Հայերեն   English   Русский  

«Հետպատկերներ» ֆիլմով մեկնարկեց լեհական կինոյի օրը «Ոսկե ծիրանում»


  
դիտումներ: 1881

Լեհ հայտնի կինոյի և թատրոնի սցենարիստ, ռեժիսոր Անջեյ Վայդան հետմահու պարգևատրվեց Փարաջանովյան թալեր մրցանակով։ Մրցանակը հանձնվեց Հայաստանում Լեհաստանի դեսպան Եժի Մարեկ Նովակովսկուն։

«Լեհական կինոյի մեծ վարպետ Անջեյ Վայդան կյանքից հեռացավ անցյալ տարի, և հենց այդ ժամանակ նա պետք է մասնակցեր փառատոնի մեկնարկին և ստանար իր համար նախատեսված մրցանակը։ Այսօր ես եմ ընդունելու նրա համար նախատեսված մրցանակը, դա ինձ համար դա մեծ պատիվ է»,- ասաց դեսպանը։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հարգանքի տուրք» խորագրի ներքո ցուցադրվեց Վայդայի վերջին ֆիլմը՝ նկարահանված 2016 թվականին։ Այն կոչվում է «Հետպատկերներ»։

Ինչպես նշեց մրցանակաբաշխությանը ներկա ֆիլմի պրոդյուսերը, ֆիլմի անվան իմաստը հասկանալի է դառնում միայն այն դիտելուց հետո։

Անջեյ Վայդան 50-ից ավելի ֆիլմերի ռեժիսոր է և մոտ 30 ֆիլմի սցենարի հեղինակ։ Նա արժանացել է 40-ից ավել կինոմրցանակների և մի շարք երկրների հեղինակավոր պետական պարգևների։

Անջեյ Վայդա

«Հետպատկերներ» ֆիլմը պատմում է հայտնի նկարիչ Վլադիսլավ Ստշեմինսկու մասին։ Հետպատերազմյան Լեհաստանում հայտնի նկարիչ Վլադիսլավ Ստշեմինսկին դասավանդում է Լոձի կերպարվեստի ազգային դպրոցում: Որպես մեծ արվեստագետ և ունիզմի տեսության համահեղինակ Ստշեմինսկին հայտնի է դարձել Երկրորդ աշխարհամարտից առաջ: Ուսանողներն ընդունում են նրան որպես «արդի նկարչության մեսիա», այնինչ համալսարանական ղեկավարությունը և Մշակույթի նախարարությունը այլ կարծիքի են:

Ի տարբերություն սոցռեալիզմին հավատարիմ և կոմկուսի առաջադրանքները կատարող արվեստագետների՝ Ստշեմինսկին չի դավաճանում իր արվեստին: Նա հրաժարվում է ենթարկվել կուսակցության հաստատած կարգերին, ինչի համար էլ, ի վերջո, վտարվում է համալսարանից և Նկարիչների միությունից, որոնց հիմնադիր անդամ էր: Կարժ ժամանակ առաջ նրա արվեստով հիացող մարդիկ այժմ երես են թեքում նրանից՝ պատճառաբանելով, թե նոր ժամանակներ են։ Բայց Ստշեմինսկու ուսանողները շարունակում են սատարել ուսուցչին՝ հաճախելով նրա մասնավոր դասախոսություններին: Գրառում են ուսուցչի Մտապատկերի տեսությունը և ունկնդրում իրենց գործերի նրա քննադատությունը: Բայց գործազուրկ Ստշեմինսկու վիճակը կորցրած ձեռքի ու ոտքի պատճառով վատանում է, շուտով նա ընկնում է աղքատության գիրկը, մինչդեռ կոմունիստական իշխանությունները մնում են անսասան նրան կործանելու իրենց գործողությունների մեջ:

Հետպատկերներ

Ֆիլմ արդիական է նաև մեր օրերի և հայ իրականության համար՝ ներկայացնելով հակառակ ամեն ինչին իր գաղափարներին հավատարիմ մնացող արվեստագետի օրինակը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: