնյա, ապա կզարդարի սուլթանի հարեմը»:

Քար լռություն է տիրում. ոչ ոք սիրտ չի անում արժանավայել պատասխան տալ դեսպանին: Միայն Զաքարեն է ոտքի կանգնում, հարվածում լկտի դեսպանի դեմքին, որը ուշագնաց է լինում: Երբ դեսպանին ուշքի են բերում, Զաքարե Զաքարյանն ասում է.

-Նախ հարկ էր լեզուդ կտրել, ապա և գլուխդ, բայց քանի որ դեսպան ես` խնայում եմ քեզ: Գնա, ասա տիրոջդ, որ Զաքարեն սրով կտա իր պատասխանը:

Եվ հայոց զինավառ բանակը արշավելով արևմուտք` Բասենի ճակատամարտում իսպառ ջախջախում է Իկոնիայի սուլթանության զորքերին:

Հատկանշական է Զաքարեի ձեռնարկած արշավանքը Արդաբիլի վրա: 1209 թ. գարնանը հայոց բանակը և ազնվականությունը գտնվում էին Թիֆլիսում` վրաց արքունիքի հետ համատեղ Զատիկ էին նշում, երբ Արդաբիլի սուլթանը գողեգող հարձակվեց Անիի վրա, գրավեց անպաշտպան քաղաքը, եկեղեցիներում այրել տվեց 12000 հայերի ու փախավ:

Զաքարեն, վերադառնալով Թիֆլիսից, պատերազմ հայտարարեց Արդաբիլի սուլթանին և բացեիբաց հայտնեց նրան իր ռազմական գիծը, թե երբ և որքան զորքով կլինի Արդաբիլի պարիսպների տակ:

Գրավելով Արդաբիլը` նա հրամայեց քաղաքը ավերի ու կողոպուտի ենթարկել, մզկիթներում այրել 12000 իշխանավոր-ազնվականների:

Զաքարեն հայոց նորաթուխ պետության մեջ վարչական բարեփոխումներ իրականացրեց: Նա, սակայն, չկիրառեց Բագրատունյաց թագավորության կենտրոնախույս մոդելը: Երկիրը բաժանեց առանձին ռազմական միավորումների` կողմնակալությունների, որոնց վրա կառավարիչ-զորապետներ կարգեց իր աչքի ընկած զորավարներից: Հայաստանում Արշակունյաց և Բագրատունյաց շրջանների նախարարական տների փոխարեն առաջնային տեղեր զբաղեցրին Վաչուտյանները, Օրբելյանները, Պռոշյանները, Խաչենի իշխանները:

XIII դարում Հայաստանում, հատկապես հյուսիսային մասում` Լոռիում, հայ-քաղկեդոնական հոծ համայնք կար, և հաճախ էին կրոնական սուր վեճեր ու ընդհարումներ լինում հայ առաքելականների և հայ քաղկեդոնականների, ինչպես նաև հայ և վրաց հոգևորականների միջև: Կրոնական հարցերը քննարկելու և լարվածությունը վերացնելու նպատակով Զաքարե Զաքարյանը նախ Լոռիում 1205 թ., ապա և Անիում 1207 թ. եկեղեցական ժողովներ գումարեց:

Սակայն հայ կղերականների կոշտ դիրքորոշման պատճառով` Զաքարեի վարած կրոնական հանդուրժողական քաղաքականությունը տապալվեց, դա հետագայում պակաս դեր չխաղաց Զաքարյան Հայաստանի կործանման գործում:

Մեծ զորավարն ու արքան մահացավ 1212 թ. ու թաղվեց տոհմական դամբարանում` Սանահինի վանքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: