Հայերեն   English   Русский  

​Մշակութային շաբաթ


  
դիտումներ: 7117

Հուլիսի 14-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Հրաչ Բեգլարյանի «Արծվաբույն» դրաման:

Բեմադրությունը՝ Դավիթ Հարությունյանի: Նկարիչ՝ Սեդրակ Վելիկոդնի: Կոմպոզիտոր՝ Արման Էլբերտ: Գլխավոր դերերում՝ Ջուլիետա Ստեփանյան, Մարիամ Դավթյան, Ծովինար Մարտիրոսյան, Անդրանիկ Զաքարյան:

Արցախյան սահմանամերձ, ռմբակոծված Քարակապ գյուղի միակ բնակելի տանն ապաստանում է Երևանից ժամանած ռադիոթղթակից Սոնան։ Հայաստանի տարբեր շրջաններից կազմավորված ջոկատի շնորհիվ երկու անգամ ձեռքից ձեռք անցած Քարակապն ազատագրվել է, սակայն մնում է ռմբակոծության տակ։ Իրադարձությունների ընթացքում պարզ է դառնում ռադիոթղթակցի Քարակապ գալու իրական դրդապատճառը։

Հուլիսի 15-ին Երևանի պետական կամերային թատրոնում կներկայացվի «Կառավարական համերգ» երաժշտական շոուն: Սցենարի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Արա Երնջակյան: Լրացել է «Կառավարական համերգ» բեմադրության 30 տարին։ Հազարից ավելի ներկայացում, կես միլիոնից ավելի հանդիսատես աշխարհի տարբեր մայրցամաքներում՝ Ասիայում, Եվրոպայում, Ամերիկայում։

Հուլիսի 15-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Երևանի պետական կամերային երգչախմբի համերգը: Գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար՝ Հարություն Թոփիկյան: Ծրագրում` Կոմիտաս, Է. Հովհաննիսյան, Ս. Եկիմով, Վ. Վայներ, ջազային փոխադրումներ: Մենակատարներ` Գագիկ Հարությունյան, Սարգիս Մինասյան, Մերգելոս Ամիրխանյան, Թամարա Մոսինյան, Վահագն Վարդազարյան:

Հուլիսի 17-ին, ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Վարդուհի Խաչերյանի «Գտնված երազ» ցուցահանդեսի բացումը: Միջոցառումը նվիրված է Վարդուհի Խաչերյանի՝ կյանքից վաղաժամ հեռացած դստեր հիշատակին։ «Դստեր վաղաժամ մահը Վարդուհի Խաչերյանին հուսահատեցրել էր, բայց նա նկարչության միջոցով կարողացավ գտնել իր սփոփանքը: Վարդուհին երազում էր նաև իր ցուցահանդեսը նվիրել դստերը, և այդ երազանքը իրականություն է դառնում»,- նշում է միջոցառման նախաձեռնող Սոնա Ղազարյանը: Մուտքն ազատ է:

Հուլիսի 18-ին Երևանի պետական կամերային թատրոնում կներկայացվի «Մեկը վերևից» երաժշտական երգիծական մոնոներկայացումը: Հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Արտյոմ Մարկոսյան: Սցենարը՝ Արտյոմ Մարկոսյանի, Արմեն Վարդանյանի: Պրոդյուսերներ՝ Արտյոմ Մարկոսյան, Կարեն Հակոբյան:

Հուլիսի 19-ին Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում կներկայացվի Աստղիկ Սիմոնյանի «44 աստիճանի վրա» դրաման: Բեմադրիչ՝ Զոհրապ Բեկ-Գասպարենց: Դերասաններ՝ Վարշամ Գևորգյան, Տաթև Ղազարյան, Կարեն Խաչատրյան:

Ա. Սիմոնյանի «44 աստիճանի վրա» պիեսը (ըստ Տ. Հայրապետյանի պատմվածքի) մեզ կարծես տանում է աշխարհի ծայրը, ուր մի հյուղակում ապրում են հայրենադարձ Մգրոն և նրա կին Սիրանույշը, որոնք հրաժարվել են իրենց բարեկեցիկ ամերիկյան կյանքից հանուն Հայաստանի: Բայց Հայաստանն օրեցօր դատարկվում է, հեռանում են բոլորը, նույնիսկ՝ նրանց հույսի աղբյուրը… Բայց հույսը երբեք չի մեռնում, երբ հավատում ես դրան:

Հուլիսի 19-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կներկայացվի Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետը: Լիբրետտոյի հեղինակ՝ Թագվոր Նալյան, բեմադրությունը՝ Երվանդ Ղազանչյանի, դիրիժոր՝ Յուրի Դավթյան, ռեժիսոր՝ Շուշանիկ Գևորգյան, նկարիչ՝ Ռոբերտ Էլիբեկյան, խմբավար՝ Շուշան Հովհաննիսյան, պարերը՝ Աննա Կարապետյանի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: