Հայերեն   English   Русский  

​Թիմում ընդգրկեք մարդկանց, որոնց հետ հանցանքի կգնաք. Գերմանացի կինոռեժիսորի խորհուրդները


  
դիտումներ: 5444

Լավ ֆիլմ ստանալու համար պետք է մանիպուլացնել լույսն ու մութը, ժամանակը, ռիթմը, տարածությունը, կոմպոզիցիան, «Թումոր» ստեղծարար կենտրոնում վարպետության դասի ժամանակ հայտարարեց գերմանացի հայտնի կինոռեժիսոր և օպերատոր Ֆրեդ Քելեմենը:

Նրա խոսքով` 20–րդ դարի առաջին կեսին բնորոշ էր, որ արվեստի ոլորտից էին մասնագետներն անցնում կինոյի ոլորտ, հետևաբար նրանց աշխատանքներում կարելի էր նկատել գեղարվեստի առկայությունը, լույսի և կոմպոզիցիայի մասին խորը գիտելիքները: Մինչդեռ այսօր մեծ փոփոխություններ են տեղի ունենում. hեռուստատեսությունն ու ֆիլմերը մեր առօրյայի անբաժան մասն են դարձել:

Քելեմենի խոսքով` մերօրյա ֆիլմերը, չհաշված բացառությունները, ունեն շատ նման դրամատուրգիա, մոնտաժ, լուսավորություն և այլն: Շատ ռեժիսորներ, տուրք տալով բնականություն ապահովելու ձգտմանը և օգտվելով հանգամանքից, որ թվային տեսախցիկները լույս շատ չեն պահանջում, այլսև առանց հատուկ լուսավորության են աշխատում:

«Կարևոր է հասկանալ, որ լույսն արվեստագետի գործիք է: Այն միայն ինչ-որ բան տեսանելի դարձնելու համար չէ: Լույսի հետ աշխատանքը նշանակում է նաև աշխատանք մթի հետ»,- ասում է նա: Քելեմենը շեշտում է, որ լույսի միջոցով է պատկերին ռիթմ, կառուցվածք, լարվածություն հաղորդվում, դրա միջոցով ես ուշադրություն հրավիրում ինչ-որ բանի վրա կամ շեղում ինչ-որ բանից:

Նա վստահ է` լույսը կադրին ոչ միայն խորություն, նաև բովանդակություն է հաղորդում:

Ռեժիսորը նշում է, որ ժամանակակից նկարահանումների ընթացքում հաճախ ռեժիսորները լույսերով ցանկալի էֆեկտը ստանալու փոխարեն դա թողնում են մոնտաժին: «Այսօր ֆիլմերն ավելի շատ դիզայներական աշխատանքի արդյունք են, քան նկարահանման»,- ասում է նա` հավելելով, որ այս պարագայում ռեժիսորն ավելի շատ է կախված տեխնիկայից ու զանազան ծրագրերից, մինչդեռ լույսերի ճիշտ կիրառությունը նրան ազատություն կապահովի:

Պատասխանելով թումոցիների հարցին, թե ինչից պետք է սկսել ֆիլմի նկարահանումը, գերմանացի կնիոռեժիսորն ասում է, որ նախ պետք է հասկանալ` ինչ ես ուզում ասել հանդիսատեսին և ինչպես ես ուզում ասել: «Նախապես պետք է ֆիլմը լավ պատկերացնեք: Կարևոր է նաև լավ անձնակազմ ունենալը»,- ասում է նա` հավելելեով, որ անգամ լավ գաղափարը ձախողման կմատնվի, եթե նկարահանող թիմը ճիշտ ընտրված չլինի:

«Թիմ ընտրելիս ընտրեք մարդկանց, որոնց հետ հանցանքի կգնաք, մարդկանց, որոնք լավագույնն ն իրենց ոլորտում, որոնց վստահում եք և որոնց հետ համերաշխ եք»,- ասում է նա: Սակայն այս ամենն անգամ ունենալուց հետո գաղափարը հաջողությամբ չի պսակվի, եթե չկան բավարար ֆինանսական միջոցներ:

Քելեմենի խոսքով` ֆիլմը հաղորդակցության ձև է, և չի կարող ստեղծվել այնպիսի ֆիլմ, որը դուր կգա բոլորին անխտիր: «Ֆիլմը շատ անձնական առաջարկ է, որն անում եք մարդկանց: Ոմանք կարող են դրական արձագանքել, ոմանք` բացասական»:

Գերմանացի ռեժիսորը կիսվում է նաև իր մտահոգություններով. Ասում է, որ ճիշտ է, շարժապատկերը որպես այդպիսին կա, սակայն նյութական ֆիլմը մեռնող արվեստ է դարձել:

Ֆրեդ Քելեմենը ծնվել է Արևմտյան Բեռլինում: Ուսանել է նկարչություն, երաժշտություն, փիլիսոփայություն, կրոնագիտություն, դրամա և տարբեր թատրոններում ռեժիսորի ասիստենտ եղել: 1989-94 թթ. ռեժիսուրա և օպերատորական արվեստ է ուսանել Բեռլինի Գերմանական կինոյի և հեռուստատեսության ակադեմիայում: 1995-ին Քելեմենն իր դիպլոմային ֆիլմի՝ «Ճակատագրի» համար արժանացել է Գերմանիայի ազգային կինոմրցանակին: Այդ ժամանակից ի վեր մի շարք ֆիլմեր և տեսաֆլմեր է նկարահանել որպես ռեժիսոր, իսկ որպես օպերատոր համագործակցել մի շարք հեղինակավոր ռեժիսորների հետ:

Ֆրեդ Քելեմենը Ամերիկյան, Եվրոպական, Գերմանական կինոակադեմիաների և Եվրոպայի մշակութային խորհրդարանի անդամ է:

Նրա «Սարայեվոյի սգերգեր» ֆիլմը ներկայացված է կինոփառատոնի Խաղարկային ֆիլմերի մրցույթում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: